20 հունվար, 2020 15:56

Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ Քննչական կոմիտե

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

«Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել: Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասել է Հարությունյանը։

Հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին` ինքնասպանության հասցնելու մասով։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Չնայած նրա ինքնասպանության մասին փաստող բավականաչափ տվյալներ կան, սակայն բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի»։

#ՍիվիլՆեթ #Լուրեր