12 դեկտեմբեր, 2019 14:38

Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրինագծին

Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծին ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին։ Այն ներկայացրել էր արդարադատության նախարարությունը։

Նախարարությունը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներն իրենց էությամբ ուղղված չեն հանցավոր ակտիվների շրջանառությունը կանխելուն։ Ըստ օրենքի՝ ապօրինի է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Գույքը կարող է բռնագանձվել, եթե կա դատարանի վճիռ, իսկ դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, որը համարվում է ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերը, որը դատարանում հանդես է գալու որպես պատասխանող։ Բռնագանձվող գույքը կարող է կա՛մ լինել հօգուտ Հայաստանի կամ այդպիսի գույքի նկատմամբ հիմնավոր պահանջ ունեցող այլ պետության։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց՝ արդյոք միայն պաշտոնատար անձի գույքի ծագմամբ են հետաքրքրվելու իրավապահները, թե դա վերաբերում է նաև օտարերկրյա ներդրողներին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ հանցագործության դեպք, ազդակներ պետք է լինեն, ինչից հետո միայն իրավապահները կարող են զբաղվել։ 

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինչ է լինելու, եթե ապօրինի գույքը կրիպտոարժույթ է, օֆշորային ընկերության գույք կամ ինչով է օրենքն օգնելու արտասահման տարված ակտիվները վերադարձնելուն։ Նա մտավախություն հայտնեց, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձումը կարող է արդիական չլինել։ 

Ի պատասխան՝ Բադասյանը շեշտեց՝ եթե քրեական գործ է հարուցվում, ձեռք է բերվում տվյալ, որ իքս պաշտոնատար անձը օֆշորային երկրում ունի անշարժ  գույք, որը գրանցված է այլ անձի անունով, համապատասխան մարմինները կդիմեն միջազգային փոխօգնության, ապացույց կհավաքվի, կներառվի փաստացի գույքի ծավալում ու կպահանջվի տեղեկություն դրա օրինական ծագման մասին, եթե չտրամադրվի՝ բռնագանձման առարկայի մեջ կներառվի։ 

Քննարկում ծավալվեց նաև, թե ինչ վաղեմության գործեր են ընդգրկվելու այս մեխանիզմի ներքո։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ստանալ պատասխան, թե ինչու են օրենքի նախագծում ֆիքսել տասը տարվա վաղեմությունը, մանավանդ, որ նշված ժամկետի սահմանումը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ։ «Տասը տարվա չափը հիմնված է երկու փաստարկի վրա՝ մեկը, որ ապացույցների պահպանվածության հարց կա»,- պատասխանեց արդարադատության նախարարը։ Փաշինյանի պնդմամբ, սակայն, վաղեմության ժամկետ սահմանվեց 1991 թվականը։ 

Մկրտիչ Կարապետյան