25 դեկտեմբեր, 2019 10:51

Ադրբեջանցի դիվերսանտների և հայ պատանդների հարազատները կարող են փոխադարձ այցեր կատարել. Մայիլյանը՝ «Ազատությանը»

Բանակցություններ են ընթանում այն հարցի շուրջ, որ Արցախում բանտարկված ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտնվող հայ պատանդների հարազատներն առաջիկայում կարողանան փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել անազատության մեջ գտնվող իրենց ազգականներին․ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Նա ընդգծեց՝ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է:

Անդրադառնալով «հողեր հանձնելու» թեմային, Մայիլյանը նշել է, որ թերևս Հայաստանի ներկա իշխանությունները «միակ իշխանություններն են, որ ընդհանրապես հող հանձնելու մասին չեն խոսել»:

«Եթե ինչ-որ հողերից են խոսում կամ համայնքներից են խոսում, դա փորձ է խեղաթյուրել այս համակարտության էությունը, որը կարող է բերել լրիվ ուրիշ զարգացումների, ուրիշ արդյունքների: Ես գիտեմ, որ որևէ փաստաթուղթ սեղանի վրա դրած չկա, և որևէ բովանդակային քննարկումներ հիմա տեղի չեն ունենում: Հիմա գործ է գնում, աշխատանք է կատարվում միջավայրի ձևավորման համար, քննարկում են, և արդեն այդ քննարկումների արդյունքում մի միջոցառում կազմակերպվել է, երբ Արցախից և Հայաստանի Հանրապետությունից լրագրողներն այցելել են Ադրբեջան, և արդբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ և Հայաստանի Հանրապետություն: Եվ նմանատիպ, այսպես ասենք, վստահության ամրապնդող քայլերի մասին է խոսքը հիմա»:

Կարդացե՛ք՝

Աշխատանք է տարվում հայ և ադրբեջանցի մյուս ազատազրկվածների փոխանակման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

#ՍիվիլՆեթ #Լուրեր