24 հունվար, 2020 15:46

Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու․ Հրայր Թովմասյան

Հատուկ քննչական ծառայությունն այսօր խուզարկություն էր իրականացնում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի երևանյան բնակարանում։ Խուզարկությունից հետո Հրայր Թովմասյանը լրագրողներին ճեպազրույց տվեց։ Ստորև ճեպազրույցի սղագրությունն է՝ որոշ խմբագրումներով։

- Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ բոլորիդ, որ համակ ուշադրությամբ եք հետևում էս պրոցեսներին, և այս ողջ պրոցեսի հանրային, էսպես ասեմ, վերահսկողությունը ինձ համար շատ կարևոր է։ Ուզում եմ երկու բանի անդրադառնալ շատ կարճ, որ երկու-երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, և այսօր տանն էլ ինչ-որ քննչական գործողություններ են կատարել։ Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ էդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, ցավոք սրտի, դրանք, իրոք ցավ եմ ապրում դրա համար, դրանք իրոք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և էդ ժամանակ էդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասեց, ինչու ասեց, ոնց վարվեց, և այլն, և այլն, չի լինելու։ Եվ իմ միջնորդությունը, ես միշտ կրկնելու եմ, որ էդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի, և բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն։ Եվ ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունները՝ թե՛ քննչական, թե՛ այսպես ասած հարցաքննությունը, թե՛ այսօր տան խուզարկությունը, որպեսզի չձայնագրվի, որպեսզի հետո տարընթերցումներ չլինեն, տարբեր մեկնաբանություններ չլինեն։ Սա առաջինը։ 

Երկրորդը՝ ես իրավական կողմին չեմ անդրադառնա։ Իմ փաստաբանական խումբը, իմ պաշտպանական խումբը դրանց կանդրադառնա, բայց ցավոք սրտի, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրները իրոք խորքային են, և օրվա իշխանությունը ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ։ Եվ այդ ամբողջը արվում է շատ կոպիտ, այդ ամբողջը արվում է արդեն ակնհայտ, դրա մասին այլևս իմ ասելով չի, որ ոչ միայն մեր հանրությունը, այլև ողջ հանրությունը, նաև միջազգային հանրությունը էդ ամբողջին տեղյակ է։ Ես դրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պարագայում երկրորդական, երրորդական է։ Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը էդքան արագ, գուցե/կուզեք՝ էդ բառը օգտագործեմ, մսխել։ Սա էր, ինչ որ ես ձեզ ցանկանում էի ասել։

- Ի՞նչպիսին էին գործողությունները։

- Եկեք դրանց չանդրադառնամ։ Դրանք էս ամբողջի մեջ, հասկանում եք, ոնց ասեմ։ Ես չեմ ուզում էդ ամբողջին անդրադառնալ։ Ցավով պետք նշեմ, որ դուք տեսնում եք էս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը։ ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց։ Ես հուսով եմ, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքը էդ ամբողջի մասին լռի։ Եվ այս ամբողջ պրոցեսները՝ երբ ենք սկսել, ինչ է սկսել, ինձ հետ ինչ են խոսել, ինչ՝ ես․․․ էդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն։ Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված, որպեսզի չստացվի, որ մի միտքը կիսատ ա թողում։

Եթե չեմ սխալվում, համաշխարհային պատմության մեջ, միգուցե սխալվում եմ, սենց շատ վստահ չասեմ, վերջին անգամ, որ որևէ բարձրագույն դատական ատյանի ղեկավար, էսպես ասեմ, քրեական հետապնդման է ենթարկվել, եղել է 1803-ին, ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահը, երբ որ հայտնի «Մերբերին ընդդեմ Մեդիսոնի» գործով [Marbury v. Madison] որոշումը կայացվեց։ Ես էս ամբողջը դիտարկում եմ, որ մի օր պետք է լիներ, և մի օր մի դատարան, մի դատավոր պետք 1 պայքարի իր անկախության համար։ Եվ սրանք ուզում եք զրկանք համարեք, ուզում եք հետապնդում համարեք, ինչ ուզում եք արեք, բայց սա իմ խաչն է, որ ես պիտի տանեմ։ 

- Ի՞նչ փաստաթուղթ էր։

Անկեղծ չէի ուզում դրան անդրադառնալ, բայց ինձ հայտնի չէ գրավոր փաստաթղթի մասին, եթե ձեզ՝ որպես բանասերներ, ասում ենք, որ փաստաթղթին ծանոթանալ, ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին։ Երևի կարդալ, չէ՞։ Ասում եմ, իմ փաստաբանները կասեն, տվեք կարդամ, ասում է՝ ես կարդացի, դուք լսեցիք։ Սրա մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը [...]: Ինչ-որ սեփականության վկայական է։

- Ձե՞ր սեփականության։

- Չէ, Իմ չէ։

- Դատական գործի հետ կապ ո՞ւնի։

- Մի դատական, քրեական գործ է։ Հաշվի առնելով, որ չեմ ծանոթացել, էդպես չեմ հիշում։

- Ինչ-որ նոտարական գրասենյակների սեփականության վկայականներ։ Դա՞ էին փնտրում։

- Ձեր տան սեփականության վկայականը կարո՞ղ ա մեր տանը լինի։

- Բնականաբար ոչ։

- Դե, բնականաբար ոչ։ Դուք պատասխանեցիք ձեր հարցին։

- Ըստ ձեզ՝ Վանեցյանը ինչ-որ բան գիտի՞ ձեր գործի հետ կապված։

- Ես ասեցի, որ ինքը արդեն խոսել է, ես հուսով եմ, որ շատ ավելի բան ունի ասելու։

- Այսինքն այս ողջ գործընթացը ոչ իրավաչա՞փ եք համարում։

- Ես վաղուց եմ դրա մասին խոսել։ Մեր խնդիրները բավականին խորքային են։ Եվ իմ, էսպես ասեմ, ցուցմունք տալուց հրաժարվելը, պայմանավորված է բացառապես նրանով, որ էստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի։ Այսինքն՝ այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է, վատ քաղաքական է, էնպիսի քաղաքական է, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, երկրում որևէ մեկի շահերից չի բխում։

-Նիկոլ Փաշինյանի հետ խոսե՞լ եք այս գործընթացների վերաբերյալ։

-Ես չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսել։

-Քաղաքական ինչ խնդիր ունի՝ ձեր գնահատմամբ։

- Սրան պետք է որոշակի քարտեր բացեմ։ Հարց առաջին՝ ինչո՞ւ է օրենքը [Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի մասին օրենքը - խմբ․] ընդունվում արագացված ռեժիմով։ Մեկը ինձ կբացատրի՞։ Այսինքն՝ ի՞նչ էր։ Պայթյո՞ւն էր տեղի ունեցել, պետք էր գնալ։ Հարց երկրորդ՝ ինչո՞ւ երկու ամիս։ Ինչ-որ պատահակա՞ն ա էդ ժամկետը, երբ որ ինչ-որ գործեր պետք ա լսվեն։ Իսկ պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը մի պահ, որ յոթ հոգի հրաժարական տա, յոթ դատավորներն էլ հրաժարական տան։ Հիշո՞ւմ եք՝ մի դատավոր է ընտրվել, մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր են կարողացել ընտրել։ Հիմա պատկերացրեք՝ յոթ դատավորին ընտրում են յոթ տարում։ Եվ էդ դեպքում դուք պատկերացրեք՝ ինչ է լինելու։ Կարող ա ընտրական վեճ լինել, պայմանագրեր լինել, մարդու խախտված իրավունքներ լինել։ Այ ճգնաժամը էդ դեպքում կլինի։

- Բայց պատրաստվո՞ւմ են դատավորները հրաժարական տալ։

- Դիմե՛ք դատավորներին։

- Դուք էլ նախագահն եք։

- Ես ձեզ միշտ ասել եմ՝ մի՛ տվեք հարցեր, որոնց պատասխանները դուք հարյուր տոկոսով գիտեք։

- Գաղտնալսելու մասին։

- Թող գաղտնալսեն։ Իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել՝ երբ որ գրում եք, երբ որ խոսում եք, էն կանխավարկածով միշտ առաջնորդվեք, որ միշտ ձեզ լսում են։ Կյանքը շատ ավելի հեշտ ա էդ դեպքում լինում։ Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել։ Ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ։

- Ձեր անձեռնմխելիությունը տարածվո՞ւմ է այս գործի վրա։

- Ես դրա մասին կարծիք չեմ ասելու, որովհետև դա մի օր կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, և ես կարող է՝ մասնակցեմ այդ հարցի քննությանը։

Լուսինե Վարդանյան

ՏԵ՛Ս ՆԱԵՎ՝ 

Սա իմ խաչն է, որ ես պիտի տանեմ․ Հրայր Թովմասյան

Հատուկ քննչական ծառայությունը մեկնաբանել է Հրայր Թովմասյանի փաստաբանի հայտարարությունը