9 հունվար, 2020 15:44

Տեղայնացնելով Աճեմօղլուին ու Ռոբինսոնին․ արցախյան լևիաթանի ճակատագիրը

Հանրահայտ տնտեսագետներ Դարոն Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնը իրենց «Նեղ միջանցքը. պետություններ, հասարակություններ և ազատության ճակատագիրը»  (The Narrow Corridor: States, Societies, and the Fate of Liberty) նոր գրքում բացատրում են, թե ինստիտուցիոնալ ինչպիսի դասավորվածության պայմաններում է ծնվում ազատությունը: Աճեմօղլուն ու Ռոբինսոնը իրենց աշխատության մեջ օգտագործում են Ջոն Լոքի ազատության սահմանումը՝ «սեփական գործողությունները, ունեցվածքը և անձը տնօրինելու հնարավորություն` առանց կախված լինելու ուրիշների կամքից»: 

Նրանք առանձնացնում են պետությունների երեք տեսակ, որոնք արտացոլում են հասարակությունների և էլիտաների միջև ուժերի տարբեր բալանսները: Երբ էլիտաների ուժը հասարակության համեմատ չափազանց մեծ է լինում, ձևավորվում են «դեսպոտիկ լևիաթաններ» (Despotic Leviathan) (Աճեմօղլուն ու Ռոբինսոնը փոխառել են Թոմաս Հոբսի տերմինաբանությունը, ըստ որի՝ բնական վիճակում գտնվող հասարակության անդամները, որտեղ բոլորը պատերազմի մեջ էին գտնվում բոլորի դեմ, հրաժարվել են իրենց որոշ բնական իրավունքներից, կովենանտ ստորագրել և ստեղծել պետություն՝ Լևիաթան): 

Դեսպոտիկ լևիաթանները հիմնականում կարողանում են ապահովել կարգ ու կանոն, մեծացնում են պետության կարողությունները, բայց տոտալ վերահսկողության տակ են պահում հասարակությունները: Դեսպոտիկ լևիաթանները որոշ դեպքերում կարողանում են ապահովել նաև զգալի տնտեսական աճ, որը Աճեմօղլուն ու Ռոբինսոնը անվանում են դեսպոտիկ աճ: Սակայն դեսպոտիկ աճը երկար չի տևում և գրեթե միշտ ավարտվում է ստագնացիայով ու ճգնաժամով: Դեսպոտիկ լևիաթանի գոյության պայմաններում բնականաբար ազատություն չի կարող գոյություն ունենալ: 

Երբ հասարակության ուժը էլիտաների ու պետական ինստիտուտների համեմատ չափազանց մեծ է լինում, գործ ենք ունենում բացակայող լևիաթանների հետ (Absent Leviathan): Այս պարագայում պետական ինստիտուտներ չեն ձևավորվում հասարական նորմերի խոչընդոտող ազդեցության պատճառով կամ ձևավորված ինստիտուտները այնքան թույլ են լինում, որ առաջնային դեր են սկսում խաղալ տարբեր կլաններ, ռազմական կամ քրեական խմբավորումներ: Այսպիսի իրավիճակներում պետությունը կորցնում է լեգիտիմ ուժ կիրառելու իր մենաշնորհը և չի կարողանում ապահովել հասարակության անվտանգությունն ու ապահովությունը: Բացակայող լևիաթանի պայմաններում տնտեսական աճ տեղի չի ունենում: Այսպիսի պայմաններում բռնության կամ հասարակական նորմերի մեծ դերի պատճառով չի ծնվում նաև ազատություն: 

Աճեմօղլուն ու Ռոբինսոնը պնդում են, որ ազատությունը ծնվում է դեսպոտիկ ու բացակայող լևիաթանների միջև գտնվող նեղ միջանցքում: Այդ միջանցքում հաստատված պետությունները նրանք անվանում են կապանքված լևիաթան (Shackled Leviathan): Կապանքված լևիաթանները առաջանում են այն ժամանակ, երբ հասարակության ու պետության միջև ուժերի բալանս է հաստատվում: Իսկ այդ բալանսը, ըստ գրքի հեղինակների, հաստատվում է «կարմիր թագուհու էֆեկտի» (The Red Queen Effect) արդյունքում: 

Աճեմօղլուն ու Ռոբինսոնը օգտագործում են Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» մանկական գրքից մի դրվագ, որպեսզի բացատրեն հասարակության ու պետության միջև ուժերի բալանսի ձևավորման ֆենոմենը: Ալիսը գրքի մեջ հանդիպում և մրցավազքի մեջ է մտնում Կարմիր թագուհու հետ: Որոշ ժամանակ վազելուց հետո Ալիսը հասկանում է, որ իր շուրջը գտնվող ծառերը և մյուս իրերը չեն փոխվում: Ինչքան էլ արագ նրանք վազեին, նույն տեղում էին մնում: Վերջապես, երբ նրանք կանգ են առնում, Ալիսը հարցնում է Կարմիր թագուհուն. «Ինչո՞ւ տպավորություն ունեմ, որ մենք վազքի ողջ ընթացքում այս ծառի տակ ենք եղել: Ամեն ինչ նույնն է: Մեր երկրում արագ ու երկար վազելուց հետո մենք ինչ-որ տեղ ենք հասնում»: Կարմիր թագուհին պատասխանում է, որ իրենց երկրում պետք է հնարավորինս արագ վազել, որպեսզի շարունակել նույն տեղում մնալ: Այսպիսով, «Կարմիր թագուհու էֆեկտը» այն իրավիճակն է, երբ սեփական դիրքը պահելու համար պետք է շարունակել վազել: Հասարակությունն ու պետությունը պետք է միշտ արագ «վազեն», որպեսզի  կարողանան պահպանել միմյանց միջև գոյություն ունեցող ուժերի բալանսը:

Աճեմօղլուն ու Ռոբինսոնը պնդում են, որ դեսպոտիկ ու բացակայող լևիաթանների արանքում ձևավորված նեղ միջացնքում «Կարմիր թագուհու էֆեկտի» արդյունքում առաջացած կապանքված լևիաթանները պետության ամենաարդյունավետ տեսակներն են: Հասարակության ու պետության մշտական պայքարը հանգեցնում է ինչպես պետության կարողությունների զգալի բարձրացմանը (պրոֆեսիոնալ ու ինքնավար բյուրոկրատական ապարատի առաջացմամբ, արդյունավետ ինստիտուտների կայացմամբ և այլն), այնպես էլ հասարակության վերահսկողական մեխանիզմների ավելացմանը: Լևիաթանը մնում է կապանքված, բայց ընդունակ է լինում ապահովել որակյալ ծառայություններ հասարակությանը: Միայն կապանքված լևիաթաններն են կարողանում պայմաններ ստեղծել ազատության և երկարատև տնտեսական աճի համար: 

Կապանքված լևիաթանը, սակայն, ժողովրդավարության հոմանիշը չէ: Աճեմօղլուն և Ռոբինսոնը կապանքված լևիաթանների օրինակներ են բերում այն ժամանակահատվածներից, երբ աշխարհում ժողովրդավարություններ չկային (12-13-րդ դարերի Հյուսիսային Իտալիայի քաղաքները, ուշ միջնադարի Շվեյցարիան, 19-րդ դարի սկզբի Մեծ Բրիտանիան և այլն): Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում կապանքված լևիաթանների ճնշող մեծամասնությունը ժողովրդավարություններ են: 

Արցախյան լևիաթան

Արցախի նորագույն պատմության ընթացքում հասարակություն-պետություն հարաբերություններում պետությունը միշտ գերիշխող դիրք է ունեցել։ Ղարաբաղյան պատերազմը լուրջ խթան է եղել արցախյան պետականաշինության համար: Արտաքին վտանգը նախադրյալներ է ստեղծել, որ շատ կարճ ժամանակահատվածում ձևավորվի ուժեղ և արդյունավետ պետություն, որը ընդունակ էր կենտրոնացնել երկրի բոլոր ռեսուրսները, դիմակայել արտաքին ագրեսիային, ինչպես նաև իրականացնել կարևոր մի շարք այլ գործառույթներ: 

Սա, սակայն, վերևից ներքև ընթացող պրոցես էր, որտեղ իշխող էլիտան որոշիչ դեր ուներ: Հասարակությունը զբաղված էր պատերազմով և պետության մեծացող ուժն ու ադեցությունը վերահսկող մեխանիզմներ ստեղծելու համար ժամանակ չուներ: Այդ իսկ պատճառով պատերազմից հետո արցախյան լևիաթանը գերհզոր էր, իսկ հասարակությունը՝ չափազանց թույլ: Հասարակությունը արցախյան լևիաթանին կապանքելու հնարավորություն ու կարողություն չուներ: Օբյեկտիվ պատճառներով որպես դեսպոտիկ լևիաթան ծնված պետությունը շարունակել է այդպիսին մնալ մինչև վերջերս, մի քանի անգամ մոտենալով միջանցքին, բայց հետո, արտաքին գործոնների ազդեցության ներքո, հեռանալով դրանից: 

Արցախն առաջին անգամ միջանցքին մոտեցել է 2000-ականների սկզբին, երբ հետպատերազմյան իներցիայի թուլացման արդյունքում հասարակությունը սկսեց ինքնակազմակերպվել և պետությունը վերահսկելու առաջին փորձերը կատարել: Այդ տարիներին  ԼՂՀ պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց բավականին ուժեղ ընդդիմադիր դաշտ: 2004-ին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում ընտրվեց ոչ իշխանական թեկնածու: Ստեղծվեց առաջին անկախ լրատվամիջոցը («Դեմո» թերթը), որը հանդես էր գալիս իշխանությունների մշտական քննադատությամբ: Կարծես նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, որ Արցախը մտնի միջանցք, «Կարմիր թագուհու էֆեկտը» սկսի գործել, հասարակությունը ու պետությունը մեկնարկ տան իրենց «մրցավազքին»՝ մեծացնելով թե պետության կարողունակությունը, թե հասարակության  վերահսկողական մեխանիզմները: 

Սակայն արտաքին ազդեցության պատճառով այդ պրոցեսները տեղի չունեցան: 2005-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Երևանը ջանքեր ու ռեսուրսներ չխնայեց «Շարժում 88-Դաշնակցություն» ընդդիմադիր դաշինքը ջախջախելու համար: Արցախը, սակայն, դեռ շատ չէր հեռացել միջանցքից: 2006-2007 թթ․ հասարակության ակտիվ կեցվածքի շնորհիվ հաջողվեց կանխել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի երրորդ նախագահական ժամկետը: 2007-ի նախագահական ընտրությունները ևս մրցակցային ստացվեցին, բայց հասարակության ու իշխող էլիտայի միջև պայքարի արդյունքը կանխորոշված էր: Ուժերը չափազանց անհավասար էին: 

Դեսպոտիկ լևիաթանը Արցախում վերածնվեց Բակո Սահակյանի ռեժիմի տեսքով, որը սկսեց տարեցտարի հեռացնել երկիրը միջանցքից: Առաջին իսկ օրերից նոր նախագահը նախաձեռնեց հասարակության թուլացման գործընթաց, որը գագաթնակետին հասավ 2010-ին, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չէր առաջադրվել նույնիսկ մեկ ընդդիմադիր թեկնածու: 

Արցախյան դեսպոտիկ լևիաթանը «վազում էր» հսկայական տեմպերով, իսկ հասարակությունը դոփում էր տեղում: Պետության վերահսկողությունը հասարակության նկատմամբ հասել էր այն աստիճանի, որ սոցիալական ցանցերում կատարված գրառման կամ մեկնաբանության համար քաղաքացիները հայտնվում էին հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Քաղաքական ակտիվության ամենաչնչին դրսևորումը կարող էր աշխատանքի կորստի պատճառ դառնալ: 

Այս իրավիճակը շրջելու հնարավորություն առաջացավ 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ շատ կարճ ժամանակահատվածով հասարակության զգալի մասը կարողացավ համախմբվել ընդդիմադիր թեկնածուի շուրջ և լուրջ մարտահրավեր նետել իշխող ռեժիմին: Սակայն այս ակտիվությունը շատ կարճ տևեց: Գործող նախագահը, օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող բոլոր ռեսուրսները, կարողացավ վերընտրվել: Պարտված ընդդիմադիր թեկնածուն իր հերթին չօգտագործեց նոր բևեռ դառնալու այդ հնարավորությունը: Արցախը կրկին հեռացավ միջանցքից: 

2012-ից հետո արցախյան դեսպոտիկ լևիաթանը էլ ավելի ամրապնդեց դիրքերը: Այդ տարիները նշանավորվեցին հասարակության թուլացմամբ և իշխող ռեժիմի ուժեղացմամբ: Երևանի անվերապահ աջակցությամբ և անսահամանափակ ռեսուրսների օգտագործմամբ Արցախում քաղաքական մրցակցության վերջին մնացորդները ոչնչացվեցին: Երբ 2017-ին Արցախի իշխող էլիտան սկսեց սահմանադրական փոփոխությունները Բակո Սահակյանի պաշտոնավորումը շարունակելու նպատակով, հասարակությունն արդեն կորցրել էր իր դիմադրողականությունը: Թվում էր, թե Արցախը վերջնականպես հեռացել է միջանցքից և հասարակության ու պետության միջև մրցավազքի հնարավորություն չի լինելու մոտակա տասնամյակների ընթացքում: 

Սակայն Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ամբողջովին փոխեց իրավիճակը նաև Արցախում: Անցած մեկուկես տարիների ընթացքում Արցախը մտավ միջանցք, որտեղ սկսեց գործել «կարմիր թագուհու էֆեկտը»: Հասարակությունն ու պետությունը մեկնարկ տվեցին իրենց «մրցավազքին»: Նախկինում տեղում դոփող հասարակությունը սկսեց թափ հավաքել ու մեծ տեմպերով մոտենալ տարիների ընթացքում անարդար ու անհավասար պայմաններում առաջ ընկած պետությանը: Այդ «մրցավազքի» որոշիչ հատվածը այս տարվա համապետական ընտրություններն են լինելու, որի արդյունքում էլ որոշվելու է, թե ինչ ուղղությամբ է շարժելու Արցախը մոտակա տասնամյակների ընթացքում: Եթե կարողանանք ընտրել արցախյան լևիաթանին կապանքելու ուղին, ապա ունենալու ենք թե՛ ազատություն, թե՛ տնտեսական զարգացում: Եթե վերջին տասնամյակի ընթացքում հասարակությանը թուլացրած ուժերն ու գործիչները հաջողության հասնեն, ունենալու ենք դեսպոտիկ լևիաթան՝ իր բոլոր կողմնակի էֆեկտներով: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: