7 դեկտեմբեր, 2019 22:20

Էրդողանը հրավիրվել է Մոսկվայում Մայիսի 9-ի զորահանդեսին

Թուրքիայում ՌԴ դեսպանատունը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել 2020թ. մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու հրավերը: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ դեսպանության մամուլի ծառայությանը:

«Թուրքիայի նախագահի անունով հրավերը փոխանցվել է սահմանված կարգով։  Սպասում ենք նրա որոշմանը»,- դեսպանության պատասխանը փոխանցում է պարբերականը։

Թուրքիայի նախագահի վարչակազմը և Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը հրապարակման պահին չեն պատասխանել «Իզվեստիա»-ի հարցմանը:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը տեղի կունենա 2020-ի մայիսի 9-ին, Մոսկվայում: Ռուսաստանը պաշտոնական հրավերներ է ուղարկել նաև ԱՄՆ նախագահին Դոնալդ Թրամփին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին,  ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարներին, եվրոպական առաջնորդներին։

Մայիսի 9-ի հանդիսություններին իրենց մասնակցությունը հաստատել են Հնդկաստանի, Կուբայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Վենեսուելայի, Բելառուսի, Հայաստանի, Բուլղարիայի, Սերբիայի ղեկավարները:

#CivilNet #News