8 դեկտեմբեր, 2019 18:22

Հայաստանում փոփոխությունները մեծ ազդեցություն են ունեցել Ադրբեջանի վրա․ Էմիլ Սանամյան

Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ին քվեարկեց ինքնալուծարման օգտին՝ հող նախապատրաստելով հաջորդ տարվա սկզբին արտահերթ ընտրությունների համար: Նույն օրը կառավարությունը հայտարարեց, որ ինքնակազմակերպվում է կաբինետի նոր կազմին համահունչ լինելու համար։ Ենթադրվում է, որ այս փոփոխությունների նպատակն է նախագահ Իլհամ Ալիևից իշխանության փոխանցումը նրա կնոջը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանին մեկնաբանում է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները:

- Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում: Արդյոք իշխանությունն իսկապե՞ս փոխանցվում է Մեհրիբան Ալիևային։

- 2003-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Իլհամ Ալիևը իշխանությունը կիսում էր իր հոր նշանակած պաշտոնյաների և նախևառաջ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հետ։ Ալիևը ստիպված էր դա անել, քանի որ մտահոգված էր այն վտանգներից, որ կարող էին գալ ինչպես հոր վաղեմի հակառակորդներից, այնպես էլ իր ընտանիքի անդամներից, ինչպիսին է նրա հորեղբայրը՝ Ջալալ Ալիևը։

Սկզբնական այդ սպառնալիքների չեզոքացումից հետո Ալիևը վերջին տասնամյակի ընթացքում մի քանի փորձ ձեռնարկեց ամրապնդելու իր իշխանությունը՝ պաշտոնների նշանակելով ավելի երիտասարդ և իրեն անմիջականորեն հավատարիմ մարդկանց: Սակայն այդ ջանքերը բախվում էին Մեհտիևի և նրա կողմնակիցների քողարկված, երբեմն էլ բացահայտ հակազդեցությանը: Դա տեղի ունեցավ, օրինակ, 2015-ին, երբ ձերբակալվեց Ադրբեջանի խոշորագույն բանկի ղեկավար Ջահանգիր Հաջիևը, աշխատանքից ազատվեց նրա փեսան և ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը և լուծարվեց այդ նախարարությունը։ Բոլորովին վերջերս, անցած տարվա հունիսին, պաշտոնանկ արվեց նաև Մահմուդովի հետնորդ Մեդետ Գուլիևը՝ մեկ այլ գործիչ, որը մոտ է Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային։ Անցած տարիներին Իլհամ Ալիևի կադրերն ազատվում էին նախագահի աշխատակազմից, որն Ադրբեջանում ուներ այնպիսի գործառույթներ, ինչպիսիք խորհրդային տարիներին ուներ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն։ Ընդ որում՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցներն ավելի ազդեցիկ էին, քան կառավարության անդամներից շատերը:

Հոկտեմբերին Ալիևը հայտարարել էր, որ այլևս չի հանդուրժի իշխանության ներսում այդ պառակտումը, և որ ինքը աշխատանքից կազատի այն պաշտոնյաներին, որոնք իր դեմ են աշխատում: Դրան հաջորդեց Մեհտիևի և նրա մի շարք տեղակալների հրաժարականը նախագահի աշխատակազմում։ Մեհրիբան Ալիևայի աշխատակազմից կամ նրա հետ ընտանեկան կապեր ունեցող այսպես կոչված Փաշաևների կլանից պաշտոնների նշանակվեցին մի շարք մարդիկ՝ փոխարինելով նրանց, ովքեր այդ պաշտոններին էին շուրջ երկու տասնամյակ:

Թեև Մեհրիբան Ալիևան Իլհամ Ալիևի իրավահաջորդ է համարվում արդեն մեկ տասնամյակ, և նրա դերն ավելի է բարձրացվել որպես առաջին փոխնախագահ, նաև՝ վերջերս Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմամբ, ժամանակը ցույց կտա, թե արդյոք Ադրբեջանում տեղի կունենա իշխանության պաշտոնական փոխանցում Ալիևային: Մեծ հանելուկ է Իլհամ Ալիևի առողջական վիճակը։ Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Ալիևը բացակայել է ընդհանուր առմամբ ավելի քան երկու ամիս՝ սահմանափակելով իր հրապարակային ելույթներն ու արտասահմանյան ուղևորությունները, ինչը տեղիք է տվել ենթադրությունների, որ նա հիվանդ է և բուժվում է: Բայց ներկայում, կարծես, նրա առողջական վիճակը նորմալ է։

- Խոսակցություն կա նաև նախագահական արտահերթ ընտրությունների մասին։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։ 

- Նախագահական արտահերթ ընտրությունների մասին խոսակցություն չեմ լսել։ Կասկածում եմ, որ դրանք տեղի կունենան, եթե, իհարկե, Ալիևը ի վիճակի չլինել կատարելու իր պարտականությունները։ Ըստ Սահմանադրության, եթե ինչ-որ բան տեղի ունենա Իլհամ Ալիևի հետ, իշխանությունը կանցնի Մեհրիբան Ալիևային։ Քիչ հավանական սցենարի դեպքում, եթե նրանց երկուսի հետ ինչ-որ բան պատահի, իշխանությունը կանցնի վարչապետ Ալի Ասադովին, որը նույնպես մոտ է Փաշաևների կլանին։

Այն, ինչ նախատեսված է այժմ, նախարարների կաբինետի հետագա փոփոխություններն են և հլու Միլի մեջլիսի ձևավորումը: Դա կլինի «կադրային սպանդի» շարունակությունը, որն արդեն սկսվել է։ Ալիևները կասկածով են վերաբերվում մի շարք պաշտոնյաների, հատկապես՝ կառավարության անվտանգության բլոկում և Մեջլիսում Մեհտիևի մարդկանց, և չեն ցանկանում նրանց ժամանակ տալ վերախմբավորվելու: Դա նաև հնարավորություն կտա խորհրդարանում ներգրավել նվազ կոնֆլիկտային ընդդիմադիրների, ինչպիսիք են նախկին քաղբանտարկյալ Իլգար Մեմեդովը, և մարգինալացնել հին ընդդիմությանը, Ժողովրդական ճակատին,  Մուսավաթին, ինչպես նաև Մեհտիևին:

- Որքանո՞վ է 2018-ի հայկական հեղափոխությունն ազդել Ադրբեջանում ներքաղաքական և հասարակական տրամադրությունների վրա: Ադրբեջանում սոցիալական պայթյունի նշաններ կա՞ն:

- Ես կարծում եմ, որ եթե կա մի երկիր, որի վրա պատմականորեն Հայաստանն ազդել է, դա Ադրբեջանն է։ Դա տեղի ունեցավ, մասնավորապես, 20-րդ դարի սկզբին և 1980-ականների վերջին։ Հայաստանում վերջին փոփոխությունները մեծ ազդեցություն են ունեցել նաև Ադրբեջանի վրա։ Մեծ հաշվով, «հին կադրերի» դեմ Ալիևի արշավը փորձ է խլելու քաղաքական նախաձեռնությունն ընդդիմությունից, որի բողոքներն այս տարվա սկզբին ի ցույց դրեցին տարիների ընթացքում չտեսնված ուժը: Միաժամանակ, Ալիևը զիջումների է գնացել շատ քաղբանտարկյալների ազատ արձակման և սոցիալական ծախսերի ավելացման առումով։

Ես կարծում եմ, որ սոցիալական պայթյունի հնարավորությունը շատ մեծ է, հատկապես այն պատճառով, որ վերջին տասնամյակների ընթացքում այլախոհության դրսևորման շատ քիչ հնարավորություններ են եղել։ Ռեժիմի ընդդիմախոսները հեռացվել են քաղաքականությունից, բանտարկվել և դաժան վերաբերմունքի ենթարկվել։ Հասարակական տրամադրության արտահայտությունն անցյալ տարի եղավ, երբ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը լայնորեն ողջունվեց։ Ռեժիմի հետագա բռնաճնշումներն այս գործով, ինչպես նաև այսպես կոչված՝ «հայ լրտեսների» գործը, ըստ հաղորդումների, տասնյակ մարդկանց մահվան է հանգեցրել անմարդկային վերաբերմունքու ու կտտանքների պատճառով։ Այս ամենը պետք է որ շատ մարդկանց զայրույթը հարուցած լինի։ Ժամանակը ցույց կտա, թե արդյոք Ալիևին կհաջողվի այդ զայրույթն իր վրայից ուղղել «հին կադրերի» վրա։ Դա կերևա Մեջլիսի ընտրություններում հաջորդ տարվա սկզբին։

- Ինչպես կարող է այս ամենը ազդել Ղարաբաղի խնդրի վրա:

- Վերջին երկու տարիների ընթացքում նկատել է ճնշման նվազում, որը Ալիևը կիրառում էր շփման գծում։ Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ Ալիևն ինքը դեէսկալացիայի առիթ էր փնտրում, քանի որ առաջնագծում մարտական սրացումները, որ շարունակվում էին 2014-ից և ավարտվեցին 2016-ի ապրիլին, թանկ էին նստում նաև Ադրբեջանի վրա։ Հատկանշական է, որ Ալիևը դեէսկալացիան սկսել է դեռ մինչև հայկական հեղափոխությունը։ Հայաստանում նոր կառավարության ի հայտ գալը նրան նոր առիթ է տվել բանակցություններում ներգրավվելու և անգամ իր երբեմնի քաղաքականությունը փոխելու՝ հնարավորություն տալով կիսապաշտոնական մակարդակով փոխաայցերի։

Մեհտիևի և նրա գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովի հեռացումը ևս հնարավորություն է թարմացնելու Ադրբեջանում տիրող քարոզչական նարատիվը, որ հայերին պատկերում էր որպես Ադրբեջանի հավերժական թշնամիներ, իսկ Հայաստանը՝ որպես փլուզման եզրին գտնվող պետություն։ Ժամանակը ցույց կտա, թե արդյոք ու ինչ չափով կփոխվեն այդ նարատիվները։  

Սակայն չպետք է մոռանալ, որ Ղարաբաղի շուրջ հիմնարար տարաձայնությունները մնում են, և ռազմական էսկալացիաները՝ զենքի ավելի լայն կիրառմամբ, այդ թվում՝ ռազմական անօդաչու սարքերի, շատ հավանական են ապագայում։  Ադրբեջանում Ալիևի քաղաքական վերադասավորումները կարող են նաև առիթ դառնալ Հայաստանի վրա դիվանագիտական նոր հարձակման համար։  Կարճաժամկետ հեռանկարում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարները կենտրոնացած են լինելու ներքին խնդիրների վրա՝ պաշտպանելու և ամրապնդելու իրենց իշխանությունը։

Read the interview in English