13 հունվար, 2020 12:34

2019-ին Հայաստանում ավտոներկրման բում է եղել

2019-ին Հայաստանում մաքսային ձևակերպում է ստացել 189 000 ավտոմեքենա: Այն ավելի քան երեք անգամ գերազանցում է 2018-ի ցուցանիշը (64 000 ավտոմեքենա): Այս մասին հունվարի 13-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Վերջին մի քանի տարում Հայաստան ատվոմեքենաների ներկրման ծավալի կտրուկ աճը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով: Մինչև 2020-ը Հայաստանը երրորդ երկրներից մի քանի հարյուր խումբ ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների ներմուծման մասով ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին էականորեն զիջող նախկին գներով, իսկ ներմուծված ատոմեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ այլ պետություններ, հատկապես՝ Ղազախստան: 2020-ից սկսած՝ արտոնյալ պայմաններով մաքսազերծման ժամկետն ավարտվել է, և Հայաստանում գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: 

ՊԵԿ նախագահ Դավիթ ԱնանյանըՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ անցած տարի ավտոմեքենաների մաքսազերծումից ստացված եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի, քան 2018-ին: Ժամանակավոր բնույթ ունեցող բարձր հարկային եկամուտների էֆեկտը չեզոքացելու նպատակով, Անանյանի խոսքով, կառավարությունը որոշել է վերադարձնել նախկինում կուտակված դեբետային պարտքերը:

«56,4 մլրդ դրամ դեբետային պարտքերը հարկ վճարողներին վերդարձնելու որոշումը կայացրել ենք՝ նպատակ ունենալով չեզոքացնելու այն եկամտային էֆեկտը, որ մենք ժամանակավոր ունեցանք ատոմեքենաների ներկրումից անցյալ տարի»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ անցյալ տարի ընդհանուր առմամբ հարկ վճարողներին վերադարձվել է 170,4 մլրդ դրամ գումար:

«Եթե 170,4 մլրդ դրամից հանենք 95 մլրդ, որ ստացվել է ավտոմեքենաների մաքսազերծումից, ապա կստացվի շուրջ 75 մլրդ, իսկ սա նշանակում է, որ մենք կարողացել ենք աննախադեպ հարկեր վերադարձնել: Նման քայլերով փաստացի նվազեցնելով մեր եկամտային ցուցանիշները՝ մենք, ըստ էության, գնացել ենք նախկին պարտքերը մարելու ճանապարհով, որպեսզի նաև չեզոքացնենք ժամանակավոր եկամտային էֆեկտների ազդեցությունը: 2020-ին ևս մենք ունենալու ենք ավելի շատ բյուջետային եկամուտներ, քան պլանավորված է Պետբյուջեի մասին օրենքով»,- վստահ է ՊԵԿ նախագահը:  

Անանյանը նաև նշեց, որ 2019-ին հավաքագրել է 1,507 տրլն դրամի չափով եկամուտ, որից 42,8 մլրդը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի համար:

ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019-ի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել 56,4 մլրդ դրամ, որից փաստացի վերադարձվել է 42,8 մլրդ-ը: Այսպիսով՝ փաստացի հարկային եկամուտները կազմել է 1,464 տրլն դրամ:

2019-ի համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը կազմել է 1,402 տրլն դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարումը կազմել է 105 մլրդ դրամ կամ 7,5 տոկոս:

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի