13 հունվար, 2020 09:31

Սև հունվար. ջարդեր Բաքվում՝ 13-15 հունվար, 1990թ.

1990 թվականի հունվարի 13-15-ը կազմակերպվեցին Բաքվի հայկական ջարդերը: Ներկայացնում ենք մի հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից:

Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նելլի Ղուկասյանը Բաքվից Հայաստան էր տեղափոխվել 1988թ. նոյեմբերին, երբ ընթացքի մեջ էին հայկական ջարդերն ու էթնիկ զտումները Գյանջայում, Ադրբեջանի այլ վայրերում: Ընտանիքի հետ նա հաստատվում է Էջմիածնի հյուրանոցում եւ որոշ ժամանակ անց Վեզիրովի «մեծ խնդրանքով», տասնյակ հայ ընտանիքների հետ վերադառնում է Ադրբեջան: Կարճ ժամանակ անց, սակայն, Ղուկասյանը ստիպված էր կրկին լքել հարազատ քաղաքը: 1990-ի հունվարին ջարդերի նոր թատերաբեմ են դառնում Բաքվի հայկական թաղամասերը: Ի տարբերություն Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերի, հազարավոր հայեր դեռ մնացել էին Բաքվում: Նրանք կարող էին նախորդ երկու տարիների ընթացքում փոխանակել բնակարանները կամ պարզապես փրկել իրենց կյանքը, սակայն մինչևվերջ հավատացին Բաքվի ինտերնացիոնալիզմին:

«Ես իմ տան պատուհանից թաքուն նայում և տեսնում էի, թե ինչ է կատարվում փողոցում. խարույկներ էին վառում, թալանում հայերի ունեցվածքով բեռնված մեքենաները: Մեր շենքի երկրորդ հարկում բնակվում էր Ալլա Խաչանյանը: Երբ նրա տան դուռը սկսեցին կացինով ջարդել, աղջիկը պատուհանից իրեն նետեց փողոց: Մարդկանց և կահ-կարասին նետում էին բարձրահարկ շենքերից: Սարսափելի տեսարան էր: Երբ մենք խնդրում էինք զիվորների օգնությունը, նրանք ասում էին, որ հրաման չունեն: Մեզ իրենց տանը թաքցրեցին Երևանից ադրբեջանցի փախստականները, երբ Ժողճակատի գրոհայինները ջարդում էին հայերի բնակարանների դռները: Ես և ամուսինս մեր ռուս հարսի օգնությամբ հասանք Բաքվի նավահանգիստ, այնտեղից` Կրասնովոդսկ (այժմ Թուրքմենբաշի)»,- սարսափով հիշում է Ղուկասյանը:

Ժամանակի մամուլը արձանագրել է. «Խորհրդային Վրաստան» լաստանավը մոտենում է Կրասնովոդսկի նավահանգստին: Նավասանդուղքից իջնում են հոգնած, տանջված մարդիկ: «Առաջին օրերին սարսափելի էր նայել բոկոտն, ծեծված, խոշտանգված մարդկանց: Երկու հոգի` 85 տարեկան մի տղամարդ եւ 90 տարեկան մի կին վերքերից ու ծեծից մահացան հենց նավում: Մի քանիսին տեղավորել ենք քաղաքային հիվանդանոցում»,- ասել է Կրասնովոդսկի ոստիկանության ղեկավարներից մեկը: Քաղաքի քաղկոմի քարտուղար Ն. Մուրավյովա. «Մենք ընդունել ենք տասը հազարից ավելի փախստականների: Գրեթե բոլորին ինքնաթիռներով ուղարկել ենք Երևան: Սարսափելի տեսարան էր»:

Ինչպես և Սումգայիթում, հարձակվողների գործողություններն աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Մարդկանց նետում էին վերին հարկերի իրենց բնակարանների պատշգամբներից, ամբոխը հարձակվում ևւ երկաթյա ձողերով, դանակներով սպանում էր հայերին, ուղղակի զավթում նրանց բնակարանները, ունեցվածքը: Թե որքան հայեր են սպանվել Բաքվի ջարդերի օրերին` հստակ անհնար է ասել. հայերը նշում են 150, ներառյալ նրանք, ովքեր ստացած վերքերից մի քանի օր անց մահացան Թուրքմենստանում և այլուր: Արիֆ Յունուսովը նշում է 86 թիվը:

1989թ. դեկտեմբերից Բաքվում մնացած հայերին ազատվում էին աշխատանքից: Առավել անհնազանդ կամ դանդաղաշարժ ղեկավարների ազգանունները, որոնք մտածված կամ առանց մտածելու չէին կատարում այդ պահանջը, փակցնում էին հատուկ ցուցատախտակներին` Լեյտենանտ Շմիդտի փողոցում գտնվող Ժողճակատի նստավայրի առաջ: Նույն վայրում ցուցատախտակների վրա փակցնում էին նաև այն հարյուրավոր հայերի ազգանունները, որոնք դեռ շարունակում էին աշխատել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմում, ՊԱԿ-ի համակարգում: Նման հայտարարությունների համար օգտագործում էին նաև մի ժամանակ սինագոգի նախկին շենքի հին սյուները, սինագոգ, որը մի քանի տարի առաջ հայտարարվեց Ռաշիդ Բեյբութովի երգի թատրոն:

Մոսկվայի «Կոմսոմոլսակայա պրավդա» թերթը գրել է. «Հունվարի 13-ին, ժամը 17-ից հետո Լենինի անվան հրապարակի հանրահավաքից դուրս եկած մոտ 50 հազար մարդ, բաժանվելով խմբերի` կատարեցին ջարդեր, ավերածություններ, հրկիզումներ, բռնություններ եւ սպանություններ: Ձերբակալվածների մեջ չկա ոչ մի բաքվեցի, նրանք բոլորն էլ Հայաստանից, Ղարաբաղից և Նախիջևանից են` «երեւանյան ազերիներ»:

Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»: Այս սահմռկեցուցիչ պատկերը նկարագրելուց հետո Մամեդովը արդարացրել է Ժողճակատին. «Հենց մե’ր ակտիվիստները շրջափակեցին այդ շրջանը և միլիցիայի բաժանմունքից պահանջեցին ցրել ամբոխը»:

Բաքվի հայկական ջարդերը տեղի էին ունենում այն օրերին, երբ Ադրբեջանում իշխանության էր ձգտում Ժողճակատը: Մի կողմից Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությունը իշխանությունը պահելու համար Մոսկվայից օգնություն էր ակնկալում ճակատայինների դեմ պայքարում, մյուս կողմից` համագործակցում նրանց հետ:

«1989թ. դեկտեմբերի 11-ին հեռուստատեսությունը ցուցադրեց ռեպորտաժ գործարանում բանվորների հետ առաջին քարտուղարի հանդիպումից: Բանվորներից մեկը Վեզիրովին հարցրեց, թե ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ: Վեզիրովը խանդավառված պատասխանեց. «Ամեն ինչ լավ է լինելու: Շուտով կտեսնեք: Հանուն Ղարաբաղի կոմկուսն ու Ժողճակատը միավորվելու են»: Ի՞նչ նկատի ուներ Վեզիրովը ջանքերը համատեղել ասելով: Մի ժամանակ վերակառուցմանը աջակցող Ժողճակատի հետ ջանքերը համատեղելու մեր առաջարկից նա հրաժարվում էր, իսկ ահա այժմյան ջարդարար-խռովարար Ժողճակատի հետ արդեն պատրաստ է միավորվելու: Տեղյակ է՞ր նա, որ ջարդ է նախապատրաստվում, որ իրեն հեռացնելու են և իշխանությունը զավթելու փորձ է լինելու: Թե՞ նա այնքան էր կտրվել իրականությունից, որ չէր տեսնում ակնհայտը: Թե՞ նա տեղյակ էր այդ ամենին եւ Ժողճակատը ջախջախելու Մոսկվայի խաղն էր առաջ տանում»,- հարցնում է Զարդուշտ Ալիզադեն:

Նախքան Բաքվի հայկական ջարդերը բանակցություններ էին վարվում մի կողմից Վեզիրովի ու նրա տեղակալ, Ղարաբաղում Կազմկոմիտեի ղեկավար նշանակված Պոլյանիչկոյի, մյուս կողմից` Ժողճակատի եռյակի` Էթիբար Մամեդովի, Նեյմեթ Փանահովի և Ռահիմ Ղազիևի միջեւ: Պայմանավորվածություն է ձեռք բերվում «Ազգային պաշտպանության խորհուրդ»  ձևավորելու մասին, որի նպատակը Ղարաբաղից հայերի զանգվածային արտաքսումը կազմակերպելն էր: Հունվարի 13-ին «Ազադլըգ» (նախկին Լենինի) հրապարակում հայտարարվեց Աբուլֆազ Ալիևի (Էլչիբեյ) նախագահությամբ «Ազգային պաշտպանության խորհրդի» ստեղծման մասին: Խորհրդի մյուս անդամներն էին Մամեդովը, Փանահովը, Ղազիևը եւ Խալիգ Բահադըրը (ոչ հայտնի լրագրող, արմատական ազգայնական): Հանրահավաքն անցավ հայրենասիրական ոգով` հակահայ նշանաբանների ներքո: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողները հայտնեցին, որ Բաիլի շրջանում ոմն հայ կացնի հարվածով սպանել է մի ադրբեջանցու: Հանրահավաքն ավարտվեց «Մա’հ հայերին» կոչով, և ամբոխը ցրվեց: Խելոք մարդիկ շտապեցին իրենց տները, իսկ ջարդարարները ցրվեցին քաղաքով մեկ, քանի որ հասցեներն ու ազգանունները արդեն հայտնի էին:

«Գիշերը` ջարդերի նախօրեին, հեռուստատեսության էկրանին իր շքախմբով հայտնվեց ազգի մյուս հերոսը` վեց թե ութամյա կրթությամբ Փանահովը: Ատելություն, չարություն` այդ ամենը ծանոթ էր և  սովորական: Նորը, անակնկալը` լոկ դատողություններն էին Վեզիրովի մասին, որ նրան որպես ղեկավար պետք է հարգել, որ նրան «Վեզիրյան» կոչողները ազգի թշնամիներ են: Չօգնեց Վեզիրովին և  այդ ուշացած դաշինքը նրանց հետ, որոնց նա համարում էր իշխանության ձգտող լակոտներ: Նա (Վեզիրովը) մի քանի օր հետո դարձավ փախստական, ինչպիսին Բաքվի ատելի հայերն էին նրա համար»,- ականատեսի իր հուշերն է շարադրել Իրինա Մոսեսովան:

Պոլյանիչկոյի դերակատարությունը Ադրբեջանում Բաքվի ջարդերի օրերին հակասական է: Տրամաբանությունն ու նրա զբաղեցրած պաշտոնը ենթադրել էր տալիս, որ Պոլյանիչկոն չպետք է համագործակցեր հակառուս Ժողճակատի, ավելին` ազգայնական այս կուսակցության ծայհարևան կան թևի հետ, ինչը հենց անում էր: Ավելին, Պոլյանիչկոն Ժողճակատի ղեկավարների հետ ոչ միայն սերտ կապեր էր պահպանում, այլ կարևոր խորհուրդներ տալիս: Նա պնդում էր, որ ժողճակատը անհրաժեշտ է զարգացնել որպես ազգային եւ իսլամական շարժում, այլապես ժողովուրդը չի հավատա շարժմանը: Նրա խորհրդով Ժողճակատի դրոշի վրա ավելացվեց կանաչն ու երկնագույնը: «Ղուրանը Պոլյանիչկոյի սիրելի գիրքն էր: Երբ նա ընդունում էր որևէ մեկին, Ղուրանը` ամբողջովին էջանիշներով, միշտ սեղանի վրա էր»,- ասել է Ժողճակատի նախկին առաջնորդներից Լեյլա Յունուսովան: Ղուրանը իր մոտ պահելու Պոլյանիչկոյի սովորության մասին նշել է նաև Աֆղանստանում ԽՍՀՄ դեսպանը: Դա անվանվում էր «սոցիալիզմ կառուցել մի ձեռքում Լենին, մյուսում` Ղուրան»:

Գորբաչովը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Բաքվում իրադարձությունները ողբերգական բնույթ են ստացել` «ջարդեր, սպանություններ, անմեղ մարդկանց իրենց բնակարաններից հանում և  արտաքսում էին»: Խորհրդային պետության առաջին եւ վերջին նախագահը, ինչպես Սումգայիթի դեպքում, խուսափում է իրերն իրենց անուններով կոչելուց: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են միայն այն ժամանակ, երբ արդեն հայկական ջարդերն ավարտված էին: Թվում է`  զորքեր կարող էին և չմտցվել, եթե Ադրբեջանում վտանգի տակ չլիներ խորհրդային իշխանությունը: «Ադրբեջանում ծայհարևան կան ուժերի գործողությունները ստանում էին ավելի ու ավելի բացահայտ հակապետական, հակասահմանադրական և հակաժողովրդական բնույթ: Մի շարք շրջաններում բռնի ուժով հեռացվեցին իշխանության օրինական մարմինները, քայքայվեցին կառավարական կառուցվածքները: Հարյուրավոր կիլոմետրերի վրա ոչնչացվեցին պետական սահմանի ինժեներատեխնիկական կառուցվածքները: Գործնականում չէր թաքցվում հանրապետությունում իշխանությունը բռնի զավթելու խնդիրը: Այդպես չէր կարող շարունակվել»,- ասել է Գորբաչովը:

Հունվարի 10-ին Ալաքրամ Գումմատովը Լենքորան քաղաքից (գտնվում է Ադրբեջանի հարավ-արեւելքում, բնակեցված է գերազանցապես իրանալեզու թալիշներով) կապվում է Էթիբար Մամեդովի հետ` տեղեկացնելու, որ Ժողճակատը պատրաստվում է շրջանում զավթել իշխանությունը: 1989թ. վերջերին Ժողճակատը գրոհով իշխանությունը զավթել էր Ջալիլաբադում (նույնպես գտնվում է հարավ-արեւելքում` Իրանի սահմանի մոտ): Դա կարելի է համարել առաջին դեպքը ԽՍՀՄ 70-ամյա պատմության ընթացքում, երբ տապալվում է խորհրդային իշխանությունը: Փանահովը, ով Ջալիլաբադում իշխանությունը զավթողների առաջին շարքերում էր, շտապում է Նախիջևան, որպեսզի դեկտեմբերի 31-ին մասնակցի խորհրդա-իրանական սահմանի նախիջեւանյան հատվածի փշալարերի և դիտաշտարակների ջախջախմանը:

Ժողճակատի Նախիջևանի բաժանմունքի առաջնորդներից Արիֆ Ռահիմօղլուն հետագայում պատմել է , թե ինչպես էին մարդիկ զայրույթի և ուրախության զգացումով ավերում փշալարը: Նախապես Ժողճակատը որոշվել էր սահմանը փշալարից ազատելու գործողությունը սկսել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, սակայն Էլչիբեյը կարգադրում է սահմաններն ավերել դեկտեմբերի 31-ին: ԽՍՀՄ ՊԱԿ-ի զորքերը դիմադրություն ցույց տալուց խուսափում են: Մոտ մեկ տարով իշխանության գալով` Ժողճակատը դեկտեմբերի 31-ը հռչակում է աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր:

Հունվարի 15-ին, երբ Բաքվում շարունակվում էին հայկական ջարդերը, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը  ընդունում է «ԼՂԻՄ-ում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու» որոշում: Արտակարգ դրություն է մտցվում Լեռնային Ղարաբաղում, նրան սահմանակից Աղդամի, Լաչինի, Միրբաշիրի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի և Ղուբաթլուի, հետագայում` Շահումյանի շրջաններում: Մինչդեռ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվում է միայն հունվարի 19-ին, երբ հայկական ջարդերը, ըստ էության, ավարտվել էին, և մայրաքաղաքում հայեր չէին մնացել:

Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, զորքեր մտցրեց Բաքու` ջախջախելու իշխանության ձգտող Ժողճակատին: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասան  հունվարի 19-ին` ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ: Գործողությունը համակարգում էր պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Մի քանի օր անց նա խոստովանել է, որ զորքերը Բաքու են մտցվել «Ժողճակատի կողմից իշխանությունը կոմունիստներից զավթելու փորձը կանխելու նպատակով»:

Սպանվում են հարյուրից ավելի ցուցարարներ եւ գրոհայիններ, որոնց մի մասը մասնակցել էր Բաքվի հայկական ջարդերին: Խորհրդային տանկերի թրթուրների տակ ճզմվում են նաև տասնյակ խաղաղ քաղաքացիներ, հարյուրավորները վիրավորվում են: Բախումների ընթացքում սպանվում են խորհրդային բանակի ավելի քան երկու տասնյակ զինվորներ, ինչը նշանակում է, որ քաղաքում ընթացել են մարտեր: «Եթե ճշմարտությունից խոսենք, ապա ծայհարևան կանների գործողությունները համատարած բռնություններ էին: Բռնությունն արտահայտվում էր նրանում, որ թե’ հայերը, թե’ ադրբեջանցիները երկար ժամանակի ընթացքում զինվում էին: Թալանվում էին ոչ թե պարզապես ինչ-որ առանձին փոքր ստորաբաժանումներ, այլ ռազմականացված պահպանությունը, մարզային զինկոմիսարիատները, ՆԳՆ մարմինները: Բռնության հետեւանքով ավերվել է պետական սահմանը»,- ասել է Յազովը:

Երկարատեւ լռությունից հետո կրկին ասպարեզ է իջնում Հեյդար Ալիևը, որը 1987թ. քաղբյուրոյից հեռացվելուց հետո շարունակում էր բնակվել Մոսկվայում: Բաքու զորքեր մտցնելուց  հետո Ալիևը Մոսկվայի Ադրբեջանի ներկայացուցչությունում դատապարտում է այդ քայլը, իսկ որոշ ժամանակ անց վերադառնում ծննդավայր` Նախիջևան: 1990թ. սեպտեմբերին Նախիջևանում ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովի հետ զրույցում Ալիևը հունվարյան դեպքերին անդրադառնալով ասել է, որ Բաքվում արտակարգ դրություն հայտարարելու և զորքեր մտցնելու որևէ կարիք չկար: «Բաքվում հայերի և ադրբեջանցիների միջև բոլոր կոնֆլիկտները ավարտվել էին այդ ողբերգական գիշերվանից մի քանի օր առաջ, և քաղաքում որևէ հայ չէր մնացել: Հարց է ծագում` զորքերը ո՞ւմ և ի՞նչն էին պաշտպանում»:

Ալիևը Բաքվի հայկական ջարդերը, որոնք իրենց ծավալներով, ժամանակային առումով, դաժանությամբ ու սպանվածների թվով աննախադեպ էին անգամ տոտալիտար Խորհրդային Միության համար, ընդամենը անվանում է «կոնֆլիկտ հայերի և ադրբեջանցիների միջեւ»: Փոխարենը` նա կենտրոնանում է միայն հունվարի 20-ի վրա, դա որակելով «ադրբեջանցի ժողովրդի դեմ բռնության գործողություն»:

Նախիջևանի առաջնորդ Ալիևն ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցին պատմել է, թե ովքեր էին «սև  հունվարի» մեղավորները: «Դա Մոսկվայի ՊԱԿ-ն էր և Ադրբեջանի ՊԱԿ-ն էր, նաև` Ադրբեջանի ողջ ղեկավարությունը: Նրանք բոլորը ներգրավված էին հունվարի 12-ին, 13-ին և 14-ին Բաքվի հայերի վրա հարձակումներում, ապա նորից` հունվարի 20-ին, երբ խորհրդային զորքերը գրոհեցին Ադրբեջանը: Այդ ամենը Մոսկվայի ծրագիրն էր, որին մասնակից էր ադրբեջանական ղեկավարությունը` Վեզիրովն ու Մութալիբովը»:

Հայաստանի կոմունիստական ղեկավարությունը Բաքվի հայկական ջարդերին անդրադառնում է դեպքերից միայն մեկ ամիս անց. փետրվարի 13-ին Գերագույն խորհուրդը դատապարտվում էին «հայերի ջարդերը Բաքվում և Ադր. ԽՍՀ մյուս շրջաններում», դրանք գնահատվում «հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության շարունակություն»:

Բաքվի ողբերգական իրադարձություններից 16 տարի անց Գորբաչովը խոստովանել է, որ իր հրամանով են զորքեր մտցվել Ադրբեջանի մայրաքաղաք. «Իրադարձությունները Բաքվում դարձել էին անկառավարելի, Գերագույն խորհուրդը և կոմկուսը կաթվածահար էին, քանդվել էր երկու հարյուր կիլոմետրանոց պետական սահմանը, հարձակումներ էին կատարվում տեղական մարմինների վրա: Ես շտապ Բաքու գործուղեցի Եվգենի Պրիմակովին և Անդրեյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարել ու զորքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը»:

Այն բանից հետո, երբ Էլչիբեյին ու Ժողճակատին մեծ արյան գնով հաջողվեց տապալել Վեզիրովին, առաջ եկավ պատասխանատվությունից խուսափելու հարցը: Մամեդովը շտապ մեկնեց Վրաստան, ապա` Մոսկվա եւ այնտեղ` Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում առաջին անգամ հանդիպեց Հեյդար Ալիևի հետ: Մամուլի ասուլիս անցկացնելու փորձը ձախողեց մոսկովյան ՕՄՕՆ-ը` ձերբակալելով Մամեդովին: Փոխարենը, մամուլի ասուլիս անցկացրեց ՊԱԿ-ի գեներալ Ալիևը և  դատապարտեց խորհրդային ղեկավարության գործողությունները` Բաքվում անմեղ մարդկանց սպանությունները:

Արյունալի սադրանքի մյուս հերոսը` Փանահովը, մի քանի օր Բաքվում թրև գալուց հետո ուղևորվեց Իրան, այնտեղ անցկացրեց մի քանի  ամիս և, եթե հավատանք նրա խոսքերին` իրանական հակահետախուզությունը ձերբակալել է` փորձելով հակել համագործակցության, սակայն նա իբր կարողացել է ազատվել իրանական բանտից և անցնել Թուրքիա: Հետագայում վերադառնալով Բաքու` Փանահովն այլևս իրադարձությունների առաջին շարքում չէր և կատարում էր Հեյդար Ալիևի մանր հանձնարարականները:

Ղազիևը ձերբակալվում և պահվում է Լեֆորտովոյում` Մամեդովի հարևանությամբ: Դեռ դատավարության ընթացքում նրանց ընտրում են Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգանավոր: Խորհրդային իշխանությունը «տապալած» Գումմատովը սկզբում թաքնվում է թալիշական լեռներում, ապա մեկնում Վրաստան, կրկին վերադառնում Ադրբեջան և ձերբակալվում Ժողճակատի գրասենյակում: Նրան դատում են` տալով պայմանական ժամկետ, և Գումմատովը վերադառնում է Լենքորան:

Հունվարի 20-22-ի դեպքերի հետեւանքով Բաքվում սպանվածները թաղվեցին նահատակների` «Շեհիդների ծառուղում»: Հետագայում այստեղ թաղվեցին նաև ղարաբաղյան պատերազմի զոհերը: Հունվարի 20-ը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի սգո օր. ամեն տարի այդ առիթով անց են կացվում տարբեր միջոցառումներ, իսկ «Շեհիդների ծառուղին» մտցվեց երկրի արարողակարգի մեջ. Ադրբեջան պաշտոնական այց կատարող պետությունների նախագաները այցելում և ծաղիկներ են դնում այնտեղ: