17 հունվար, 2020 12:00

Գյումրիի տուն-ինտերնատի բնակիչները նոր խնամակալ ունեն

Կառավարությունը դեկտեմբերի 12-ին որոշեց լուծարել «Գյումրիի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Նման առաջարկ ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել ինտերնատի աշխատակիցների շրջանում։ Նրանցից շատերը, հատկապես՝ կենսաթոշակային տարիքի աշխատակիցները, մտահոգված էին, որ կկորցնեն աշխատանքը։

«Որ մեր կառույցը պիտի լուծարվեր, ինձ հայտնի էր դեռ հուլիսին, բայց մանրամասներ չգիտեի: Առաջին անգամ ասացին, որ սպասվում է փոփոխություն, և կա ծրագիր, հաջորդ խորհրդակցությանն արդեն ասացին, որ ծրագիրը հավանաբար կիրականացվի մինչև տարեվերջ, և վերջին իրազեկումը, որ այս ծրագրի արդյունքում կլինեն արմատական փոփոխություններ: Հոկտեմբերի 21-ին ինձ կանչել էին նախարարություն, որտեղ եղել է զրույց աշխատակազմի քարտուղարի հետ, որն ավելի շուտ որոշ հարցերի պարզաբանում էր՝ կապված տուն-ինտերնատում բարձրացած բողոքի ալիքի հետ: Ես հիմա էլ, ինչպես և հինգ օր առաջ, չունեմ մեր կոլեկտիվին հուզող հարցերի պատասխանները»,- Hetq-ի հետ զրույցում ասել էր ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուն-ինտերնատի բնակիչների խնամքը կիրականացնի Հայկական կարմիր խաչի ընկերությունը։ Ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի խոսքով՝ իրենք սոցիալ-առողջապահական խնամքի ոլորտում մեծ փորձ ունեն։

«Շատ կարևոր էր մեզ համար, որ մենք կարողանայինք, փորձեինք շենքային պայմանները բարելավել: Մյուս կողմից, շատ լավ գիտակցում ենք, որ պետության կարիքը նաև ծառայության որակի բարելավումն է, և այս առումով պատրաստակամ ենք անել առավելագույնը, որպեսզի կարողանանք ծառայությունների որակը բարձրացնել մեկ այլ մակարդակի»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Աննա Եղիազարյանը։

Ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը նշեց, որ «սկզբնական անհանգստությունը բնական էր»։ Նրա խոսքով՝ դա կապված էր տեղեկատվության պակասի հետ։ 

«Բավականին լարված սոցիալական պայմաններում աշխատանքի հնարավոր կորցնելը առաջացրել էր որոշակի լարվածություն, բայց ներկա այս ամբողջ փուլը, որի ընթացքում բացատրվեց փոփոխությունների իմաստը, նպատակը, նաև մեթոդը, իմ կարծիքով, անհանգստությունների զգալի մասն ի վերջո վերացավ», - պարզաբանեց Սարուխանյանը։

Աննա Եղիազարյանի խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված հուշագրով աշխատանքային պայմանագրերը կվերակնքվեն աշխատակիցներից առնվազն 70 տոկոսի հետ։ Վարչական հատվածի օպտիմալացման խնդիրներից ելնելով՝ հնարավոր են որոշակի փոփոխություններ մնացած 30 տոկոսի շրջանում։

«Մենք, բնականաբար, փորձելու ենք հնարավորինս պահել այն անձնակազմը, որը երկար տարիների փորձ ունի, աշխատել է ծանր պայմաններում, և միգուցե պայմանները նույնիսկ թույլ չեն տվել, որ ծառայությունների որակը բավականաչափ բարձր լինի։ Բայց մենք իրենցից ենք սովորելու, իրենք մեզնից են սովորելու»,- ասաց նա։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը 163 մլն դրամի ներդրում կանի տուն-ինտերնատում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020-ին ինտերնատին կհատկացնի 202 մլն դրամ։

Ընկերությունը իր պարտավորությունները կստանձնի մարտին՝ լուծարային գործընթացի ավարտին։

Լուսինե Վարդանյան