14 հունվար, 2020 11:03

Ադրբեջանցի տենորի պահանջով չեղարկվել է հայ սոպրանոյի ելույթը Դրեզդենի օպերային թատրոնում

Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ ազգությամբ հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ․ այս մասին գրում է Forum Opera ամսագիրը։

Մասնավորապես, նշվում է, որ արտիստները պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում, սակայն միջոցառման կազմակերպիչ Semper Operaball ասոցիացիան սոպրանոյին առաջարկել է հրաժարվել ելույթից։

Ինքը՝ Յուսիֆ Էյվազովը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Semper Operaball-ի հաղորդագրությունը, որով հերքվում են մեղադրանքները, թե Մանթաշյանի ելույթի չեղարկման պատճառը վերջինիս ազգային պատկանելությունն է։

«Semper Operaball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյը դատապարտել է մեղադրանքները՝ դրանք որակելով կեղծիք և զրպարտանք։ Օպերային թատրոնը Ռուզան Մանթաշյանի հետ 2020-ի փետրվարի 7-ին ելույթ ունենալու վերաբերյալ պայմանագիր երբեք չի կնքել։ Յուսիֆ Էյվազովը երբեք իր գործընկերների հետ համագործակցությունը չի կառուցել՝ հիմնվելով նրանց ազգության վրա։ Ենթադրվում է, որ տիկին Մանթաշյանի գործակալության հետ տեղի են ունեցել հաղորդակցության որոշ թյուրըմբռնումներ,- այսպիսի գրառում է արել Էյվազովը՝ վերջում նշելով։ - Հարգարժան ընկերներ, ես ադրբեջանցի եմ, և ես ունեմ բացարձակ հստակ կարծիք այն իրավիճակի շուրջ, որն ստեղծվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Սակայն իմ քաղաքական հայացքները երբեք չեն առնչվում իմ մասնագիտությանն ու գործընկերներին։ Դրա վկայությունն է այն փաստը, որ ես բազմիցս բեմ եմ բարձրացել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ Մեծ թատրոնում։ Հետևապես, վստահեք ստուգված տեղեկատվությանն ու մի տարածեք սադրանքներ։

Ինչպես և ծրագրված էր ի սկզբանե, 2020-ին Semper Operaball-ում ես լինելու եմ մենակատար, և ելույթում ներառված չեն լինելու այլ երգիչներ»։

Ստելլա Մեհրաբեկյան