14 հունվար, 2020 14:18

Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց Խաչատուրովի պաշտպանի բացակայության պատճառով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին։

Միհրան Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն «անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ»։

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանը, ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, կարծում է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել։

ԱՎելի վաղ՝ հունվարի 9-ի նիստին Սեյրան Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։

Այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ժաննա Ավագյան