23 հունվար, 2020 15:27

Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը Կոռուպցիայի ընկալման համաթվում․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2019-ի արժեքը հավասար է 42-ի (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7 միավոր)․ այսպիսի տվյալներ է բերում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Բահրեյնի և Սողոմոնյան կղզիների հետ կիսում է 77-79-րդ տեղերը:

2018-ին 35 միավորով Հայաստանը 180 երկրների շարքում կիսում էր 105-113-րդ տեղերը:

Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը (2018-ին գրավում էր 10-րդ տեղը): Նախկին խորհրդային հանրապետություններից մեր երկիրը ինչպես և 2018-ին, զիջում է Վրաստանին և Բելառուսին, որոնց համաթվերի արժեքներն են համապատասխանաբար 56 (զբաղեցնում է 44-ից 47-րդ տեղերը` ամենաբարձրը
տարածաշրջանում) և 45 (66-ից 69-րդ տեղեր` երկրորդը տարածաշրջանում):

Ինչ վերաբերում է իր հարևան երկրներին, ապա Հայաստանն այժմ զիջում է միայն
Վրաստանին՝ առաջին անգամ առաջ անցնելով Թուրքիայից, որի 2019թ. ԿԸՀ համաթվի արժեքը 39 է (91-ից 92-րդ տեղեր): Ինչպես և նախկինում, Հայաստանն առաջ է մյուս երկու հարևաններից՝ Ադրբեջանից (30 միավոր` 126-ից 129-րդ տեղեր) և Իրանից (26 միավոր` 146-ից 152-րդ տեղեր):

Հայաստանի ցուցանիշի բարելավման վրա, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի, ազդել են հեղափոխությունից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ միջազգային դիտորդների գնահատմամբ ազատ ընտրությունները, մենաշնորհի դեմ պայքարը, այլ գործոններ։

Կոռուպցիայի ընկալման համաթիվը կիրառում է 0-ից՝ «բացարձակապես կոռումպացված», մինչև 100՝ «բացարձակապես մաքուր» սանդղակը:

#ՍիվիլՆեթ #Լուրեր