ՀԾԿՀ-ն թույլ է տվել «Թիմ»-ին գնել «Բիլայն»-ը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է նախատեսում տալ «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ն գնելու դիմումին։ 

ՀԾԿՀ որոշման մեջ նշված է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առարկություններ չի հայտնել գործարքի վերաբերյալ, որի արժեքը չի նշվում։

Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ «Թիմ» ընկերության բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները սկսել են «Վեոն Արմենիա»-ն գնելու գործընթաց։ «Վեոն Արմենիա»-ն դիմումներ էր հասցեագրել ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ։ 

Հունիսի 18-ին Սիվիլնեթին տված հարցազրույցում Հայկ Եսայանը հայտնել էր, որ «Վեոն Արմենիա»-ն գնելու հաար ներգրավել են վարկային միջոցներ։ Ըստ նրա՝ «Բիլայն»-ում իրենց հետաքրքրումեն և ենթակառոցվածքները, և բաժանորդների բազան և մարդկային ռեսուրսը։ Վերջին օրերին պարզ դարձավ, որ «Բիլայն»-ի մոտ 300  աշխատակիցներ նամակ են հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մտավախություն հայտնելով, որ գործարքի հետևանքով իրենք կարող են դառնալ գործազուրկ։ Նրանք Փաշինյանից խնդրել էին անձնապես միջամտել գործարքին։ 

Հուլիսի 9-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ևս նիստ էր գումարել՝ օրակարգում ունենալով այս հարցը։ ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել թույլատրել «Թիմ» ՍՊԸ-ի և «Վեոն Արմենիա»-ի համակենտրոնացումը՝ վերջինիս 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու միջոցով։ Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

#ՍիվիլՆեթ #Լուրեր