20 հունվար, 2020 08:49

Կան ինքնասպանության մասին վկայող բավականաչափ տվյալներ. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը եկել էր մասնակցելու ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Կուտոյանի մահվան առնչությամբ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են նրա ինքնասպանության մասին։

«Չնայած նրա ինքնասպանության մասին փաստող բավականաչափ տվյալներ կան, սակայն բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու դեպքում, այդ մասին կբարձրաձայնենք»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ ասել է դատախազը։  

Հարցին, թե տեսնո՞ւմ է նմանություն Կուտոյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքերի միջև` Դավթյանը պատասխանել է՝ այո, երկու դեպքում էլ մահվան դեպքն արձանագրվել է հրազենային վնասվածքով։

Նա հիշեցրել է, որ երկու դեպքով էլ քրգործ է հարուցվել։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք խնդիրներ չի տեսնում այս ամենի մեջ` դատախազը պատասխանել է, որ եթե խնդիրներ չլինեն, հարուցված քրեական գործեր էլ չէին լինի։

Հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին` ինքնասպանության հասցնելու մասով։

Կարդացե՛ք նաև՝

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Կուտոյանի մահվան դեպքի մասին