25 դեկտեմբեր, 2019 17:21

Բոլոր նվերները քաղաքապետարանին տրվել են հենց նվերների տեսքով․ Հայկ Մարության

Բոլոր նվերները քաղաքապետարանին տրվել են հենց նվերների տեսքով. քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տված ճեպազրույցին այսպես մեկնաբանեց լուրերը՝ ըստ որոնց քաղաքապետարանին նվիրատվություն արվել է ոչ թե կամազների, այլ գումարի տեսքով։

Մարությանը հերքեց նաև այն, որ ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամեքենաներ է նվիրել քաղաքապետարանին․ «Նույնպես ապատեղեկատվություն է։ Էս պահին ես չգիտեմ, ճիշտն ասած՝ ինքը կապ ունի, թե ոչ, էն առումով, որ կա ՍՊԸ, եթե չեմ սխալվում «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն, որը նվիրատվություն է արել՝ երկու մեքենա էս պահին»։

Քաղաքապետի խոսքով՝ այս ՍՊԸ-ի հետ  նվիրատվությունների մասին եռակողմ պայմանագիր ունեն կնքած. «Հինգ մեքենայի մասով, բայց էս պահին երկու մեքենան են մեզ նվեր տվել, ուստի և մենք, քանի որ նոր է տեղի ունեցել էդ ընդունում-հանձնումը, այսօր կհրապարակենք այդ երկու մեքենան, որ մենք նվեր ենք ընդունել։ Մնացած երեքի մասին կկարողանանք տեղեկատվություն տալ էն պահին, երբ որ լինի նվերների փոխանցումը»։ 

Հարցին, թե արդյոք մեքենաները բազմաբնակարան շենքի դիմաց են, Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես նվերները և կառուցումները իրար հետ ոչ մի կապ չունեն։ Այո՛, էդ մարդիկ գործունեություն են ծավալում Երևանում, այո՛, բնականաբար, ամբողջ աշխարհում սոցիալական պատասխանատվության ծրագրերը հենց իրականացվում են այն ընկերությունների կողմից, որոնք տվյալ վայրում գործունեություն են ծավալում, որը շատ բնականոն է»։

Անդրադառնալով պարգևատրումներին՝ Մարությանը նշեց, որ տվել են եռամսյակային պարգևատրումներ։ Նրա խոսքով՝ 13-րդ աշխատավարձ լինել-չլինելու մասին տեղեկություն չունի։

Կարդացե՛ք նաև՝

Երևանի աղբատար 54 մեքենաներից 20-ը նվիրատվություն է, ասել է քաղաքապետը 

Քաղաքապետի խոսնակը հրապարակել է աղբատարների նվիրատուների ցանկը

Լուսինե Վարդանյան