3 հունվար, 2020 10:59

Ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի գլխավոր ռազմավար Ղասեմ Սոլեյմանին

Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը: Տեղեկությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը:

Պենտագոնը հաստատել է, որ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Սոլեյմանին ավիահարվածի ժամանակ ավտոմեքենայում է եղել Բաղդադի օդանավակայանում։ Washington Post թերթի տվյալներով՝ մեքենաների շարասյան ուղղությամբ, ենթադրաբար, հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերը։

Դիտորդների խոսքով՝ հարձակումը, որում զոհվել է իրանցի ամենաազդեցիկ զորահրամանատարներից մեկը, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրման:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հաստատել են գեներալի մահը՝ հայտնելով, որ նա զոհվել է ամերիկյան ուղղաթիռներից արձակված հարվածի հետևանքով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադի օդանավակայանի շրջանում երեք հրթիռ է պայթել: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ արդյունքում զոհվել է մեկ մարդ, ևս ինը վիրավորվել են:

Թեհրանը կանչել է Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցչին, որը ներկայացնում է Իրանում ԱՄՆ-ի շահերը, որպեսզի բողոք ներկայացնի հարևան Իրաքում պատերազմ հրահրելու համար, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին սպառնացել Է «սարսափելի վրեժխնդրությամբ» և երկրում եռօրյա սուգ Է հայտարարել Սոլեյմանիի սպանության համար:

«Նահատակությունը նրա պարգևն է դարձել շարունակական այն գործունեության համար, որով նա զբաղվել է այս բոլոր տարիներին,- ասված է Իրանի առաջնորդի պաշտոնական թվիթերյան էջում:- Թեև նա գնացել է, բայց Ալլահի կամքով, նրա աշխատանքը և նրա ճանապարհը չեն դադարում: Սարսափելի վրեժխնդրությունը սպասում է հանցագործներին, որոնք իրենց կեղտոտ ձեռքերը պղծել են նրա և մյուս նահատակների արյամբ»:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը տեղի ունեցածը որակել է ծայրահեղ վտանգավոր և հիմար էսկալացիա։ Իրանի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի, որպեսզի քննարկի «հանցավոր հարձակումը»:

Ղասեմ Սոլեյմանին նշանակալի ֆիգուր էր իրանական իսթեբլիշմենթում։ «Ղուդս» ստորաբաժանումը, որը նա ղեկավարում էր, ենթարկվում է անմիջապես Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։
Ավիահարվածից հետո նավթի համաշխարհային գներն աճել են 4 տոկոսով։

Ինչ է տեղի ունեցել

«Նախագահի հրամանով՝ ԱՄՆ-ի զինված ուժերը վճռական պաշտպանական գործողություններ են ձեռնարկել արտասահմանում ԱՄՆ-ի անձնակազմի պաշտպանության համար՝ սպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս»-ի ուժերի ղեկավար Ղասեմ Սուեյմանիին, որը ԱՄՆ-ը ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»,- ասված է Պենտագոնի հայտարարությունում: Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաև, որ հարվածն ուղղված է եղել Իրանի կողմից հետագա հարձակումների կանխմանը:

«ԱՄՆ-ը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները, որպեսզի պաշտպանի իր քաղաքացիներին և շահերը ամենուր աշխարհում»,- ասված է Պենտագոնի հայտարարությունում:

Սուեյմանիի ուղղությամբ ավիահարվածը հասցվել Է Բաղդադում ամերիկյան դեսպանատունը գրոհելու փորձերից մի քանի օր անց: Վաշինգտոնում հայտարարել են, որ դիվանագիտական առաքելության վրա հարձակումը կատարվել է գեներալ Սուեյմանիի կարգադրությամբ:

New York Post պարբերականը, վկայակոչելով անանուն ռազմական աղբյուրների, հայտնում է, որ հարվածների հետևանքով սպանվել է յոթ մարդ: Թերթի տեղեկություններով՝ ավիահարվածներն իրականացվել են երկու մեքենաների ուղղությամբ։ 

Ամերիկացի զինվորականների տեղեկատվության համաձայն՝ Ղասեմ Սոլեյմանին և նրա «Ղուդս»-ի ուժերը պատասխանատու են ամերիկացի և միջազգային կոալիցիայի հարյուրավոր զինծառայողների սպանության և հազարավորների վիրավորվելու համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից  հայտնել են, որ Սոլեյմանիի հետ սպանվել է իրաքյան շիաների «Կատաիբ Հեզբոլլահ» խմբավորման ղեկավար Աբու Մահդի Մուհանդիզը։

Հաղորդագրություններ են ստացվում նաև այն մասին, որ խմբավորման մի շարք ղեկավարներ առևանգվել են Բաղդադում ամերիկացի զինվորականների կողմից, սակայն այդ տեղեկատվության հաստատում դեռևս չկա:

«Կատաիբ Հեզբոլլահը» շիական ռազմական խմբավորում է, որը ստեղծվել է 2007-ին՝ Իրանի աջակցությամբ:
ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ «Կատաիբ Հեզբոլլահը» սերտորեն կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ և բազմիցս օգնություն և աջակցություն է ստացել Իրանից, որն օգտագործել է կոալիցիոն ուժերի վրա հարձակումների համար:

Ամերիկյան վարչակազմի կարծիքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իրանի գլխավոր մեխանիզմն է՝ ստեղծելու և աջակցելու ահաբեկչական խմբավորումներին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի ուժերի դեմ ամբողջ Մերձավոր Արևելքում:

Ով է Ղասեմ Սոլեյմանին

1998-ից Ղասեմ Սոլեյմանին գլխավորել է «Ղուդս» հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է արտասահմանում գաղտնի գործողությունների իրականացմամբ:

Իրանը խոստովանել է, որ «Ղուդս» ստորաբաժանումը մասնակցել է սիրիական հակամարտությանը՝ աջակցություն ցուցաբերելով Բաշար Ասադի ուժերին և զինելով հազարավոր շիա գրոհայինների, որոնք կռվել են նրանց կողմից: Իրաքում հատուկ այդ ստորաբաժանումն օգնել է շիաների ռազմականացված կազմավորումներին, որոնք դիմակայում էին Իսլամական պետություն խմբավորմանը:

Ռազմական այդ հակամարտությունների շնորհիվ երբեմնի ոչ հրապարակային Սոլեյմանին հայտնի դարձավ Իրանում։
Թրամփի վարչակազմը պնդում է, որ «Ղուդսը» ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերի մշակմանն ու աջակցությանն ուղղված Իրանի հիմնական մեխանիզմն է ամբողջ Մերձավոր Արևելքում, որոնց թվին են պատկանում լիբանանյան Հեզբոլլահ շարժումը և Պաղեստինյան Իսլամական ջիհադը՝ ապահովելով ֆինանսավորում, ուսուցում, զենքի և սարքավորումների մատակարարում:

Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և նրա «Ղուդս» ստորաբաժանումը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, գեներալի սպանությունից հետո սոցցանցերում հրապարակել է ամերիկյան դրոշի նկար՝ առանց որևէ մեկնաբանության: