6 հունվար, 2020 14:38

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման հարցը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ օրենսդիրներն այս շաբաթ քվեարկության կդնեն մի բանաձև, որով կսահմանափակվեն նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում: Հայտարարությունը հրապարակված է խոսնակի կայքում:

Դիմելով դեմոկրատ գործընկերներին՝ Փելոսին նշում է, որ Թրամփի վարչակազմը «սադրիչ և անհամաչափ օդային հարված է հասցրել իրանցի բարձրաստիճան զինվորականների դեմ»: 

«Այս գործողությունը վտանգի տակ է դրել ծառայողներին, դիվանագետներին և այլոց՝ ստեղծելով Իրանի հետլարվածության լուրջ էսկալացիա:

Մեր` Կոնգրեսի անդամներիս առաջին պարտավորությունն է պահպանել ամերիկացի ժողովրդի անվտանգությունը: Այդ պատճառով մենք մտահոգված ենք, որ վարչակազմը այդ գործողությանը դիմել է առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու և առանց հարգելու Կոնգրեսի ռազմական լիազորությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ:

Այս շաբաթ Պալատը կներկայացնի և կքվեարկի Ռազմական լիազորությունների բանաձևի վերաբերյալ՝ սահմանափակելու նախագահի ռազմական գործողությունները Իրանի հարցում»,- ասված է Փելոսիի հայտարարությունում:

Թեմայի շուրջ ավելին՝

Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին

Թրամփը թվիթերյան գրառումներ է անում, սպառնում հարվածել իրանական մշակութային օբյեկտների

Իրաքի խորհրդարանը քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին

Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփն ու Նենսի Փելոսին

#ՍիվիլՆեթ #Լուրեր