30 դեկտեմբեր, 2019 15:04

Աման, աման, Ամանոր…

… տոն ամենակարևոր, քեզ սպասել ենք կլոր տարին ամեն օր։ Դե ծափ տվեք, ծափ տվեք, կերեք-խմեք, քեֆ արեք, չէ, մի րոպե, քիչ կերեք-խմեք, հո աշխարհի վերջը չի. բա՞ ոնց քեֆ անենք, ախր նշելու ուրիշ ձև չունենք։ Մեզ ասել են՝ քեֆ անողին քեֆ չի պակսիլ, համոզել են՝ քանի գինին մեզ չի խմել, քանի տոլմեն մեզ չի փաթթել, սեղան-սինին չի սնանկացրել, պիտի լռվենք դրա դիմաց, խմենք հազար ու մի կենաց, բթվենք-բտենք, խժռենք-լակենք, աղքատանանք-հարստացնենք, կարևորը՝ հեչ չթթվենք։ Լավ, բա ուտուշ-խմուշից զատ, ուրիշ բան մտքներովս չի՞ անցնում։ Դի՛նգ-դո՛նգ, պայթուցիկ կտրաքացնենք, դի՛նգ-դո՛նգ-դի՛նգ, աչք ու ձեռք խեղած երեխեքին հիվանդանոց կհասցնենք, դի՛նգ-դո՛նգ-դի՛նգ, էս տխուր նոտա էր, Արմեն, ջրի, թող գնա, չարը չարազ թող դառնա, չուզողի բկին մնա, բարին գա, հավետ մնա։ Հետո կելնենք գլխացավով ու գխտալով, գխկտալով, զկռտալով կշրջենք տներով ուրիշների՝ ի տուրք նախնյաց նիստուկացի, և ի զարմանս մեզնով կլոր տարին չհետաքրքրված հեռու-մոտիկ հարևան ու ազգականի։

Լավ, բա ուրիշ ի՞նչ անենք։ Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում իջնել Հրապարակ։ Գնալու եմ ժողովրդիս ծոցում ցնծամ, բլինչիկ փռեմ ասֆալտին, քյուֆթա ծեփեմ պատերին, ջա՛ն-ջա՛ն-ջա՛ն, քյաբաբներս մեկիկ-մեկիկ բերեմ մուծվեմ իմ տառապած, իմ փառապանծ ժողովուրդ-ընտանիքին, չէ՞ որ օջախն է իմ Հայաստանը, դրա համար ընտանեկան միակ կայացած պետական տոնն էլ պիտի նշեմ ոչ թե տանը, այլ փողոցում, բայց մի րոպե, տանձ, խնձոր, կոկաին, տանս տկլոր ման եմ գալիս արխային, իսկ փողոցում չեմ ամաչում, վախենում եմ ոստիկանը ինձ բռնի, էդպես օջախ կլինի՞։ Մի՛ խորացի, առաջ անցի, լավ իմացի. չափն անցնելով է տոնը կայանում, կարգը զանցելով, չափազանցելով, մանկության գիրկն ընկնելով, էնպես որ ժպտա՝ թուլացի, մի բոլ սրտանց ուրախացի, եթե անգամ աման, աման, դլե յաման, ջինգլ-բելզը չի դզում, բոլ ա, բոլ ա, բոլոլա ա, Բրեգովիչով յոլա գնա, տժժա, ղժժա, թռվռա։

Իսկ եթե լո՞ւրջ։ Էսպես եղավ։ Սովետից մնաց Ամանորի աշխարհիկ տոնը նշելու արմատացած ձևը, որին ազգային բովանդակություն հաղորդելու համար առանձնակի ջանքեր չեն գործադրվել, ուղղակի պետականացվեց ու պոչից կցվեց Սուրբ Ծննդյան տոնը։ Ծիսակարգը չվերաիմաստավորվեց, տրվեց շուկայի վայրիվերումներին։ Դա երևում է ամեն ինչում։ Նույնիսկ ճաշացանկն ու տոնական սեղանը, որտեղ կողք կողքի, հաշտ ու խաղաղ թթվում են հայոց պասուց տոլման ու ռուսաց ստալիչնին, շատ չի փոխվել, եթե չնկատելու տանք քաղքենիների սեղանի զարդ կոկորդիլոսներին։ Առաջացած խզումը մեզ չի հուզում։ Ձմեռ պապն ու մանուկ Հիսուսն իրար հետ չեն մրցում, դերերը հստակ բաշխված են, ծեսերը՝ առանձնացված, իսկ մեր երեխեքը մեծանում են երկու հակադիր մշակույթների՝ սովետականի ու քրիստոնեականի երկատված, սևխոռոչավոր համատեքստում, որի բացերն ինքնըստինքյան լցվում են գլոբալ ապրանքայնացված միֆերով՝ Սանտա-Կոլա-Քրիսմասով։ Գուցե բարին էլ դա է։ 

ԱՄԱՆՈՐԸ ՏՈՆԵԼՈՒ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ…

Վարչապետը կոչ է արել՝ քիչ կերեք-խմեք՝ չթունավորվեք, ԿԳՍՄ-ն էլ որոշել է հոգևոր սննդով հագեցնել մեր տոնական ախորժակը։ Ու դեռ հարց է, թե որն է ավելի վտանգավոր՝ կերկոխ լինել, սիրտ թափել հանգստանա՞լը, թե՞ հոգևոր անմարսելի սննդից վատանալը, որի դեպքում շտապօգնություն չես կանչի, աղիքների լվացումով չես պրծնի։ Թե պետությունն իր աշխատողին տոն օրով տնից տեղից կտրում, գործի է քշում, անարդար է վարվում և՛ քշվածների, և՛ տանը լռվածների նկատմամբ ու մեր մեջ ասած, ՀՀ պետական տոների մասին օրենքի։ Թե ինչու են աշխատում ոստիկանը, հերթապահ բժիշկը կամ հրշեջը, պետք չի բացատրել, բայց ինչի՞ պիտի թանգարանի աշխատողը գործի գնա՝ պարզ չի։ Ւնչի՞ են ժողովրդին բաղձալի բդից կտրում, ցուցահանդես ուղղորդում։ Գնան ի՞նչ նայեն. նույնը, ինչ արդեն Թանգարանային գիշերը տեսե՞լ են։ Ներքին մրցույթ անեիք, ու թող ամեն թանգարան, իր կամոք ու բնույթից ելնելով, աննախադեպ ու տոնական ցուցադրություն կազմակերպեր։ Այցելուն կհասկանար, որ բացառիկ բան է տեսնելու, աշխատողն էլ կուրախանար՝ համ փող կաշխատեր, համ չէր լճանա։ Մեկ էլ տեսար, Ամանորին թանգարան այցելելը սովորույթ դառնար։ Ստացվում է՝ վերևները զոռում են, ներքևները՝ չեն ջոկում։ Տատս ասում էր՝ էս աշխարհքում զոռելով մենակ մի լավ բան կծնվի՝ երեխեն, մնացածը խաթրով արա։ Ես էլ ասում եմ՝ անգամ երեխու դեպքում պետք չի շատ զոռել, կեսարյանը վկա, իսկ պարտադրանքով լույս չես սփռի, պետպատվերով էլ արվեստ չես երկնի։ Աթաթուրքն էլ էր ուզում իր հետամնաց ժողովրդին քաղաքակրթի, լաչակները կանանց գլխից օրենքի ուժով պոկոտեց, որ ֆրանսիական գլխարկներ դնեն, տեսանք՝ ինչ եղավ։ Եթե տնտեսական հեղափոխություն հռչակած իշխանությունը յոթ օր, յոթ գիշեր քեֆ-մեռելոց պարապուրդին դեմ է, ապա պարզապես կարող էր օրենքով սահմանված նախածննդյան տոնական օրերը (հունվարի 3, 4, 5) նախկինի պես դարձնել աշխատանքային և ի վերջո ձեռ քաշել մեռելոցներից։ Ինչ վերաբերում է ներկայացումներին ու համերգներին, էդ նորություն չի, աշխատանքային օրացույցն է փոխվել՝ ի հեճուկս պետական տոնացույցի։ Ամեն դեպքում Ամանորը տոնելու նոր մշակույթի սերմանումն ինքնին լավ գաղափար է, հիմքերը լավ թե վատ գցված են, տոմսերը՝ վաճառված, և ուրեմն գալդ բարի մեր նորաձև, ա լյա ֆռանգի Նոր տարի։

ՁՄԵՌ ՊԱՊԻՆ…

… քուրքը հագին, հյուր է եկել մեր երկրին, անձնագիրը մոռացել է, մնացել է սահմանին։

«Էլ ի՞նչ նոր տարի առանց պապ, առանց պապ, Ձմեռ պապ» թաթայական հարցը փչվում է անհամոզիչ համեմատությամբ՝ «ինչպես հարսանիք առանց հարս, առանց փեսա, առանց հարս», մինչդեռ հարսն ու փեսան թե՛ աշխարհիկ, թե՛ եկեղեցական հարսանյաց ծեսի հստակ դերակատարներ են՝ անուն-ազգանուն ունեն, քաղաքացիություն, բոլորովին այլ բնույթի գիշերային հարաբերություն, քան պապն ու տոնածառը, իսկ տոնական էս օրերի կենտրոնական հերոս Ձմեռ պապը չի վերաիմաստավորվել ոչ պետության, ոչ էլ եկեղեցու կողմից, ոչ քաղաքացիություն ունի (օրինակ՝ Կանադան պաշտոնապես շնորհել է 2008-ին), ոչ հասցե, ոչ դիցանուն, ոչ էլ նորացված իմաստ։ Երևի էնքան ենք տարվել «ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»-ով, որ մտքներիցս թռել է էս հարցը տալ ամեն նոր տարի պարտաճանաչ մեզ այցի եկող Ձմեռ պապին։ Էջմիածինը Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետի հիշատակը նշում է դեկտեմբերի առաջին շաբաթ օրը՝ կեսբերան հիշատակելով, որ Սանտա Քլաուսի նախատիպն է։ Պետությունն էլ չի հոգացել Ձմեռ պապի կացությունը։ Ունենք՝ ինչ ունենք՝ Սովետից մնացած դատարկ կաղապար-կերպար, որ տարեցտարի շուկայի թելադրանքով սանտայանում է։

Բալիկներ, շուտ հավաքվե՛ք, Ձմեռ պապին է եկել, չգիտես, թե որտեղից։ Հայազնիկի սրտով կլիներ, թե հայուգեն Ձմեռ պապին Արարատի լուսապսակ գագաթից իջներ, ափսոս, որ Նոյն իր տապանով էդ տեղն արդեն զբաղեցրել է։ Առասպելը չի տնավորել հյուսիսից եկող Ձմեռ պապին, ասենք, Փամբակի Թեժլեռան կամ Իջևանի Սառցապատի գագաթին, ուստի ճամփեքը բոլոր՝ ոլոր թե մոլոր, տանում են կրկին հույսի հյուսիս Ռուսաստան։ Կաղանդ պապը հայ լիներ՝ վտարանդի կլիներ, գուցե պանդուխտ, խոպանչի, տոնին սազական բան չի։ Ալյասկայի Նորթ Փոլում Սանտան ունի մի ճոխ տուն, զվարճանքների պարտեզ, թե ուզում ես՝ գնա տես։ Շվեդ, ֆինն, թե նորվեգացի դարձրին Պապին տեղացի, ամեն մեկը իր հերթին տուն շինեց ալեհերին։ Եվրազիյսկի սայուզում տուն ունի Բելառուսում, հասցեն էլ է մեզ հայտնի՝ Բելովեժսկայա Պուշչա ազգային այգի։ 2007-8-ին ղրղզները Բիշքեքը նրան փեշքեշ արեցին։ Մեզ մոտ հազարավոր սանտաների ձնախառը տեղումներ չեն սպասվում, ուստի Բրեգովիչը մեզ օգնական, վրացիք կգան, մեկ էլ՝ ռուսները, և լիահույս եմ, որ աշխարհասփյուռ հայությունը չի անտեսի վարչապետի հրավերը։ Դրկիցի հետ տոն նշելը փայլուն միտք է, և զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներն էս առումով ճիշտ գծի վրա են ընկել, չնայած Ամանորյա զբոսաշրջությունը Սանտայի սահնակի հետքով է շարժվում, որ տանում է դեպի ձնառատ հեքիաթային վայրեր, բայց ոչ Ամասիա, Սիսիան, Ապարան. Հա՛, չի լինի Լապլանդիայի հետ մրցել, բայց դե արժի երազել։

Մի խոսքով, կեցցեն մեր երեխաները, որ ոչ միայն հաջողացնում են ապրել ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում, այլև ձեռի հետ մեր Ձմեռ պապին նամակ են գրում, հասցեն՝ ցպահանջ, վստահության դուռ, հույսի լուսամուտ։ Մինչդեռ ձեռագիր նամակների կենտրոնացված հավաքագրման համաշխարհային պրակտիկան վաղուց լուրջ հիմքերի վրա է դրված, ինչի շնորհիվ երեխան ընդհանրապես սովորում է նամակը գրել, ծրարել, փոստային ծառայությունից օգտվել և այլն։ Ձմեռ պապին ուղղված նամակները, բացի կրթական կարևոր նշանակությունից, նաև արժեքավոր վիճակագրության և տեղեկատվության աղբյուր են, որ վերլուծվում, մշակվում և ներկայացվում են հանրությանը կամ վերահասցեագրվում տարբեր կառույցների, ասենք, խաղալիք արտադրողներին, շահագրգիռ գիտահետազոտական շրջանակների և էդպես շարունակ։ Որպես կանոն, կենտրոնական գրասենյակից տեսակավորված նամակներն ուղարկվում են նաև բարեգործական կազմակերպություններ, համապետական և համայնքային կառույցներ, որոնց միջոցով հաճախ իրականացվում է երեխայի ցանկությունը։ Ոչ մի նամակ անպատասխան չի մնում, ավելին՝ պատասխանները գրվում են նամակագրի լեզվով։ Միայն 2006-ին Ֆրանսիայի փոստային ծառայությունը ստացել է էսպիսի 1 220 000 նամակ աշխարհի 126 երկրից, իսկ հաջորդ տարի ստիպված է եղել ներգրավել կամավորների Ռուսաստանից ստացված մեծաքանակ նամակներն անպատասխան չթողնելու համար։ Կանադան 1982-ից փոստային կոդ է հատկացրել Սանտային և շուրջ 13 000 աշխատկից կամավորական հիմունքներով պատասխանում են տարեցտարի աճող նամակներին, որոնց միջին տարեկան թիվն արդեն հատել է  մեկ ու կես միլիոնի սահմանը, իսկ լեզուները՝ երեք տասնյակը։ Մեր «Հայփոստը», իհարկե, տեղով մեկ փոստ է, բայց հաստատ տեղի կտա, թե պետությունը տոն տա։ էլ չասեմ, որ  ՏՏ ոլորտն իբրև տնտեսության շարժիչ ուժ հռչակած երկրի համար բնավ էլ բարդ չէ հայաստանցի ու աշխարհասփյուռ հայ մանուկների համար հավուր պատշաճի ապահովել Ձմեռ պապի հետ էլեկտրոնային նամակագրության մեջ մտնելու հնարավորությունը։ Նոր Հայաստանը բոլոր շանսերն ունի Ձմեռ պապի վստահելի միջնորդությամբ զանգվածային կապ հաստատելու իր անչափահաս քաղաքացիների հետ՝ առաջին ձեռքից նրանց կարիքները, երազանքներն ու ցանկությունները, գրագիտության մակարդակը և այլևայլ բաներ պարզելու համար։

Երնեկ, թե էս Նոր տարի հայաստանցին արարի, Սերխիո Պաբլոսի նման «Քլաուս» ստեղծի, չալարի։ Թե չեք տեսել, նայեք, դուք էլ երնեկ կտաք, թե ոնց է միֆն անիմացիոն արվեստի լեզվով խաղարկվել իբրեւ նոր, բազմաշերտ պատում։

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ…

…իմ բարի, էս գիշեր մեր տուն արի, տոնածառս զարդարի։ Միսիս Քլաուս կա, Ձմեռ տատ չկա, և ընդհանրապես Ձյունանուշի ազգակցակական կապը Ձմեռ պապի հետ խիստ կասկածելի է։ Պաղ աղբյուրներից մեզ հավաստիացրել են, որ Ձյունանուշը՝ նույն ինքը Սնեգուրոչկան, հայ չի, ծագումով ռուս է՝ իրենց բանահյուսությունից վերցված, սիրուց հալվող փերի, Օստրովսկու հեղինակած կերպարը, որին Սովետը վերաձևակերպվել է որպես ծերուկ շեֆի մատղաշ քարտուղարուհի և երեխաներին խաբել՝ իբր նրա թոռնիկն է, որ սեռական ենթատեքստը ջրի երես դուրս չգա։ Ի տարբերություն ռուսական ավանդույթի՝ մեր դասականները չեն ստեղծել գրական, երաժշտական կամ գեղարվեստական բնույթի որևէ նշանային գործ նրա մասին։ Ներմուծվել է հայկական համատեքստ պարզ պատճենման սկզբունքով՝ անվան թարգմանությամբ։ Հայաստանը Ձյունանուշին ընդունել ու չի դիմադրում, ինչպես հյուսիսից եկած էն հարսնացուին, որ սկսեսուրին «մամա ջան» ասել է սովորել, համենայն դեպս էս սեքսիստական կերպարը պատմության աղբամանը նետելու կոչեր դեռ չենք լսել հայ ֆեմինիստներից, իսկ երեխեքն ավելի շատ սիրում են «Սառը սրտի» Էլզային։ Օրինակ՝ Սանտայի մեկ այլ հայտնի օգնական Սև Պիտի շուրջ դարասկզբից մեծ բանավեճ կա՝ ռասիստակա՞ն է, թե՞ չէ։ Սև Պիտի ավանդական կերպարի կողմնակիցները պնդում են, թե նրա դեմքը մրով է պատվել ծխնելույզից իջնելիս, սակայն հակառակորդները մնում են անդրդվելի, փողոց փակում, աղաղակում. ի դեպ, անցնող տարում մեր Քարդաշյան Քիմն իր հերթին թվիթել է ընդդեմ Պիտի։ Ինքս հեռու եմ էն մտքից, որ Ձյունանուշին որպես ներդրված գործակալ պետք է բացահայտել ու արտաքսել Հայաստանից, բայց արժի հարցը խնդրականացնել, և կերպարը հիմնովին տնայնացնել։ Էն ամսագլուխ Կաղանդ պապու խեղճ Խլվիլիկն էլ էնտեղ մոռացվեց, ու սորոսական էլֆերը հայ-հայ է կգրավեն ամենայն հայոց Ամանորը։

ՏՈՆԱԾԱՌ…

…ջան, տոնածառ, ցուրտ անտառում մրսեցիր, բերեցինք տուն՝ տաքացար, ինչ սիրուն ես ու պայծառ։ Արևելահայ բնապաշտական մշակույթում եղևնու հատումն ազդեցիկ կերպով չի քննադատվել, հակառակը՝ հաճախ երեխեքի ուրախությունը ծառի կյանքից վեր է դասվել. օրինակները շատ են, մեջբերեմ միայն Սահյանի տողերը. «Անտառից եկած կանաչ եղևնին/ Հիշում է կանաչ իր ընկերներին/… Երկինքն է հիշում իր գլխի վերև,/ Եվ իր մայր անտառն աստեղնատերև/… Հիշում է բոլորն ու չի ափսոսում,/ Որ էլ անտառի երգը չի լսում,/ Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին,/ Գարուն է բերել երեխաներին»։ Ասում ենք՝ կանաչ Հայաստան ու եղևնիներով հեղեղում շուկան, երեխեքին ասում ենք՝ ծառ կտրելը լավ բան չի, ու մեկի կտրած ծառը բերում, ցցում աչքների առաջ, և բոլորովին էական չի՝ էդ եղևնին ներկրում ենք, թե ինքներս էս առիթով աճեցնում, որովհետև ինչ-որ տեղ բնությանն անհարկի վնաս է հասցվում։ Ու դեռ հարց է, թե որն է ավելի մեծ վնաս՝ բնակա՞նը, թե՞ արհեստականը։ Երկիրը, որ 2020-ին հավակնում է տասը միլիոն ծառ տնկել, էս մի ստից հարցի շուրջ բնապահպանական մոտեցում չունի։ Ի՞նչ վատ կլիներ, եթե Հայաստանում բուսադարաններ, մասնավորապես եղևնադարաններ լինեին, որտեղ մարդիկ ի պահ կտային կողովներով եղևնիները, իսկ Ամանորին նորից տուն կտանեին։ Էն Էրիկից հույս չկա, Փաշինյանը գուցե հարցին լուծում տա, ո՞ր մեկն անի, ո՞րը թողի։  

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ, ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 2020

Էնքան բան կա դեռ ասելու, բայց լոկ պահ է մնում, որ հնչեն զանգերն ահա, համր չէ քաղաքս լուսե, ու փայլում է նա հիմա։ Ասում էին՝ ի՞նչ կարիք կա էս հազար ու մի հոգսի տակ ճկռած երկրում էսքան փող ծախսել Ամանորի վրա, իսկ ես կասեմ՝ կարգին գործ է, ապրի Հայկոն, ու մյուսներն էլ ապրեն, որ Երևանի օրինակին հետևեցին. եթե անգամ իբրև ներդրում չարդարացնի, մեկ է, բոց է, հուզանք ու զանգ, ծափ ու ծիծաղ, խինդ ու խնդուն։ Մենք շատ երկար ենք դարդոտած ապրել։ Հույսի լույսն ու ուրախությունը, որ Սիրո անարյուն հեղափոխությամբ վերստին լցրել են մեր սրտերը, էլ երբեք չպիտի մարեն, ու դրա համար միլիոն չէ, ծիծիլիոն էլ արժի ծախսել։ Ուրախ կացեք, թեթև ապրեք։

Կարդացեք նաև՝

Գրապալատ. ընդհատված երազ

Երբ գալիս է սեպտեմբերը

Մա՛յր մեր

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: