19 հունվար, 2020 10:38

Հակակառավարական ցույցեր Լիբանանում, ավելի քան 160 վիրավոր

Բեյրութում նախօրեին տասնյակ մարդիկ են վիրավորվել հակակառավարական ցույցերի ժամանակ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բազմությունը ցրելու համար։ Ցուցարարները փորձում էին հասնել Նահատակների հրապարակին՝ Լիբանանի քաղաքական և ֆինանսական համակարգերում փոփոխությունների պահանջով ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի կենտրոնատեղիին:

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, շաբաթ օրը ցուցարարները Բեյրութի տարբեր կողմերից շարժվել են քաղաքի կենտրոնի ուղղությամբ։ Սակայն մինչ նրանք բոլորը հավաքվել էին դեպի խորհրդարան տանող ճանապարհի մոտ, տասնյակ ցուցարարներ քարեր, ճանապարհային նշաններ ու ծառերի տնկիներ են նետել շենքը հսկող ուժայինների վրա:

Ուժայինները ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են օգտագործել:

Կարմիր խաչը հայտարարել է, որ բախումների հետևանքով երկու կողմից ավելի քան 160 մարդ է վիրավորվել:

Բեյրութում Al Jazeera-ի թղթակիցը հաղորդել է, որ անվտանգության ուժերին չի հաջողվել ցուցարարներին հետ մղել Նահատակների հրապարակից՝ բողոքի շարժման էպիկենտրոնից:

«Մարդիկ շատ համարձակ են։ Նրանք ասում են, որ որքան շատ բռնություն է կիրառվում իրենց դեմ, այնքան ավելի հեղափոխական են դառնում։ Նրանք խոստանում են մնալ փողոցներում և շարունակել իրենց բողոքի ցույցն այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեսել ղեկավարության փոփոխությունը»,- ասել է Al Jazeera-ի թղթակիցը։

Նախագահ Միշել Աունը բանակի և անվտանգության ուժերին հրամայել է վերականգնել հանգստությունը, իսկ Սաադ Հարիրին, որը հոկտեմբերին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, հայտարարել է, որ բռնությունը սպառնում է քաղաքացիական խաղաղությանը: «Դա խելագար, կասկածելի և մերժելի տեսարան է»,- գրել Է նա Twitter-ում:.

Ինչու են մարդիկ զայրացած

Հոկտեմբերի 17-ից Լիբանանը ցնցած բողոքի շարժումն այս շաբաթ վերսկսվել է երկրում տնտեսական սուր ճգնաժամի լուծման համար նոր կառավարության ձևավորման ձգձգումների պատճառով:

Ըստ երևույթին, առաջընթաց չի գրանցվել կաբինետի վերջնական կազմի հարցում, որը, ինչպես պահանջում են ցուցարարները, պետք է կազմված լինի անկախ փորձագետներից և բացառի բոլոր ավանդական քաղաքական կուսակցությունները:

Մեկնաբանելով այդ իրադարձությունները՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի լրագրության պրոֆեսոր Ռամի Հուրին ասել է, որ մարդիկ վրդովված են կառավարության կողմից լիակատար արհամարհանքի պատճառով։  

«Արդեն երեք ամիս է՝ շարունակվում են բողոքի ցույցերը, սակայն կառավարության կողմից շատ քիչ հայտարարություններ են եղել։ Կառավարությունը գրեթե չի խոսում մարդկանց հետ, և հենց դրանից են  մարդիկ զայրացած։ Մարդիկ իրենց ծայրահեղ զայրույթն են արտահայտում առաջնորդներին, որոնք իրար հետ դավադրությունների մեջ են, և բանկային համակարգն ու քաղաքական վերնախավն աշխատում են իրար հետ»։

Նոր կաբինետի ձևավորումը հաճախ շփոթեցնող է լինում Լիբանանում, որտեղ բարդ համակարգը ձգտում է հավասարակշռություն պահպանել երկրի բազմաթիվ քաղաքական կուսակցությունների և հարանվանությունների միջև:

Սակայն ցուցարարները հայտարարում են, որ ցանկանում են քանդել հին համակարգը և պահանջում են, որ միայն անաչառ տեխնոկրատները ձևավորեն նոր կառավարություն՝ իրենց աճող տնտեսական խնդիրները, ներառյալ բանկային իրացվելիության լուրջ ճգնաժամը լուծելու համար:

Վերջին կառավարությունը հրաժարական է տվել հոկտեմբերի 29-ին՝ փողոցի ճնշման տակ, սակայն շարունակում է լիազորությունները, քանի դեռ նոր կառավարություն չի ձևավորվել։ 

Մարիա Եղիազարյան