23 հունվար, 2020 12:30

Թռիչք 17 կետով․ Հայաստանը բարելավել է դիրքերը «Ժողովրդավարության համաթիվ 2019»-ում

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցը, ըստ որի Հայաստանը թեև կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմ»-ների շարքին, սակայն նշանակալիորեն՝ 17 հորիզոնականով բարելավել է դիրքերը։ 2018-ին զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը բարձրացել է 86-րդ տեղ։

Հայաստանը բարելավել է դիրքերը

Զեկույցում ակնհայտ բարելավում գրանցած երկրների համատեքստում մի քանի անգամ հիշատակվում է Հայաստանը։ ««Հիբրիդային ռեժիմներ»․ Ուկրաինան և Հայաստանը առաջ են անցել» ենթավերնագրի տակ մասնավորապես նշվում է՝ 2019-ին ժողովրդավարության ուղղությամբ նշանակալի քայլեր են արել երկու երկրներ՝ Հայաստանն ու Ուկրաինան։ 

«Երկու երկրներում անցկացված ընտրությունները գնահատվել են որպես ազատ և արդար։ Հայաստանում, ԵԱՀԿ-ի գնահատմամբ, 2018-ի արտահերթ ընտրությունների ընթացքում «հարգվել են հիմնարար ազատությունները, եղել է հանրային լայն վստահություն»,- ասված է զեկույցում։

Ինչպես վերջին երկու տարիների մի շարք միջազգային զեկույցներում, այս զեկույցում նույնպես հղում է արվում Թավշյա հեղափոխությանը, որի արդյունքում հեռացվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իշխանության եկավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 2017-ին 4,11 միավորից 2018-ին հասել է 4,79 միավորի՝ կառավարության հաշվետվողականության և թափանցիկության, ինչպես նաև քաղաքական համակարգի հանդեպ հանրային վստահության աճին զուգընթաց։ 2019-ին այդ ցուցիչը հասել է 5,54-ի, քանի որ այս բարելավումն ամրապնդվեց և քաղաքական խաղաղ գործունեությունը հնարավոր դարձավ առանց կառավարության միջամտության»,- ասված է զեկույցում։

Հայաստանն առաջ է անցել Վրաստանից

Անցյալ տարվա զեկույցում հեղինակներն արդեն իսկ փաստել էին՝ «Հայաստանը բարձրանում է, Վրաստանը՝ իջնում» (“Hybrid regimes”: Armenia up, Georgia down):

2019-ի արդյունքներով Հայաստանը, բարելավելով դիրքը 17 կետով, առաջ է անցել ժողովրդավարության տեսանկյունից տարածաշրջանային ավանդական առաջատար Վրաստանից։ «Ժողովրդավարության համաթիվ 2019»-ում Վրաստանը 5,42 միավորով հայտնվել է 89-րդ հորիզոնականում։ 2018-ին Վրաստանն ուներ 5,50 միավոր և զբաղեցնում էր նույն՝ 89-րդ հորիզոնականը։

Ադրբեջանը նոր զեկույցում 2,75 միավորով 146-րդ տեղում է, Թուրքիան 4,09 միավորով՝ 110-րդ տեղում, Իրանը 2,38՝ 151-րդ հորիզոնականում։

Գլոբալ պատկեր

Ցանկի առաջին եռյակը Նորվեգիան (9,87), Իսլանդիան (9,58) և Շվեդիան են (9,39)՝ առաջին, երկրորդ և երորրդ հորիզոնականներում համապատասխանաբար։ Համաթիվը եզրափակում է Հյուսիսային Կորեան՝ 167-րդ տեղում 1,08 միավորով։

«Ժողովրդավարական նահանջների ու ժողովրդական բողոքի տարի» խորագիրը կրող զեկույցի հեղինակները փաստում են՝ 2019-ին աշխարհում ժողովրդավարության միջին համաթիվը 2018-ի 5,48 միավորից իջել է մինչև 5,44։ Սա վատագույն համաշխարհային միջին ցուցանիշն է 2006-ից վեր, երբ առաջին անգամ հրապարակվեց համաթիվը։ 2019-ի արդյունքը նույնիսկ ավելի վատն է, քան 2010-ինը, երբ աշխարհում մոլեգնում էր տնտեսական և ֆինանսական ճգնաժամը և ընդհանուր միավորը 5,46 էր։

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում և երկու տարածքներում։ Առանձնացվում են չորս ռեժիմներ՝ «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»: Գնահատումն իրականացվում է 0-10 միջակայքում (0 միավորը բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար)։

Հրապարակված զեկույցին հունվարի 23-ի կառավարության նիստում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստելլա Մեհրաբեկյան