24 դեկտեմբեր, 2019 17:18

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի քրեական գործը լրացուցիչ քննության կվերադարձվի

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր  Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:

***

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք և իշխանությունը յուրացնելու հոդվածներով (Քրեական օրենսգրքի 300-րդ, 314-րդ հոդվածներ)։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հոկտեմբերի 23-ին Արա Բաբլոյանը ներգրավվել էր որպես կասկածյալ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով։ Արսեն Բաբայանը մեղադրվում է նրանում, որ 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: 

Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացվել է հոկտեմբերի 24-ին։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ 

Նոյեմբերի կեսին Բաբայանը անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։

#ՍիվիլՆեթ #Լուրեր