17 հունվար, 2020 17:14

Ո՞վ է փորձել Վիքիպեդիայից ջնջել Գեորգի Կուտոյանի մասին հոդվածը. փորձագետ  

Հայերեն Վիքիպեդիայից հունվարի հունվարի 3-ին և հունվարի 16-ին փորձել են ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արմեն Միրզոյանը, որը նախկինում եղել է Վիքիմեդիա Հայաստանի Վիքիակումբների համակարգողը:

Նա հայտնեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը փորձել է ջնջել «Գեորգի Կուտոյան» անունով մասնակիցը, բայց չգրանցված IP-ից: Թե ինչ կարող է սա նշանակել, Միրզոյանը դժվարացավ ասել: Նա դժվարացավ նաև ասել՝ արդյոք հնարավոր է իդենտիֆիկացնել այդ IP-ն և գտնել դրա հետևում կանգնած իրական անձին․ «Չեմ կարող ասել, այս հարցով, կարծում եմ, պետք է զբաղվեն իրավապահները»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ չգրանցված IP-ն իրավապահները կկարողանան իդենտիֆիկացնել, եթե գործընթացում թույլ տրված լինեն սխալներ: «Եթե շատ պրոֆեսիոնալ մեկն է եղել դա անողը, դժվար գտնեն, եթե սխալներ են թույլ տվել, հետքեր են թողել, ասենք՝ իր տան համկարգչից է մտել ու փորձել բովանդակություն ջնջել, ապա կարող են գտնել»,- ասաց Մարտիրոսյանը:  

Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ Որպես ԱԱԾ տնօրեն պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։

Արշալույս Մղդեսյան