ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հետաձգվել է. մամուլի ծառայություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպոթյան (ՀԱՊԿ) մշտական խորհրդի նիստը, որը նախատեսված էր հրավիրել հուլիսի 13-ին և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, հետաձգվել է․ լուրը հաստատեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ պատճառը «հավելյալ խորհրդակցություններ իրականացնելու անհրաժեշտությունն է»:

«Նիստը հետաձգվել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ հավելյալ խորհրդակցություններ վարելու նպատակով», – ՍիվիլՆեթին հայտնեցին կազմակերպության մամուլի ծառայությունից:

Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից հեռացվել է նաև կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին լուրը:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել:

Մինչ այդ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանային իրավիճակը քննարկվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցում։

***

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով ետ մղվել։ Ապա ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմից կորուստներ և վիրավորներ չկան։

Մեկնաբանել