4 հունվար, 2020 18:21

Վրիժառության կոչեր և զսպվածության հորդորներ. աշխարհն արձագանքում է Սոլեյմանիի սպանությանը

2020թ. հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն արձագանքել են աշխարհի առաջնորդներն ու միջազգային կառույցները՝ զսպվածության ու լարվածության թուլացման կոչեր հնչեցնելով: Իրանն ու մերձավորարևելյան որոշ շարժումներ վրիժառության կոչերով են հանդես եկել: Ստորև՝ հայտարարություններից մի քանիսը:

ԻՐԱՆ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է «դաժան վրեժ»: Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ Իսլամական պետություն, Ալ-Նուսրա, Ալ-Կաիդա խմբավորումների դեմ «ամենաարդյունավետ ուժի»՝ Սոլեյմանիի սպանությունը «չափազանց վտանգավոր և անմիտ էսկալացիա է»:

ԻՐԱՔ

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «ագրեսիա» Իրաքի դեմ, որը կարող է «հրահրել կործանարար պատերազմ»:

«Իրաքի հրամանատարի սպանությունը [Սոլեյմանիի հետ սպանվել է նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը - խմբ.] ագրեսիա է Իրաքի պետության, կառավարության ու ժողովրդի դեմ»,- հայտարարել է Մահդին՝ հավելելով, որ Իրաքի առաջատար դեմքերի ֆիզիկական չեզոքացումը կարող է բերել կործանարար պատերազմի Իրաքում, տարածաշրջանում ու աշխարհում: Իրաքի վարչապետը շեշտել է՝ հարձակումը Իրաքի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումը թույլատրող պայմանների «աղաղակող ոտնահարում է»:

ՍԻՐԻԱ

Սիրիայի կառավարությունը մեղադրել է Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում հակամարտություն բորբոքելու փորձերում:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ի «ճղճիմ ագրեսիան կարող է միայն ամրապնդել վճռականությունը՝ շարունակելու նահատակված առաջնորդների դիմադրության ուղին»:

Նա իրանցի և իրաքցի բարձրաստիճան զինվորականների սպանությունը բնութագրել է որպես «իրավիճակի լուրջ էսկալացիա տարածաշրջանում»:

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանությունը կարող է խորացնել անկայունությունը տարածաշրջանում: Անկարան «խորապես մտահոգված է ԱՄՆ-ի ու Իրանի միջև խորացող լարվածությամբ», նրա համոզմամբ, Իրաքը «պատերազմի հարթակի վերածելը կարող է վտանգել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»:

«Թուրքիան մշտապես դեմ է եղել տարածաշրջանում օտարերկրյա ներխուժումներին, սպանություններին և կրոնական հակամարտություններին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանությունը կխորացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում: Մոսկվան Սոլեյմանիի սպանությունն անվանել է «արկածախնդրություն»: ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է, որ գեներալը «հավատարմորեն ծառայում էր Իրանի ազգային շահերի պաշտպանության գործին»: Ռուսաստանը ցավակցություն է հղել իրանցի ժողովրդին:

ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության աճով, ըստ նրա խոսնակի:

«Սա մի շրջան է, երբ առաջնորդները պետք է ցուցաբերեն առավելագույն զսպվածություն: Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ Ծոցում»,- ասել է գլխավոր քարտուղարի խոսնակը:

ՉԻՆԱՍՏԱՆ

Չինաստանը զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին, «հատկապես Միացյալ Նահանգներին»:

«Մենք համապատասխան կողմերին, հատկապես ԱՄՆ-ին, հանդարտության և զսպվածության կոչ ենք անում՝ խուսափելու լարվածության հետագա աճից»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:

ԻՍՐԱՅԵԼ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի իրեն պաշտպանելու իրավունք:

«Ճիշտ այնպես, ինչպես Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, Միացյալ Նագանգները նույնպես ունի այդ իրավունքը»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Ղասեմ Սոլեյմանին «պատասխանատու է ԱՄՆ քաղաքացիների և անմեղ այլ մարդկանց մահվան համար»: Իսրայելի վարչապետի պնդմամբ՝ գեներալը ծրագրում էր նոր հարձակումներ:

ՀԵԶԲՈԼԼԱՀ

Լիբանանյան Հեզբոլլահ շիա շարժման առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլահը Սոլեյմանիի սպանությունից հետո վրիժառության կոչ է արել:

Նասրալլահի խոսքով՝ «հանցավոր մարդասպաններին պատժի ենթարկելը կլինի աշխարհում դիմադրության բոլոր մարտիկների պատասխանատվությունն ու գործը»:

ՀԱՄԱՍ

Պաղեստինյան Համաս իսլամիստական շարժման հայտարարության մեջ նշվում է, որ Սոլեյմանին կարևոր դերակատարություն է ունեցել պաղեստինյան դիմադրությանն աջակցության գործում:

«Մենք դատապարտում ենք ամերիկյան այս շարունակական ոճիրները, որոնք լարվածություն են բերում տարածաշրջանում՝ ի շահ իսրայելական թշնամու»,- հայտարարել է Համասը:

ՆԱՏՕ

ՆԱՏՕ հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, որ վերահսկում և ուշադիր հետևում է Իրաքում իրավիճակին՝ ուշադրության կենտրոնում պահելով այնտեղ իր առաքելության անվտանգությունը:

«Իրաքի կառավարության խնդրանքով՝ ՆԱՏՕ-ի ուսուցողական առաքելությունն այդ երկրում օգնում է ուժեղացնել իրաքյան ուժերն ու կանխել Իսլամական պետության վերադարձը»,- հայտարարել է դաշինքի խոսնակը՝ շեշտադրելով ՆԱՏՕ-ի անձնակազմի անվտանգությունը Իրաքում:

ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն:

«Մենք հասել ենք լարվածության վտանգավոր կետի: Այժմ կարևոր է խոհեմության ու զսպվածության միջոցով դեէսկալացիայի գնալ»,- ասել է խոսնակը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը ասել է՝ օգտագործում են իրենց դիվանագիտական խողովակներն Իրանում ու այլ երկրներում՝ գտնելու իրավիճակը հանդարտեցնելու ուղիներ:

ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության պետական քարտուղար Դոմինիկ Ռաաբը նույնպես դեէսկալացիայի կոչ է արել:

«Մենք մշտապես ընդունել ենք Ղասեմ Սոլեյմանիի գլխավորած՝ «Ղոդս» ստորաբաժանման կողմից եկող սպառնալիքը: Նրա մահից հետո բոլոր կողմերին լարվածության նվազեցման կոչ ենք անում: Հերթական հակամարտությունը մեզնից որևէ մեկի շահերից չի բխում»,- ասել է Ռաաբը:

ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի առաջնահերթությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացումն է, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական գործերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը:

«Այն, ինչ տեղի է ունենում, այն է, ինչից վախենում էինք՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածությունն աճ: Առաջնահերթությունը տարածաշրջանը կայունացնելն է, - ասել է պետքարտուղարը: - Մենք արթնացանք ավելի վտանգավոր աշխարհում»:

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը դատապարտել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները, որոնք նախորդել էին Սոլեյմանիի սպանությանը:

«Մենք դատապարտում ենք վերջին բռնությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այժմ դիավանագիտության և լարվածությունը թուլացնելու ժամանակն է»,- Թվիթերում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։

ՀԱՅԱՍՏԱՆ

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

Ստելլա Մեհրաբեկյան