9 հունվար, 2020 09:49

Պատժամիջոցներ, միջուկային ծրագիր, խաղաղություն․ Թրամփի պատասխանը Իրանի հրթիռակոծությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 8-ին հայտարարել է՝ Իրանը «կարծես նահանջում է, և դա լավ նորություն է ամբողջ աշխարհի համար»։ Թրամփի ելույթը հետևել է Իրանի կողմից Իրաքի ռազմաբազաների հրթիռակոծմանը, որոնցում տեղակայված են ամերկյան ուժերը։ ԱՄՆ նախագահը պնդել է՝ հրթիռակոծության արդյունքում ոչ մի ամերիկացի կամ իրաքցի չի զոհվել՝ նախապես ձեռնարկված միջոցների շնորհիվ։

Նա խոսել է Իրանի միջուկային ծրագրից․ «Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը երբեք չի լինելու միջուկային տերություն»։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի «միջուկային նկրտումներից և ահաբեկչությանը աջակցելուց»։ Նրա խոսքով՝ «ժամանակն է, որ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը ընդունեն այս իրողությունը»։

ԱՄՆ նախագահը ազդարարել է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ չհստակեցնելով դրանց բնույթը։

Դոնալդ Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ-ին ավելի ակտիվ ներգրավվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներում։ Նա հերթական անգամ գովերգել է Միացյալ Նահանգների հզորությունը, որը «երբեք չի եղել այդքան մեծ»։

Իր ելույթը ԱՄՆ ղեկավարը եզրափակել է խաղաղության մասին կոչով․ «Վերջում՝ Իրանի ժողովրդին և առաջնորդներին․ մենք ուզում ենք, որ դուք ունենաք ապագա և հզոր ապագա՝ մեկը, որին արժանի եք, բարեկեցություն՝ տանը և ներդաշնակություն՝ աշխարհի պետությունների հետ։ Միացյալ Նահանգները պատրաստ է խաղաղության բոլոր նրանց հետ, ովքեր ձգտում են դրան»։

Կարդացե՛ք նաև՝

Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման բազաները

Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին

Ինչ է կատարվում Իրանում․ հայացք ներսից

#ՍիվիլՆեթ #Լուրեր