12 հունվար, 2020 21:13

Վազգեն Մանուկյանի «Վերնատունն» աջակցություն է հայտնում ՍԴ յոթ անդամներին

 

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հանրային խորհրդի նախկին նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հիմնադրած ակումբի հայտարարությունում ասվում է, թե «ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը: Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին»։ 

Ակումբի հայտարարությունում նշվում է, որ Սահմանադրական դատարանը մնացել է վարչապետին ոչ ենթակա միակ պետական ինստիտուտը՝ «պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից»։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՍԴ դատավորներին՝ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին, Արայիկ Թունյանին և Ֆելիքս Թոխյանին, բարձր գնահատում նրանց քաղաքացիական ու արժանապատիվ դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն իրականում պետականամետության և պատասխանատվության գիտակցության նախանձելի օրինակ է յուրաքանչյուրիս համար։

Կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով ներկայացված նսեմացուցիչ առաջարկը մերժելուց հետո ՍԴ դատավորների վրա նենգ հարձակումները ծավալվում են նաև անձնական տիրույթում՝ շանտաժի ու անբարոյական գործիքների տեսքով։ Ակնհայտ է, որ այլևս կիրառվելու են ամենաքստմնելի միջոցները։

Մեր համոզմամբ, Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումով սահմանադրական արդարադատության վերացումն այն աստիճան է կարևորվում գործադիր իշխանության կողմից, որ չի բացառվում անգամ ՍԴ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելու սցենարը։ Այս ամենի հեղինակները, սակայն, հերթական անգամ սխալվել են, քանզի կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրական դատարանի դատավորները մնում են իրենց երդմանը և առաքելությանը հավատարիմ»,- ասված է հայտարարությունում։

***

2019-ի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020-ի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Քննադատներն այդ օրենքը համարում են կառավարության կողմից «կաշառքի առաջարկ» ՍԴ անդամներին։

Դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որը վերաբերում է արդարադատության նախարար եղած ժամանակ (2010-13) պաշտոնեական դիրքի չարաշահումներին՝ կապված նոտարական գրասենյակների սեփականաշնորհման հետ։

Հունվարի 9-ին կալանավորվեց նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով մեղադրյալ, Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը։ 

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի