24 դեկտեմբեր, 2019 10:15

Պետությունը պետք է ապահովի իմ «չուշանալու իրավունքը»

Ես բազմիցս անդրադարձել եմ այս թեմային,  քանի որ ամեն անգամ առնչվում եմ անլուծելի թվացող այս խնդրի հետ: Այօր Երևանում հասկացա, որ այդպես էլ ոչ մի փոփոխություն չկա, քանի որ  ուշացա իմ հանդիպումից՝ մոտ մեկ ժամ շրջելով քաղաքի կենտրոնով, և մեքենաս կայանեցի բավական հեռու իմ հանդիպման վայրից ու դիմեցի տաքսու օգնությանը:

Մեր քաղաքում տեղաշարժվելու մեծ խնդիր կա, ոչ միայն տրանսպորտի, այլև քաղաքաշինության տեսանկյունից: Հազվադեպ կհանդիպես ժամանցի որևէ վայրի, որևէ հաստատության, որոնց շինարարության մեջ տեղ գտած լինի թեքահարթակը։ Չկան նաև հատուկ հարմարեցված ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղիներ, իսկ ինչ էլ որ կա, հարմար կամ համատասխան ստանդարտներից բավական հեռու են:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հայտարարել է Հաշմանդամություն ունեցողների միջազգային օր, որը ՀՀ-ն պետական մակարդակով նշում է: Բացի այդ, մեր երկրում գործող հարյուրավոր հասարակական կազմակերպությունների մեծ մասը պաշտպանում է հաշմանդամություն ունեցողների ոտնահարված իրավունքները և նրանց շահերի պաշտպանությանն ուղղված բազմապիսի ծրագրեր է իրագործում:

Ես երբեք չեմ նկատել ինչ-որ դրական փոփոխություն, քանի որ,  երբ ծրագիր են իրականացնում, չգիտես ինչու մի քանի թեքահարթակ, կայանատեղի, վերնանցումի վերելակ է կառուցվում և վերջ։ Իսկ  ո՞ւր մնաց գլոբալ խնդիրների ամենօրյա լուծումը:

Այդուհանդերձ, մեր երկրում հաշմանդամություն ունեցողն այդպես էլ չի դառնում հասարակության լիարժեք անդամ, և շատ հաճախ ոտնահարվում են մեր իրավունքները:

Մի պահ եկեք մտածենք, որ ունեք տեղաշարժման խնդիր․ ձեզ ի՞նչպես  կզգաք, երբ որևէ կարևոր հանդիպումից ուշանում եք, տեղ չեք գտնում կայանելու, կամ կայանելուց հետո թեքահարթակի բացակայությունն էլ ավելի է բարդացնում ձեր տեղաշարժվելը:

Ո՞նց կզգաք ձեզ այդ իրավիճակում: Ես ինքս բազմիցս բախվում եմ այդ խնդրի հետ, որը իր հեթին շատ ու շատ տհաճությունների է հանգեցնում։ Կարևոր հանդիպումից, աշխատանքից ուշանալու դեպքում թողնում եմ անպատասխանատու մարդու տպավորություն:  Ամենակարևորը, որ ոչ ոքի չի հուզում իմ ուշանալու կամ չներկայանալու պատճառը: Բոլոր այն երկրները, որոնք որոշակի չափով համարվում են զարգացած, առաջի հերթին լուծում են երկրում բարեկեցիկ ու հարմարեցված ապրելու տարրական պայմանները:

Կարծում եմ, որ մեր երկիրն այսօր  ունի զարգացվածության բավարար աստիճան, որպեսզի ապահովի բարեկեցիկ ապրելու  իր՝ թե՛ հաշմանդամություն ունեցող և թե՛ չունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժվելու տարրական պայմաններն ու հարմարությունները: Ամենակարևորը, որ մեր պետությունը չպիտի սպասի որևէ կազմակերպությունից դրամաշնորհ շահելու մեծ ցանկությանը առաջարկած ծրագրերի համար, այլ տեղյակ լինելով բուն խնդրին՝ ջանքեր գործադրի պետական մասշտաբով խնդրին հրատապ լուծում տալու համար:

 

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: