13 դեկտեմբեր, 2019 15:49

Ինչպես Հայաստանի նախկին կառավարությունները, մեր կառավարությունը ևս պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել․ Նիկոլ Փաշինյան

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել»,- ասել է վարչապետը՝ կառավարությունում այսօր պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտի քննարկումից առաջ՝ խոսելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և խոսել դրա կարևորության մասին։

«Եվ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ-ի հայությանը, բոլորն այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործին, և ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղսասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի»,- ասել է Փաշինյանը։

Նշելով, որ Հայաստանը հետամուտ է ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժմանը՝ վարչապետն ասել է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի, և այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից»:

«Ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ավելի ճիշտ այդ քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Եվ գիտեք, որ, ըստ էության, շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը և սա, այս երևույթները, իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են»,- ասել է նա:

«Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Եվ ընդ որում մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ իմ նշած գործառույթների շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը ցավոք, այսօրվա իր դերակատարմամբ իմ նշած քայլերի շրջանակներում որոշակի պատմական աղերսներ է ստանում դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ես նշեցի դեկտեմբերի 9-ի հետ կապված օրվա վերնագիրը՝ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր»: Այո՛, կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ ցեղապանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահն այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արած անպարկեշտ և ցինիկ արտահայտությունները, այո՛, եկան ապացուցելու, որ նման պաշտպանության անհրաժեշտություն կա: Եվ երբ այս բանաձևը ՄԱԿ-ում ընդունվում էր, թերևս այն ժամանակ դժվար կլիներ կանխատեսել, որ այսպիսի իրադարձություններ, հայտարարություններ կլինեն, որոնք լիովին կարդարացնեն նման ձևակերպման արդարացվածությունը»,- ասել է վարչապետը:

Վարչապետի ամբողջական ելույթը՝ այստեղ