6 դեկտեմբեր, 2019 12:03

Ղարաբաղյան ճոճանակ. Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը «Կոմերսանտ»-ում

Ռուս հայտնի քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել Ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլի մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարների խորհրդի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հերթական փուլը: Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը հինգերորդ հանդիպումն էր անցնող 2019 թվականին։ Դրան գումարենք Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրագույն ներկայացուցիչների հետ բանակցությունները և միջնորդ դիվանագետների տարածաշրջանային այցերը: Ակնհայտ է բանակցային գործընթացի ինտենսիվացումը։ Մի խնդիր. հանդիպումների և շփումների քանակը չի անցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնական լուծումների որակի, որն Անդրկովկասում անվտանգության ամենաբարդ խնդիրն է ։

Հակամարտության կողմերը պատրաստ չեն զիջումների բոլոր առկա հարցերի շուրջ (Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ շրջանների դեօկուպացիան, փախստականների վերադարձը): Այս տարվա մայիսին լրացավ Լեռնային Ղարաբաղում անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ուժի 25 տարին։  Բայց զինադադարը պարբերաբար խախտվում է։  Եվ մենք տեսնում ենք «ղարաբաղյան ճոճանակի» աշխատանքը, երբ բանակցային նոր փուլերը փոխարինվում են կողմերի՝ «շփման գծում» սրացումներով։

Դա սպառնալիքի միակ աղբյուրը չէ, զինված դիմակայության բռնկումները նշվում են նաև Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով, ինչը պոտենցիալ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ-ի՝ հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներքաշման համար: 2019 թվականի հուլիսին նշվում էր մեկ այլ նշանակալի հոբելյան ՝ այսպես կոչված «հիմնարար սկզբունքների» նորացված տարբերակի հրապարակման տասնամյակը, ըստ որի ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հակամարտող կողմերին խորհուրդ էին տվել համաձայնության գալ։  Սակայն ողջ ընթացքում կողմերը զգալի քայլեր չեն կատարել Բաքվի և Երևանի կողմից առաջարկված կոնկրետ միջոցների իրականացման ուղղությամբ։

Արդյոք այս ամենը նշանակո՞ւմ է, որ շարունակվող բանակցություններն ու տարբեր գագաթնաժողովերի ընթացքում հանդիպումներն անիմաստ են։  Առաջին հայացքից, նրանց արդյունավետությունը ցածր է, քանի որ չկան շոշափելի արդյունքներ, սակայն խնդրին ավելի խորը ծանոթանալու և համարժեք գնահատական տալու դեպքում, թե որ կետում է հակամարտությունը, պատասխանն այդքան միանշանակ չի լինի։ Իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ փոխզիջման հասնելու համար բավարար քաղաքական կամք չեն ցուցաբերում և միևնույն ժամանակ չունեն ռեսուրսներ, որոնք նրանց ճնշող առավելություն կապահովեն։  Հետևանքը այդ նույն «ղարաբաղյան ճոճանակի» շարժումն է, որով դիվանագիտական ձևաչափը համալրվում է ուժային «փորձարկումներով»։

Այս իրավիճակում սկզբունքորեն կարևոր է դառնում հակամարտության կառավարումը։ Եթե տեսանելի ժամկետներում չի ստացվում խաղաղության հասնել, ապա կողմերի՝ «շփման գծում» դեէսկալացիան, միջադեպերի կանխումը և նույնիսկ պարզապես երկխոսության պահպանումը վատ արդյունք չեն։  Այս ամենը օգնում է պահպանել որոշակի փոխգործակցություն, որի այլընտրանքը դիմակայության «ապասառեցումն» է։

Առանց վստահության գոնե նվազագույն մակարդակի՝ հակամարտության կարգավորման բովանդակային երկխոսությունն անհնար է։  Բայց այդ մակարդակին հասնելը, իսկ հեռանկարում դրա բարձրացումը, օդից չի լինելու. հարկավոր է քրտնաջան աշխատանք, որն անտրամաբանական է առանց կանոնավոր հանդիպումների, գագաթնաժողովների ու բանակցությունների։

Թարգմանությունը՝ Մարիա Եղիազարյանի