19 հունվար, 2020 14:56

Մեդվեդևը պատմել է, թե ինչու է հրաժարական տվել իր կառավարությունը

Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական «Առաջին ալիք» հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է որոշում կայացվել իր կառավարության հրաժարականի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Առաջին և ամենակարևորը, ինչի մասին ես ասել եմ, երբ մենք նախագահի հետ հանդիպեցինք նրա՝ հունվարի 15-ի ուղերձից հետո, այն մասին էր, որ ուղերձում նշված են քաղաքական համակարգի արդիականացման այնպիսի մասշտաբային խնդիրներ, որոշ չափով՝ նույնիսկ երկրում իշխանությունների հավասարակշռության փոփոխության,- դա վերաբերում է թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին, մասամբ՝ նախագահին, դատական համակարգին,- որ այդ բոլոր որոշումները կայացնելու համար նախագահը պետք է բացարձակապես ազատ լինի դրանք քննարկելու և որոշելու առանց այս ու այն գործոն հաշվի առնելու, այդ թվում ՝ կառավարության գործոնը», - ասել է նա ։

Մեդվեդևը նշել է, որ ընդհանուր ինքն ութ տարի գլխավորել է կառավարությունը, իսկ դա «հսկայական ժամկետ է»:

«Ռուսաստանի նորագույն պատմության մեջ սա առաջին անգամ էր։ Ես փորել եմ, այսպես ասած, պատմության և՛ խորհրդային շրջանը, և՛ անգամ ցարական շրջանը։ Բայց, պարզ ասենք, այդքան երկար այդ հարցերով ոչ ոք չի զբաղվել, բացառությամբ առանձին դեմքերի»,- ասել է նախկին վարչապետը ։

Մեդվեդևի խոսքով՝ կազմակերպման և լուծված խնդիրների տեսանկյունից դա բացառապես կարևոր և բարդ ժամանակ էր: Այնուամենայնիվ, ըստ նրա, հաշվի առնելով ճգնաժամի պայմաններն ու պատժամիջոցները, ինքը գոհ է կառավարության աշխատանքից, որի անդամները պետք է այդ բարդ պայմաններում պահեին մակրոտնտեսական կայունությունը:

 «Սովորաբար այդ մասին մտածում են որպես ընդհանուր բաների մասին։ Սակայն դրանք բոլորովին էլ ընդհանրական բաներ չեն։ Դա գների աճն է ։  <...> Սկզբում գնաճը հասել էր մինչև 13, 15 տոկոսի: Դա հարվածում է մարդկանց գրպանին: Գնաճը, որ հիմա կա, կառավարության և Կենտրոնական բանկի գործունեության արդյունքն է։ Այդ մասին, ի դեպ, նախագահը հատուկ ասել է ուղերձում։ Այն կազմում է 3 տոկոս։ <...> Մակրոտնտեսական կայունության ուղղությամբ այդ ջանքերը ես նույնպես չեմ կարող բացառել այն կարևոր բաներից, որոնցով զբաղվել է կառավարությունը։  <...> Վերջապես՝ խոշոր ծրագրերը։ Դրանք հաստատվել են, նախագահի հրամանագրով ընդունվել են 2012-ին։ Ապա՝ ազգային նախագծերը, որոնք ի հայտ են եկել 2018-ին: Դրանք կարևորագույն պետական նպատակներ են, որոնցով զբաղվել է իմ առաջին կառավարության թիմը՝ իմ ղեկավարությամբ, և երկրորդ կառավարության թիմը՝ իմ ղեկավարությամբ։ Այդ իսկ պատճառով, ընդհանուր առմամբ, ես գոհ եմ այդ աշխատանքից», — ասել է Մեդվեդևը։

Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում նշանակվելուն, նա նկատել է, որ նոր պաշտոնի ձևավորման մեջ ոչ մի անսպասելի բան չկա:

«Նման գաղափարներ իրականում գոյություն ունեին։ Եվ երբ նախագահն առաջարկեց դառնալ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ,- իսկ Սահմանադրությամբ նախագահն է ԱԽ նախագահը,- ես, բնականաբար, համաձայնեցի, որովհետև դա կարևոր, անհրաժեշտ աշխատանք է, իմ կարծիքով»,- նշել է նա։

Բացի այդ, Մեդվեդևը հայտնել է, որ մնում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, քանի որ ԱԽ փոխնախագահի պաշտոնը դա թույլ տալիս է։

․․․

Հունվարի 15-ին Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական ներկայացրեց՝ Դաշնային խորհրդին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց։ Հաջորդ օրը Ռուսաստանի վարչապետ նշանակվեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը։

2024-ին լրանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության երկրորդ և վերջին ժամկետը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում է իր նախագահությունից հետո քաղաքական լծակները պահպանելու համար՝ ԱԽ նախագահի պաշտոնում։

Մարիա Եղիազարյան