25 հունվար, 2020 13:52

Մենք կոտրել ենք հիբրիդային հեղաշրջման գործընթաց անողների ողնաշարը. Փաշինյան

Հայաստանում ոչ թե հեղաշրջման, այլ հիբրիդային հեղաշրջման գործընթաց է տեղի ունեցել․ այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պետական հեղաշրջման վերաբերյալ հայտարարությունը:

Փաշինյանը նախ նշեց, որ ԱԽ քարտուղարը չի խոսել հեղաշրջման մասին: «Անվտանգության խորհրդի քարտուղարը տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին հանգեցրել են նման եզրակացության: Այս հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրագրության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: Սրանք տարբեր բաներ են», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում փոխվել է, օրինակ, պատերազմ և հեղաշրջում հասկացությունների իմաստը:

«Ինչպես ասում են պատերազմ, հիբրիդային պատերազմ, այնպես էլ կա հեղաշրջում և հիբրիդային հեղաշրջում: Հիբրիդային պատերազմի ողջ իմաստն այն է, որ պատերազմն իրականում ընթանում է, սակայն դա ոչ մեկ չի տեսնում և նախկին պարամետրերով պատերազմը չկա: Այս տեսանկյունից՝ եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ձևակերպենք, ապա պետք է ասենք, որպես հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն: Կարող ենք դա նկարագրել որպես հիբրիդային հեղաշրջման նախապատրաստություններ», - նշեց վարչապետը:

Այժմ, Փաշինյանի խոսքով, նա կարող է այդ մասին խոսել, քանի որ գործընթացը լիարժեքորեն պարտված է: Հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ ասելով, վարչապետի խոսքով, նկատի ունի այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ԶԼՄ-ներով ու սոցցանցերով վարչապետին ու իր ընտանիքին վարկաբեկելու համար:

«Ընդ որում, դա արվում է՝ ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի: Հեղաշրջում բառն այս գործընթացւոմ տեղավորվում է, քանի որ սրա մեջ ներգրավվում են նաև գործող և նախկին պաշտոնյաներ, դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ: Մի ժամանակ կար, որ մտածում էի՝ ողջ դատական համակարգն է ներգրավված դրա մեջ, սակայն պարզվեց, որ առանձին փոքր խմբերի մասին է խոսքը: Սահմանադրական դատարանը, կոնկրետ պաշտոններ օկուպացրած որոշ պաշտոնայներ, որոնք փորձել են ՍԴ մյուս անդամներին ևս ներգրավել այս գործընթացի մեջ: Բայց ես ուրախ եմ արձանագրել, որ կարծես թե ՍԴ անդամների 80 տոկոսն այդ տհաճ գործընթացից ազատ են», - ասաց նա:

Նա ասաց, որ սրա մեջ ներգրավվածներն օրումեջ հանդիպումներ են ունենում որոշ միջազգային կառույցների հետ: «Հանդիպումներ են ունենում կոնկրետ միջազգային կառույցներում մարդկանց հետ, որոնք տարիներ շարունակ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությունների շահերը: Նրանք իշխանության բռնազավթման կոնկրետ կետերի համահեղինակ են, քանի որ լռել են: Եվ նրանց լռությունն անվճա՞ր է եղել: Գուցե գա ժամանակը՝ մենք այս թեմաներին էլ անդրադառնանք», - ասաց Փաշինյանը:

Ծրագիրը, նրա խոսքով, շատ պարզ է եղել՝ հնարավորինս վարկաբեկել ՀՀ վարչապետին ու նրա ընտանիքին: «Լրատվական գրոհով ցածրացնել վարչապետին ու նրա ընտանիքին, որից հետո գործի մեջ կմտնի դատական համակարգը, հետո գործի կմեջ մտնի ՍԴ-ն, հետո ավելի վատ լուրեր տարածվեն: Կասեն, որ ՀՀ ղեկավարությունն ի վիճակի չէ առողջական պատճառներով կառավարել երկիրը և այսպես շարունակ», - հայտարարեց նա:

Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ խոսքը հեղաշրջման հիբրիդային նախապատրաստությունների մասին է:

Այս խնդիրներով, վարչապետի խոսքով, զբաղվել և զգաղվում են իրավապահները, որպեսզի այդ վտանգները չեզոքացվեն: «Երբ ապացույցները լինեն բավարար, մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության: Գործընթացի նպատակն է չեզոքացնել ՀՀ անվտանգության վտանգները: Այդ վտանգները չեզոքացված են արդեն մի քանի ամիս: ՀՀ քաղաքացիների 90 տոկոսն այդ վտանգնները ոչ տեսել է, ոչ զգացել է: Այո, այդ հարցում ՀՀ իրավապահ համակարգը X պահից սկսած գործել է շար արդյունավետ», - ասաց նա:

Փաշինյանը արդյունավետ աշխատանքի համար առանձնահատուկ գնահատանքի խոսքեր ասաց ԱԱԾ-ի և ոստիկանության, ինչպես նաև իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների մասին։

Արշալույս Մղդեսյան