9 հունվար, 2020 12:05

Իրանը հերքում է, որ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետևանքով

Իրանը հերքում է տարածվող այն տեղեկությունները, թե հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանումը «հրթիռակոծության» արդյունք էր։ Իրանի ճանապարհային և քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ օդանավը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ 

Իրանական Press TV-ի հաղորդմամբ՝ Էսլամին ասել է, որ Իրանը չի փոխանցի ինքնաթիռի սև արկղերը այլ երկրների։ Նրա խոսքով՝ իրանցի մասնագետներն ու ամերիկյան Boeing ընկերության փորձագետները սև արկղերում պահպանված տեղեկությունները կվերականգնեն Իրանում։

«Ասեկոսեներ են պտտվում, որ վթարը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման, պայթյունի կամ ինքնաթիռի վրա կրակելու արդյունքում, բայց դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է»,- ասել է Էսլամին։

Համացանցում հայտնվել է ուկրաինական ինքնաթիռի անկման տեսանյութը, որն արվել է տեսահսկիչ սարքերով։ Տեսանյութում երևում է ինքնաթիռի բռնկումն ու բեկորների անկումը։

Ուկրաինական Unian գործակալությունը գրում է, որ ըստ իրանական կողմի տրամադրած նախնական զեկույցի՝ թռիչքից հետո Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռում տեխնիկական խնդիր է ծագել, որի պատճառով այն հետ է շրջվել դեպի օդանավակայան։ Օդաչուներն այդ մասին ոչինչ չեն հաղորդել, պնդում են փորձագետները։ Ինքնաթիռը բռնկվել է օդում, մինչև անկումը։

Այսօր՝ հունվարի 9-ը, Ուկրաինայում հայտարարվել է սգո օր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին։

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին։ Օդանավում եղել է 176 մարդ՝ 167 ուղևոր և անձնակազմի 9 ադամ․ բոլորը զոհվել են։

#ՍիվիլՆեթ #Լուրեր