20 հունվար, 2020 12:45

Մարիուս Յուզբաշյանից՝ Գեորգի Կուտոյան․ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մահ/սպանությունները

Գեորգի Կուտոյանը Հայաստանում մահացած/սպանված անվտանգության ծառայությունների երկրորդ նախկին ղեկավարն է։ Քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, մենք զերծ կմնանք 38-ամյա Կուտոյանի մահվան՝ սպանության կամ ինքնասպանության մասին շրջանառվող վարկածներից և մեկնաբանություններից։

1993 թվականի հունիսի 21-ին Երևանի Կոմիտասի անվան այգում սպանվեց Խորհրդային Հայաստանի 10 տարիների (1978-1988թթ․) պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը։

Ինչպես Հայաստանի այլ պաշտոնյաների ու ռազմական-քաղաքական գործիչների տասնյակ առեղծվածային մահերը/սպանությունները, որոնք նախորդել և հաջորդել են, Յուզբաշյանի սպանությունը ևս մնաց առեղծվածային։ Այս հոդվածում մենք ժամանակագրորեն ներկայացնում ենք քաղաքական կամ այդպիսին համարվող սպանությունները՝ կրկին զերծ մնալով վարկածներից ու տարատեսակ մեկնաբանություններից։

1990-ից ի վեր Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կատարվել են աղմկահարույց տասնյակ սպանություններ։

1990-ի օգոստոսի 10-ին՝ օրը ցերեկով, Ստեփանակերտի այսօրվա Ազատամարտիկների փողոցում կրակահերթով սպանվեց ԼՂԻՄ կուսակցական պաշտոնյա Վալերի Գրիգորյանը։ Շաբաթներ առաջ նա ԼՂԻՄ մարզխորհրդի ղեկավար Լեոնարդ Պետրոսյանի և չորս այլ պաշտոնյաների հետ մեկ օրով մեկնել էր Բաքու և բանակցություններ վարել Ադրբեջանի այն ժամանակվա առաջնորդ Այազ Մութալիբովի հետ։

1990 թվականի օգոստոսի 29-ին Երևանում սպանվեցին կամավորական ջոկատների կազմակերպիչներից Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը։ Այդ օրերին ներքաղաքական պայքար էր գնում իշխանության եկած Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ-ի և Հայոց ազգային բանակ կամավորական ջոկատի՝ ՀԱԲ-ի միջև։ Երկուսին էլ 1996-ին հետմահու շնորհեցին Ազգային հերոսի կոչում։  

1992 թվականի ապրիլի 14-ին իր բնակարանում սպանվեց Արցախի առաջնորդ, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը։ Այդ ժամանակ Արցախում իշխանության պայքար էր գնում ՀՅԴ-ի, որի անդամն էր Մկրտչյանը, և Հայաստանում իշխող ՀՀՇ-ի արցախյան թևի միջև։

1992 թվականի սեպտեմբերին Աշտարակից դեպի Ագարակ ճանապարհին կրակահերթով սպանվեցին Աշտարակի շրջգործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանն ու նրա վարորդը: Սուքիասյանը ՀՅԴ անդամ էր։

1993 թվականի մայիսի 3-ին Երևանի Խանջյան փողոցում կրակահերթով սպանվեց Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Նրա հետ զոհվեցին նաև մեքենայի մեջ գտնվող մյուս երեք ուղևորները։

1994 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանում սպանվեց մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը։

1998 թվականի օգոստոսի 6-ին Երևանում՝ իր աշխատասենյակում, սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։

1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում սպանվեց պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունին։

1999 թվականի փետրվարի 9-ին Սևանի մայրուղու Նոր Հաճնի հատվածում հայտնաբերվեց Ներքին գործերի և Ազգային անվտանգության փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դին՝ հրազենային կրակոցների հետքերով: 1998-ի հունվարի 21-ին նրա դեմ մահափորձ էր կատարվել։

1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ դարձան Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին իր բնակարանի մուտքի մոտ սպանվեց վարչապետի վերահսկողական ծառայության պետ և խորհրդական Գագիկ Պողոսյանը։

2002 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի կենտրոնում՝ ծնողների տան շքամուտքում, հրազենի կրակոցներից սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը։

2006 թվականի սեպտեմբերի 6-ի առավոտյան` ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղևորվելիս, անհայտ հանցագործի կողմից մեքենայի նստատեղիի տակ դրված ռումբի պայթյունից սպանվեց ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը: 

2007 թվականի օգոստոսի 25-ին աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտակայքում անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։

2008 թվականի Մարտի 1-ին Երևանում սպանվեցին 10 քաղաքացիներ։

2009-ի փետրվարի 3-ին իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվեց Հայաստանի փոխոստիկանապետ, 34-ամյա Գևորգ Մհերյանը։

2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բջնիի իր ամառանոցում՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվեց ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի դին։

Վերոնշյալից բացի, տեղի են ունեցել քաղաքական կամ այդպիսին ընկալված, բայց ավելի ցածր պետական պաշտոն ունեցող գործիչների և ձեռներեցների սպանություններ։