4 հունվար, 2020 22:27

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել. Reuters

Բաղդադի՝ ուժեղացված պաշտպանության տակ գտնվող Կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, ընկել է «Կատյուշա» տեսակի հրթիռ: Reuters գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ զոհեր չկան:

Հրթիռն ընկել է Կանաչ գոտու տոնակատարությունների հրապարակում՝ ԱՄՆ դեսպանության մոտ: Այս գոտում են տեղակայված կառավարական շենքեր և օտարերկրյա առաքելություններ:

Ըստ հաղորդագրությունների՝ հրթիռակոծության թիրախ է դարձել նաև Բաղդադում գտնվող «Բալադ» ռազմաօդային բազան, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը:

Daily Mail պարբերականը, հղում անելով Sky News Arabia-ին, գրում է, որ դեսպանության մոտ ընկել է առնվազն երկու հրթիռ, մինչդեռ «Բալադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ: Դրանցից երկուսն ընկել են բազայի ներսում:

Հրթիռակոծվել է նաև Բաղդադի Ալ-Ջադիրիյա թաղամասը, թեև պարզ չէ՝ արդյոք դա է եղել հրթիռների թիրախը:

Կարդացե՛ք նաև՝

Վրիժառության կոչեր և զսպվածության հորդորներ. աշխարհն արձագանքում է Սոլեյմանիի սպանությանը

Գեներալի սպանությունը նախադեպային երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ

Ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի գլխավոր ռազմավար Քասեմ Սոլեյմանին

 #ՍիվիլՆեթ #Լուրեր