13 դեկտեմբեր, 2019 07:18

ԱՄՆ Սենատը միաձայն վավերացրեց Հայոց ցեղասպանության Ճանաչման բանաձևը

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը միաձայն քվեարկեց 150-րդ բանաձևի օգտին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը։ Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ Սենատը իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնում այս կարևորագույն պատմական հարցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը։

Ներկայացուցիչների Պալատի 296-րդ և Սենատի 150-րդ բանաձևերը միմյանցից անկախ են՝ արտահայտելով առանձին պալատների դիրքորոշումները և ընթացակարգով չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ամբողջովին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ ևս մեկ քայլ առաջ տանելով համայն հայության պայքարը ուղղված պատմական ճշմարտությանն ու արդարությանը։

Միանման երկու բանաձևերը ունեն երեք կարևոր ուղերձ՝

1․ Բացառում են ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը

2․ Խրախուսում են ԱՄՆ-ի շարունակական ոգեկոչման ու ճանաչման միջոցառումները՝ միտված հիշատակելու այս մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործությունը

3․ Աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Հայոց Ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ կանխարգելելու մերօրյա նմանօրինակ հանցագործությունները։

ԱՄՆ Սենատը օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվելիք թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի ենթարկելով իրենց իսկ հեղինակությունն ու աշխատանքը։