25 դեկտեմբեր, 2019 17:43

«Կենտրոն» ՀԸ–ի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Տեղի ունեցած միջադեպը դատապարտել են մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ։

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում
լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ։
Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և
պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է տարածած հաղորդագրությունում։

#ՍիվիլՆեթ #Լուրեր