6 դեկտեմբեր, 2019 11:53

Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ. Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն օդ է և այն տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ․ դեկտեմբերի 6-ին, հրավիրված ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսպես որակեց ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: (Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար)

Մեղադրանքը, նրա խոսքով, որևէ կերպ չի թուլացնում ՀՀԿ-ին, այլ արագացնում է «հականիկոլական ուժերի կոնսոլիդացիան»: «Սա ավարտին է բերում նաև ՀՀԿ-ի վերակառուցման գործընթացը: Այստեղ պետք է ասել՝ շնորհակալաություն քեզ, Փաշինյան Նիկոլ: Այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի և առաջնորդվում է օրվա տեղեկատվական ռումբի էֆեկտներով»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրահանգ չի տվել գյուղացիներին աջակցության ծրագրի շրջանակում պետական միջոցներով դիզվառելիք գնել «Ֆլեշ» ընկերությունից:  

Նա խոստանում է, որ «հականիկոլական ուժերը» շուտով այնպիսի հակահարված են տալու իշխանություններին, որ հետևանքներն իրենց զգացնել կտան: 

«Իշխանությունները պետք է հասկանան, որ նման գործելավոճը թուլացնում է իրենց և, ավաղմ Հայաստանին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ քաղաքական հետապնդումներով լռեցնելով երկրում ընդդիմադիր ձայները՝ իշխանությունը ԼՂ հարցում նեղացնում է իր մանևրելու դաշտը:

«Չի կարողանալու հղում անել երկրի ներսում այդ հարցում ընդդիմադիր շարժումների դիրքորոշումանը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ այսպես իշխանությունները փորձում են կանխել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գործունեությունը: 

«Մենք նախատեսում էինք Սերժ Սարգսյանի այցը մի շարք երկրներ ազգային-պետական օրակարգերով: Եվ հաշվի առնելով, թե ինչ ջղաձգումների մեջ ընկավ իշխանությունը Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո, ապա այս գործողությունների տրամաբանությունը ևս պարզ է դառնում»:

Աշոտյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը թեպետ իրավապահները չեն վերցրել, սակայն դա տեխնիկական խնդիր է․ «Ում նկատմամբ կա կիրառված նման խափանման միջոց, ապա արտասահման մեկնումները կխոչընդոտվեն»։

Ըստ Աշոտյանի՝ հաջորդ տարի նախապատրաստելու են Սերժ Սարգսյանի այցեր այլ պետություներ: 

«Ցանկանում եմ տեսնել, թե ՀՔԾ-ն քանի գլխանի է, որ փորձի խոչընդոտել Սերժ Սարգսյանի այցն արտասահման, ինչպես նաև Արցախ, որը Հայաստանի հետ միասնական ռազմաքաղաքական տարածք է»,- ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի պաշտապանական թիմը կներկայացնի բողոք՝ ներկայացված մեղադրանքն առոչինչ ճանաչելու համար․ «Սերժ Սարգսյանն անձեռնմխելի է, իսկ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Մենք չենք ասում, որ Սերժ Սարգսյանն օրինախախտում է արել, բայց նա անձեռնմխելի է: Ո՛չ, նա անձռնմխելի է և օրինախախտում թույլ չի տվել»։

Աշոտյանը նաև նշեց, որ եթե իշխանությունների հույսն այն էր, որ Սերժ Սարգսյանին «արանքից հանելով», կարող էին չեզոքացել ՀՀԿ-ին, ապա «չարաչար սխալվում են»: 

«ՀՀԿ-ն կվերապրի Սերժ Սարգսյանին էլ,- ասաց նա՝ շարունակելով։- Նրանք պատմություն չգիտեն: ՀՀԿ-ն իր պատմության ընթացքում երեք առաջնորդ է կորցրել՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան և Անդրանիկ Մագարյան: ՀՀԿ-ն վերապրել է դա և ուժեղացել»:

Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դեռ քաղաքական իրողություների ռեստարտի հնարավորություն ունի:

«Հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները՝ Ադրբեջանում իշխանության կոնսոլիդացիա է, Արցախում նախագահի ընտրություններ են սպասվում: Ուստի Հայաստանում ևս, որ մենք ասում ենք, պետք են արտահերթ ընտրություններ, ապա դա միայն ներքին իրողությունների փոփոխման, հանրային կոնսոլիդացիայի հասնելու համար է, որը եթե շատ խորը մտածենք, ապա բխում է նաև Փաշինյանի շահերից», - ասաց Արմեն Աշոտյանը:

Արշալույս Մղդեսյան