Ծառուկյանը հայտարարել է, որ Ծառուկյանից վախենալ պետք չէ

«Հրապարակ» կայքը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Նա խոստանում է հրավիրել «մեծ ասուլիս և պատասխանել բոլոր հարցերին»։ Ծառուկյանը մեղադրում է իշխանությանը սոցիալ-տնտեսական խնդիրների, առողջապահալան իրավիճակի համար, խոսում հայ-ռուսական հարաբերությունները հարթելու մասին։ 

«Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 5-ի իմ ելույթը և արդյոք ես գիտակցո՞ւմ էի, որ դրանից հետո իմ հանդեպ կսկսվի նման արշավ։

Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք  ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։

Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու և, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։ 

Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։ 

Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը  տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա։

Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից։ Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է։ 

Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։ 
Այսօր, սիրելի՛ ժողովուրդ, իմ նպատակը իրավիճակը ձեզ շիտակ ներկայացնելն է»,- հայտարարել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարը թվարկում է իր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք, իր խոսքով, «իշխանությունը թույլ չի տալիս շարունակել, սկսել, շահագործել, բացել»։

Ծառուկյանը, մեղադրելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կորոնավիրուսային իրավիճակի համար, նշում է, որ իր հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը «հատ-հատ հավաքում, վերլուծում է  թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար»։

Ծառուկյանը նաև հայտարարում է, թե հանձնարարել է մշակել «խոշոր ներդրումային ծրագրեր»։

«Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Ես իմ անձնական կապերով և անձնական հեղինակությամբ կբանակցեմ ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն պետք չէ։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է։

Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել։ Սա և՛ ազգային անվտանգության խնդիր է, և՛ հնարավոր ներդրումների և մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

***

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել երեք տարբեր քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ծառուկյանին։

Գործերից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ընտրակաշառք բաժանելուն, մյուսը՝ ապօրինի խաղատներ աշխատեցնելուն և պետությանն ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս պատճառելուն և երրորդը՝ Առինջ համայնքում հողատարածքի ապօրինի օտարմանը։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իր գործը համարում է «անհիմն և շինծու»։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ 

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ միջնորդությունը մերժվեց։