7 հունվար, 2020 18:07

Տոներն են հեռանում

Այ հիմա, երբ այլևս դանակը հասել ու քերել է բազմաչարչար բդի ոսկորը, երբ հանիրավի զրպարտված բլինչիկը վերստին անմահ է հռչակվել, երբ վարչապետը ելել է Արտանիշ սարի գագաթը ոչ թե թուրքի ճակատին թքելու, այլ հեռու-մոտիկ արտասահմանցոց խաղաղության կոչ անելու, երբ վառվել ու մարել են ճրագալույցի մոմերը, ինչպես նաև մի հեռավոր մայրցամաք, ու շատերս էս առիթով մի քիչ հուզվել, մի քիչ կոալայացել ենք, արժի հետգրությամբ համալրել ԱՄԱՆ, ԱՄԱՆ, ԱՄԱՆՈՐԻ նախատոնական տեքստը։ Թե հավես անեք՝ հինը կարդացեք, նոր սրան անցեք։

Կեցցենք մենք, որ Ամանորը նորովի տոնեցինք, տրամներս՝ տեղը, հայացքներս՝ հուսավառ, դեմքներիս՝ ժպիտ։ Հոգ չէ, թե ծեսը մնաց անառասպել, մշակութային խզումները՝ չհաղթահարված, օրհներգը՝ հրապարակում չհնչած, փոխարենն արմատացած նիստուկացի այլընտրանքը կայացավ։ Լավը նկատվեց, մնաց թերացումներին ուշք դարձնենք, որ հաջորդիվ էլ ավելի զիլ խզարենք, քանզի տոներն են հեռանում, նորերն են մոտենում։       

Զգուշացեք, ամանորյա տոնահամերգի դռները փակվում են

Վարչապետը Օպերայում ամսի 31-ին կայացած համերգը կոչեց ոչ ավել, ոչ պակաս մինի հեղափոխություն՝ երևի նկատի ունենալով լեփ-լեցուն դահլիճն ու տոնական մթնոլորտը։  Էս միլիոնանոց քաղաքում հազար երեք հարյուր տեղանոց դահլիճի եղածն ի՞նչ է, որ մարդիկ մի կանչով չլցնեն «կառավարական» համերգի սրահը («կառավարական տոնական համերգ» ձևակերպումն իմը չի, այլ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Խզմալյանինը). մի քանի հարյուրը՝ հենց թավշյա էլիտան տնեցիքով, մի քանի հարյուրը՝ բեմից բեխաբար, օթյակով զմայլվող թամաշասերներ, որ ձիարշավարան էլ կգնային, թե կառավարությունն էնտեղ հավաքվեր, մի քանի հարյուրը՝ հոտաղաբաղձ մշնախիրը, որին ժողովուրդը գռեհկաբար մտաոռական է կոչում (ինքս նախընտրում եմ ավելի վայելուչ «սրբանաբնակը»), ցմփորիկ ամուսնյակներին մարդամեջ հանած փափկասուն տիկնայք, որոնց տները մոլոկան Ասյան մաքրել է, տոլման՝ տիկին Արուսը փաթաթել, քաղքենի պչրուհիներն ու նրանց քայլամոլոր սիրեկանները և էդպես շարունակ՝ հայոց բոմոնդն իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ։ Մի երկու երեք հարյուր տեղ հազիվ էլ մնար զբոսաշրջիկների ու էն իրական երաժշտասերների համար, որոնց նախատոնական թոհուբոհի մեջ հաջողվել է գլուխներն առնել տանից փախչել՝ համերգը վայելելու։ Հենց իրական արվեստասերներիf ներկայությունն է, որ թույլ է տալիս չակերտել «կառավարական» բառը և էլիտիստական էս նախաձեռնության կրեմ-դը-լա-կրեմլյան պաթոսը մեղմում, միջոցառումը դարձնում է Ամանորը տոնելու նոր մշակույթի գեղեցիկ մեկնարկ երկու վերապահումով։ Առաջինը՝ սոցիալական հոգատարության ժեստի բացակայությունն է։ Թե պետական դահլիճում, պետական նվագախումբը տոնական համերգ է տալիս, էստեղ առնվազն դահլիճի մեկ քառորդը պիտի զբաղեցնեն պետական հոգածության կարոտ քաղաքացիներ, ասենք, ծերանոցներում ապրող տատիկ-պապիկները կամ մեր կույրերը, այլևայլ հատուկ կարիքներով խոցելի խմբերի մարդիկ, թե չէ ներառականությունը խոսքից գործի չի վերածվում, իսկ թեքահարթակից օգտվում է մեկ անձ։ Երկրորդը՝ հին դեմքերով նոր մշակույթ կերտելու քաղաքական միամտությունը։ Մենք հո գիտենք, թե ովքեր են հայր և որդի Սմբատյանները, ով էլ տեղը չի բերում Googl-ին թող հարցնի  «Սմբատյանների կլան»-ի մասին։ Էս էն դեպքը չի, երբ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա», ավելի նման է «ով՝ էշ, մենք՝ փալան»-ին։ Թե ով է ում էշի տեղ դնում, դեռ հարց է, բայց իշատերն էլ, փալանճին էլ մենք ենք՝ ժողովուրդ-հանդիսականը, որին թե՛ բովանդակությամբ, թե՛ կազմակերպչական առումով հեղափոխական շնչից զուրկ համերգը մատուցվում է, ինչպես երեք օրվա վառած-տաքացրած խորովածը հարսանիքին՝ «պա՛հ-պա՛հ-պա՛հ»-երով ու տաշի-տուշիով։

Կասեք՝ էս ի՞նչ քթի մազ ես, տո՛, ամեն ինչին պոզ ու պոչ ես կպցնում։ Հա՛, տոնական համերգը շատ-շատ-շատ՝ աննախադեպ թույն միտք է, տարեցտարի էլ մինին թող մաքսի դառնա, բայց եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Մինի հեղափոխականը Կոնսի ուսանող էն ջահելներն էին, որ անարյուն հեղափոխության օրերին փողոցներում նվագում էին, նաև դիմադրության արվեստի, նորարար երաժշտական մտածողության էն կրողները, որ օր ու ժամ էին հաշվում, երբ պիտի սմբատյանական կլանն իր նաֆսն ու շառը քաշի էս ոլորտից։ Իսկ մեգա հեղափոխականը Լորիս Ճգնավորյանն էր, որ սարսափելի ծանր պայմաններում դահլիճ էր լցնում, տարիներով ջերմացնում ու ոգեշնչում մեր ժողովրդին, որ, ի վերջո, առաջինը քայլեց Երևանից Գյումրի, իր այդ քայլարշավով Փաշինյանի ու իր սերնդակիցների մանկապատանեկան գիտակցության կամ թե ենթագիտակցության մեջ էնպիսի անջնջելի հետք թողնելով, որ տասնամյակներ անց երկրի հակառակ կողմից՝ Գյումրիից Երևան քայլերթը հաղթարշավի վերածվեց։

Լավ եք արել, ինքներդ ձեզ, մի քիչ էլ մեզ տոնական համերգով ուրախացրել եք, բայց պետպատվերով սազանդարությունը մի՛ հրամցրեք Լորիս Ճգնավորյան ու Օհան Դուրյան տեսած հանդիսականին իբրև մշակութային հեղափոխություն, անգամ՝ մինի։

Զգուշացեք, ժողովրդական տոնախմբության անցակետերը բացվում են

Տեսա բազմազգ ու խանդավառ մի բազմություն, ու սիրտս լցվեց ուրախությամբ, որ հնդիկ, պարսիկ, ռուս ու վրացի, անգամ լիքը կորեացի թե չինացի եկել պատել էին մեր հրապարակը, որովհետև Երևանի սրտում մեզ հետ հավասար ուրախացողը՝ զբոսաշրջիկ լինի, օտարազգի ուսանող, թե արտագնա աշխատող, մեր մեկն երկու անող հյուրն է, իսկ հյուրն Աստծունն է, նույնիսկ երբ էկրանից խոսող Վեհափառի ասած ոչ մի բառը չի հասկանում։ Կաթողիկոսն ազգային գործչին վայել խոսեց՝ մոռանալով կեսբերան հիշեցնել իր հավատավոր հոտին, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը Սուրբ ծննդյան պահքի օրեր են, ուստի ժամկետանց բուդ-բլինչիկի չարաշահումը ոչ միայն առողջարար չի, այլև ոչ այնքան աստվածահաճո։

Հարց է ծագում. ինչպե՞ս պիտի մշակութային հեղափոխություն իրականացվի քրիստոնեությունն առաջինը պետականաշնորհած մեր երկրում, որի մայր եկեղեցին դարերով բարեփոխման բովով չի անցել ու հասել է մի տխուր հանգրվանի, ուր բենթլիավոր եպիսկոպոսները գողական են ֆռռում, պարզամիտ քահանաները՝ սիրահարի համբույրը մեղք  համարում, ու ամոթից շվարում ենք բոլորս՝ անկախ դավանանքից, երբ հերթական անգամ փիլոնազրկվում է մի հերսոտած տերտեր Ղազար։ Փաստորեն հրով ու սրով քրիստոնեություն բերողներն ավելի խելամիտ էին, որ հեթանոսական Վարդավառը եկեղեցական տոնացույցին հարմարեցրին, իսկ լուսավոր 21-րդ դարում մեր եկեղեցու նվաճումը Զատկի ձուն մայիսի մեկին չներկելն ու sms-ներ ուղարկելը մնաց։ Մեզ չի հուզում ազգայինի դիմակ հագած սովետաշխարհիկ ու էջմիածնական տոնացույցերի խորախորունկ անհամատեղելիությունը։ Էս մտքերով էի ընկած, որ մեկ էլ մերոնք, պարսկաչինական պատը ճեղքելով, ինձ էլ հետները քշեցին տարան դեպի բաղձալի կարմիր գորգը։ Նիկոլը իսկական էր, էս բեմադրված տոնահանդեսի միակ գլխավոր հրամանատարը, որն իր դերը չխաղաց, այլ ապրեց։ Մեր հուզմունքը, պարծանքն ու ուրախություն էլ էին իսկական։ Տեսել եք՝ գիտեք։ Ասեց՝ ձեր ցավն իմ սրտում է, արձագանքեցինք՝ դու էլ մեր սրտերում ես, ցավդ էլ տանենք, ասեց՝ ձեր կարիքներն իմ մտքում են, իսկ մենք լռեցինք, իբր ոչ մի բանի կարիք էլ չունենք, որովհետև մեր կարիքները շատ էին, ու ամենքիս մտքինը՝ տարբեր, ասեց՝ ձեր բոլոր երազանքներն իմ հոգում են, ու մենք մի մարդու պես երազանք պահեցինք, ժպտացինք մեկմեկու՝ կեցցեների, ղողանջների, հրավառության տարափի տակ։ Էս էր մեր Ամանորի մինի ժողովրդական հեղափոխությունը։     

Բարեկամություն. վերջին կայարանն է

Վեցի կողմը վերջին գնացքին հասա՝ Հիսուսի բարդույթով համակված, պատրաստ բոլորի ոտքերը լվալ՝ ջուրը խմելուն, կարգին Հայկոյին օրհնելով, մետրոյի բարեհամբույր աշխատակցուհիներին անհարկի երկար-բարակ շնորհավորելով։ Է՛հ, ասում եմ, իմ օրում ժետոն ծախող տղամարդ չեմ տեսել մեր մետրոյում, ոչ էլ շարժասանդուղքի հսկիչ. բոլորը կանայք են։ Տեսնես իմ էս երազանքը Նիկոլի հոգում թևածո՞ւմ է, թե՞ միայն գինովցած գլխումս է պտտվում։ Ա՜խ, ասում եմ ինքս ինձ, ինչ զիլ կլիներ, որ մեր միլիոնանոց ռոճիկով նախարար ու պատգամավոր տղերքը շատ-շատ-շատ, աննախադեպ շատ պոպուլիստական ակցիա անեին՝ մի մարդու պես ծառայեին էս գիշեր մեր ժողովրդին, նստեին էս աղջիկների ու կանանց տեղն ու ժետոն ծախեին, մեկ էլ բարձրախոսով սիրուն-սիրուն ուղերձներ հղեին. այ թե քայլ արած կլինեին, այ թե տոնելու նոր մշակույթ կսերմանեին։

Կարդացեք նաև՝

Աման, աման, Ամանոր…

Գրապալատ. ընդհատված երազ

Երբ գալիս է սեպտեմբերը

 

 

 

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: