13 հունվար, 2020 10:32

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է շրջանցել Իրանի և Իրաքի օդային տարածքները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։ Հաղորդագրությունը՝ ստորև․

«Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։

Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը», - ասված է Քաղավիացիայի հաղորդագրությունում։

***

Հունվարի 8-ին Թեհրանի մոտ կործանվել է Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը։ Ավիավթարը խլել է 176 կյանք։ 

Հունվարի 10-ին New York Times-ը տեսանյութ է հրապարակել՝ հաստատելով, որ Թեհրանի մոտ ինքնաթիռը կործանվել է հրթիռի հարվածից։

Ավելի ուշ Իրանն ընդունել է, որ ինքնաթիռը խոցել է իր զինուժի սխալի պատճառով արձակված հրթիռը։ 

Իրանը հրթիռակոծությունն իրականացրել է ավելի վաղ Բաղդադում ամերիկյան օդուժի կողմից իր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան։

#ՍիվիլՆեթ #Լուրեր