7 դեկտեմբեր, 2019 11:57

Ֆինանսների նախարարը դեմ է առողջության պարտադիր ապահովագրությանը

Կառավարության ֆինանսական բլոկի ներկյացուցիչները դեմ են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, որը, ըստ հայեցակարգի, նախատեսվում է ներդնել 2022-ին:

Այս մասին դեկտեմբերի 7-ին հրավիրած ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը:

Վերջին շրջանում բուռն քննարկվում է առողջապահության նախարարության ներկայացրած հայեցակարգը Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու մասին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել առողջության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Նախաձեռնության կողմնակիցները նշում են ամբողջ բնակչության համար առողջապահական ծառայությունների հասանելիության կաևորության մասին, իսկ ընդդիմախոսները «նախագիծը համարում են շատ մեծ սխալ»:

Տե՛ս նաև՝ 

Առողջության համապարփակ ապահովագրություն. ինչ է պետք իմանալ հայեցակարգի մասին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է՝ ինչպես է տեսնում բժշկական համապարփակ ապահովագրությունը

Ֆինանսների նախարարն այստեղ հակասություն է տեսնում կառավարության՝ հարկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության հետ, որի նպատակն է հավելյալ միջոցներն ուղղել տնտեսություն: «Մի կողմից մենք գնում ենք հարկային բեռի նվազեցման ճանապարհով, ԱԺ-ում ընդունվել է հարկային օերնսգիրքը, որպեսզի տնտեսվարողների մոտ գոյանան հավելյալ միջոցներ և ուղղվեն տնտեսություն: Սակայն ստացվում է, որ մենք մի կողմից դա ենք անում, միյուս կողմից էլ նորից ավելացնում ենք հարկային բեռը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարն ընդունում է, որ առողջապահության հարկային բեռն ընկնում է ոչ թե տնտեսվարողների, այլ վարձու շախատողների վրա, սակայն մեծ հաշվով, նրա կարծիքով, սա բեռ է տնտեսության վրա:

«Սա, իհարկե, հարցի մի միայն ֆինանսական կողմն է, սակայն կա նաև մյուս կողմը: Պետությունը որոշակի գումարներ է տրամադրում հանրային առողջապահության ապահովման համար, երկու այդքան էլ ծախսում են քաղաքացիները, սակայն անգամ այդ միջոցների շրջանակում տրամադրված ծառայություններից կան դժգոհություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հայեցակարգը դեռ համակողմանի քննարկման կարիք ունի:

Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունն «առողջապահական հարկի» մասով չունի նաև կոմպրոմիսային տարբերակ: «Մեր ցանկությունը զրոն է, որ ոչ մի նոր հարկային բեռ չավելացվի: Միևնույն ժամանակ, առաջարկված տարբերակը կարող է բերել նրան, որ առողջապահական ծախսերն իր վրա վերցնի պետությունը, այսինքն՝ առկա պետպատվերի տարբերակով: Այստեղ խնդիր կա նաև այն առումով, թե ով է սա անելու»,- ասաց նախարարը:  

Նախարարությունում նշում են՝ խոսքը ներառական համակարգի մասին է, համաձայն որի՝ առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ:

Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ:

Հայեցակարգում նշվում է, որ առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա։ Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150 000 դրամ և ավելի եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021-ից նախատեսվում է սահմանել եկմտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:

Նախագծի ընդդիմախոսները նշում են առաջարկվող մոդելի ոչ արդարացի լինելու մասին: Նրանց կարծիքով՝ աշխատողները փաստացի պետք է վճարեն չաշխատողների առողջապահական ծախսերի համար:

Արշալույս Մղդեսյան