20 դեկտեմբեր, 2019 12:51

Մահչուփյանը ընտրվել է Դավութօղլուի կուսակցության գործադիր խորհրդի անդամ

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնադրած «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվել են կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողվների անդամները․ այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախկին վարչապետը նիստի 132 մասնակիցների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է «Ապագա» կուսկացության նախագահ:

Կուսակցության 60 հոգուց կազմված գործադիր խորհրդի անդամների թվում է նաև ազգությամբ հայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը:

Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով: Թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներ, մինչդեռ, Մահչուփյանի հետ կատարվածը կապել են Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելու հանգամանքի հետ։