26 հունվար, 2020 14:57

Մեղրիի 1999-ի տարբերակը Հայաստանը մերժել է, 2001-ին Քի Վեսթն ընդունել որպես բանակցությունների հիմք

1918-20. Նախիջևան և Կարս՝ Արցախի ու Զանգեզուրի դիմաց

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճելի հարցերը փոխանակման ճանապարհով կարգավորելու առաջարկ առաջին անգամ արել են բրիտանացիները:

1919-ին նրանք փորձում էին համոզել Հայաստանին, որ հրաժարվի Արցախից և Զանգեզուրից: Փոխարենը բրիտանացիները խոստանում էին Հայաստանին միացնել Նախիջևանը և Կարսը:

1918-1920 թթ․ Ադրբեջանը հավակնություններ ուներ Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի, ինչպես նաև Կարսի նկատմամբ:

Բրիտանացիները ոչ միայն տարածքների, այլև մարդկանց փոխանակում էին առաջարկում: Նրանք Հայաստանին առաջարկում էին հրաժարվել Արցախից, բոլոր արցախցիներին բնակեցնել Արարատյան դաշտում, իսկ Արարատյան դաշտում բնակվող բոլոր թաթարներին, իմա՝ ադրբեջացիներ, տեղափոխել և բնակեցնել Արցախում:

Բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանը 1919-ի գարնանը մտավ Նախիջևան և Կարս: Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը Նախիջևանը կարողացավ պահել միայն երկու ամիս: Արդեն հուլիսին թուրք-թաթարական հարվածների տակ Նախիջևանում հաստատված հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը կարողացավ նահանջել ու փրկվել:

Կարսը գրավեցին քեմալականները 1920-ի հոկտեմբերին: Նույն՝ բրիտանացիների գործուն միջամտությամբ նաև Արցախը մնաց Ադրբեջանի կազմում:

Սախարովի առաջարկը

Բրիտանացիներից հետո տարածքների փոխանակման ճանապարհով Ղարաբաղյան հարցի լուծում առաջ է քաշել Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովը 1988-ի դեկտեմբերին:

Սախարովն առաջարկում էր Մեղրին փոխանցել Խորհրդային Ադրբեջանին, որպեսզի վերջինս ցամաքային կապ հաստատի Նախիջևանի հետ: Դրա փոխարեն Ադրբեջանին առաջարկում էր հրաժարվել Լաչինի շրջանից, որպեսզի ԼՂԻՄ-ը միացվի և ցամաքային կապ ունենա Խորհրդային Հայաստանի հետ:

Թուրղութ Օզալի գաղափարը

1991-ի գարնանը Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը իր խորհրդական Ջենգիզ Չանդարին գործուղեց Խորհրդային Ադրբեջան, որպեսզի հանդիպի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ և շոշափի նրա կարծիքը ղարաբաղյան հարցը տարածքային փոխանակման ճանապարհով լուծելու հնարավորության վերաբերյալ:

1992-ի ապրիլին Օզալը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագին և պետքարտուար Ջեյմս Բեյքըրին ներկայացրեց այդ տարբերակը:

Կոնֆիդենցիալ, Սպիտակ Տուն, Վաշինգտոն

Ապրիլ 28, 1992, Օվալ կաբինետ

Նախագահ Բուշի հանդիպումը նախագահ Թուրղութ Օզալի հետ

Նախագահ Օզալ – Ես մի գաղափար ունեմ։ Լեռնային Ղարաբաղի 80 տոկոսը հայերն են և 20 տոկոսը՝ ադրբեջանցիները։ Նրանք կարող են փոխանակել տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանա Հայաստանից մի կտոր, որը բաժանում է Ադրբեջանի երկու մասերը։  Ստալինն այստեղ ներքևում սահմաններ է ստեղծել։ Նա Ադրբեջանը կիսեց, որ հանձնի հայերին ու սիրաշահի նրանց։

Պետքարտուղար Բեյքըր – Ի՞նչ կլինի հայերի հետ երկրի հարավային մասում, որը դուք տալիս եք Ադրբեջանին։

Օզալ - Բոլորը՝ ոչ ավելի, քան 50 000 մարդ, պետք է տեղափոխվեն։ Այլապես այդ պատերազմը հավերժ կշարունակվի։  նրանց [Ադրբեջանին] միջանցք է պետք։  Դա ձեռնտու է նաև Հայաստանին։ Դրա համար կա նաև մեկ այլ պատճառ։ Կենտրոնական Ասիայի հանրապետություններին պետք է կապ Եվրոպայի հետ․.. Իմ պլանով՝ Ադրբեջանի միջոցով կարող է կապ լինել Թուրքիայի, ապա Եվրոպայի հետ։  Այդ պետությունները Եվրոպայի հետ Ռուսաստանը շրջանցող հաղորդակցության գծերի կարիք ունեն։

Բեյքըր – Ադրբեջանցիներին սա կհետաքրքրի՞։  Մեզ կասեք։  Հնարավոր է՝ մենք ցանկանանք առաջ շարժվել այս ուղղությամբ։

Փոլ Գոբլի ծրագիրը

Նույն՝ 1992-ին տարածքների փոխանակման գաղափարը առաջ քաշեց ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլը: Ամերիկացի դիվանագետը նշում էր ղարաբաղյան կարգավորման երեք տարբերակ․

Առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ արտագաղթ, ինչը հնարավոր չէ բարոյական տեսանկյունից,

երկրորդ` Ղարաբաղի հանձնում Հայաստանի իրավասությանը, ինչը հնարավոր չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը կզրկվի ինչպես տարածքներից, այնպես էլ ջրային պաշարներից,

երրորդ` խոշոր ուժերի տեղակայում հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարավոր չէ ֆիզիկապես:

Գոբլը փակուղին հաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքների փոխանակման հնարավորությունը. Ղարաբաղի մի մասի հանձնում Հայաստանին: Բաքվին ջուր սնուցող գետերի ակունքներ ընդգրկող տարածքը պետք է հանձնել Ադրբեջանին՝ ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Առաջարկվում էր նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվողև Նախիջևանն ու Ադրբեջանն իրարից անջատող տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանի իրավասությանը:

Հետագայում` 2000-ի հունիսին, Գոբլն ընդունեց, որ երկու սխալ է թույլ տվել, առաջինը` ԼՂ-ից Ադրբեջան ջրի հոսքն է, որն այնքան էլ մեծ կարևորություն չունի, երկրորդ` ավելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարևորությունն է հայերի և Հայաստանի համար:

Ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը

2008թ. փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների համար մեջբերումներ էր անում «տասը տարի թաքցված» փաստաթղթից` այն որակելով «մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ»:

Տեր-Պետրոսյանը Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման փաստաթղթից ընթերցեց երկու հոդված:

«Նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ 1988-ի սահմաններով, փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայում Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք»:

Ապա Տեր-Պետրոսյանը շարունակեց. «Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր»:

Ռոբերտ Քոչարյանը՝ «Մեղրին հանձնելու տարբերակի» մասին

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատության, Քոչարյանը մի հարցազրույցում ասաց. «Մեղրին հանձնելու տարբերակը Փոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար: «Տարածքների փոխանակման սկզբունքներ» կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և’ հայկական, և’ ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք`պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Այն թուղթը, որ թափահարում է Տեր-Պետրոսյանը, ես երբևէ չեմ տեսել»:

2008-ի փետրվարին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու Տեր-Պետրոսյանի հայտարարություններն որակեց Գոբլի ծրագիր, որը շրջանառության մեջ է դրվել 1990-ականների սկզբներին և 2000-ին կտրականապես ու վերջնականապես մերժվել է: Օսկանյանն ընդգծեց, որ Մինսկի խումբը նման առաջարկ երբևէ չի ներկայացրել: Նա պնդեց նաև, որ դեռ 1994-ին՝ Հայաստանի ղեկավարությունը նեղ շրջանակում քննարկել է Գոբլի ծրագիրը, և Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե Նախիջևանի հյուսիսային՝ Հայաստանի անմիջական հարակից մասը՝ մինչև Իրանի սահմանը, տրվեր Հայաստանին, ապա դա ընդունելի տարբերակ կլիներ:

Դեռ 1994-ին՝ Հայաստանի ղեկավարությունը նեղ շրջանակում քննարկել է Գոբլի ծրագիրը, և Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե Նախիջևանի հյուսիսային՝ Հայաստանի անմիջական հարակից մասը՝ մինչև Իրանի սահմանը, տրվեր Հայաստանին, ապա դա ընդունելի տարբերակ կլիներ

Որքան էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը այսօր հերքեն, փաստ է, որ Մեղրիի առաջարկներ եղել են։ Մի հեռուստաելույթում Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է. «Կա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Եվ այդ կոնտեքստում, այո՛, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակն իմ կողմից չի ընդունվել, և ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատև խաղաղության»:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ևս հաստատել է, որ տարածքների փոխանակման տարբերակը քննարկվել է բավական լրջորեն. «Ես` որպես պաշտպանության նախարար, այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրիի տարբերակի մասին ինձ ասել է Վազգեն Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Քոչարյան-[Հեյդար] Ալիև և Աբիևի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետև Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել և ասել, որ լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահներին, այս հարցի շուրջ համանախագահների հետ հանդիպում է ունեցել նաև Արամ Սարգսյանը»:

Վազգեն Սարգսյանը՝ Մեղրիի մասին

1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը համընկավ այս քննարկումների հետ։ Նախքան ահաբեկչությունը վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ օգոստոսին Սյունիք կատարած այցի ժամանակ, ուղղակի կերպով դեմ դուրս եկավ Մեղրիով միջանցք տրամադրելու քննարկումներին, հայտարարելով․

«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

1999-ի քննարկումները

Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեև անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում: Ադրբեջանը ձգտում էր ցամաքային անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ, սակայն դրա դիմաց, ակնհայտորեն, պատրաստ չէր զիջումների գնալ ԼՂ և Լաչինի հարցերում: Մյուս կողմից, Երևանը ձգտում էր տեսնել ԼՂ-ն և Լաչինի միջանցքը Հայաստանի կազմում, սակայն անվտանգության և այլ պատճառներով պատրաստ չէր զրկվել Իրանի հետ ընդհանուր սահմանից:

1999-ի սեպտեմբերին Քոչարյան-Ալիև հերթական հանդիպումը կայացավ Սադարակում՝ Հայաստան-Նախիջևան սահմանագլխին:

Այդ հանդիպման հաջորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը Քոչարյանին և Ալիևին հղած ուղերձում քաջալերում և հույս էր հայտնում, որ եթե նախագահներն իրենց աշխատանքի այս փուլը կարողանան ավարտել մինչև նոյեմբեր կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, ապա «Ստամբուլում ԵԱՀԿ ողջ ընկերակցությունն իր աջակցությունը կհայտնի ձեռք բերած առաջընթացին»:

1999-ի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Վարդան Օսկանյանի և Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը և Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Ալիևի, Թոֆիկ Զուլֆուգարովի, Աբիևի հետ:

Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը և Ալիևի աշխատակազմի կարևոր դեմքերից Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Հետագայում Զուլֆուգարովը և Նամազովը հաստատել են, որ Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ հրաժարական են տվել` իրենց անհամաձայնությունը հայտնելով տարածքների փոխանակման առաջարկին:

«Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին համաձայնություն էր ձեռք բերվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով որոշեցի իմ մի քանի գործընկերների հետ հրաժարական տալ: Այդ համաձայնագիրը հավասարազոր էր ԼՂ-ին անկախություն տալուն, անշուշտ` ոչ դե-յուրե, այլ դե-ֆակտո»,- ասել է Նամազովը:

Ալիևն իր հրապարակային ելույթներում ընդունել է, որ 1999-ի ընթացքում քննարկվել են տարբերակներ, որոնք հակասել են Ադրբեջանի շահերին, մյուս կողմից պնդել, թե Հայաստանն է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից. «Մենք մի քանի անգամ հանդիպեցինք ԼՂ կարգավորման միջև:

Հոկտեմբերի 27-ը և «տարածքների փոխանակումը»

1999-ի հոկտեմբերի 26-ին Ալիևն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթին, Սեստանովիչին, Քավանոյին: Հոկտեմբերի 27-ի առավոտյան Քոչարյանը հեռախոսով զրուցում է Ելցինի հետ: Նույն օրը Երևանում Բաքվից ժամանած ամերիկյան պատվիրակությանն ընդունում է Հայաստանի նախագահը:

Բանակցությունները, որին մասնակցում էին նաև վարչապետ Վազգեն Սարգսյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շարունակվում են ավելի քան հինգ ժամ: Այդ հանդիպումից անմիջապես հետո վարչապետ Վազգեն Սարգսյանը շտապում է Ազգային ժողով, իսկ Օսկանյանը ամերիկյան պատվիրակությանը ուղեկցում է օդանավակայան: Կարճ ժամանակ անց, երբ Երևանից Մոսկվայով ամերիկյան պատվիրակությունն ուղևորվում էր Անկարա՝ թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները, Հայաստանի Ազգային ժողովում լսվում են կրակոցներ:

Ահա այս զուգադիպումն է պատճառ դարձել պնդելու, որ ահաբեկչությունը կապված էր Ղարաբաղյան կարգավորման հետ: Ավելին` շրջանառվում էին տեսակետներ, թե կարգավորման տարբերակին, որը ենթադրում էր տարածքային փոխանակումներ, առաջին հերթին դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը:

«Դեպքից մի քանի օր առաջ Կարենը երկու անգամ այդ մասին կիսվել է ինձ և որդուս հետ: Նա ինձ և Ստեփանին ասաց, որ որոշված է Մեղրիով ճանապարհ թողնել: Նա ասաց, որ բոլորը համաձայն են, նույնիսկ ուրախացած են, որովհետև խոստացել են մեծ փողեր, մտածում էին այդ գումարներով Հայաստանը կարգի բերել: Շատ շուտ Վազգենն անցավ Կարենի կողմը, համոզվեց, որ չի կարելի տալ Մեղրին: Նա ասում էր, որ իրեն համոզել չեն կարող, որովհետև Մեղրին տալը Հայաստանի վերջն է»,- ասել է Ռիմա Դեմիրճյանը՝ Կարեն Դեմիրճյանի այրին:

Ստամբուլի ԵԱՀԿ 1999 թ. նոյեմբերի գագաթաժողովին նախորդող և հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական և միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:

Քարտեզը՝ Le Monde Diplomatique-իՔի Վեսթ

2000-2001 թթ, երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևը առաջարկեց միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:

2001-ի հուլիսին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր.

Մենք կենտրոնանալու ենք երեք հիմնական հարցերի վրա․

1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,

2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,

3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։

Ներկայացնում ենք մեկ այլ զրույցի սղագրություն, որը տեղի է ունեցել 2001-ի գարնանը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Այս զրույցը տեղի է ունեցել նախքան Քի Վեսթը՝ 2001-ի ապրիլի 3-6-ը:

Զրույցի ընթացքում նշվում է, որ քննարկվում է չորս հիմնական սկզբունք.

1. Արցախի կարգավիճակ,
2. Հայաստանի կապը Արցախի հետ,
3. Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ,
4. Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Շուշի:

Հանդիպման ընթացքում նշվում է, որ Հայաստանը 20 կմ լայնքով միջանցք է պահանջում Արցախի հետ անխոչընդոտ կապն ապահովելու նպատակով, ինչը պայմանավորված է ոչ թե Ադրբեջանից տարածքներ վերցնելու մղումով (քանի որ դրանք փոխհատուցվելու են նախկին ԼՂԻՄ սահմանային շրջաններից), այլև անվտանգության նկատառումներով:

Ադրբեջանը պահանջում է, որ Նախիջևանի հետ իր կապը որոշվի ասիմետրիայի սկզբունքով, ինչն անընդունելի է Հայաստանի համար:

Երևանը դեմ էր միջանցքների ասիմետրիային, քանի որ Արցախը անկլավ է, չունի երրորդ երկրի հետ սահման (կարգավորման բոլոր առաջարկներով՝ հայկական ուժերը դուրս են բերվում մերձարաքսյան հատվածից, և Արցախը կորցնում է ցամաքային շուրջ 100 կմ երկարությամբ կապը Իրանի հետ), մինչդեռ Նախիջևանը ցամաքային սահման ունի Թուրքիայի և Իրանի հետ։

Այսինքն, եթե հայկական ուժերը գրավեն Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ/միջանցքը, ապա Նախիջևանը կմնա էքսկլավ ու կպահպանի ընդհանուր սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, մինչդեռ եթե ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինի միջանցքը, ապա Արցախը կղզու կվերածվի Ադրբեջանի մեջ, ինչպես ԼՂԻՄ-ն էր Խորհրդային Ադրբեջանի ժամանակ։

Բացի այդ, երբ Լաչինի միջանցքը տրամադրվում է Հայաստանին, ապա դրանից Ադրբեջանը երկու մասի չի կիսվում, մինչդեռ եթե Ադրբեջանին տրվում է տարածք Նախիջևանի հետ կապվելու համար, ապա Հայաստանը կիսվում է երկու մասի (եթե տարածքը Արաքս գետի երկայնքով չէ): Իսկ եթե տարածքը տրվում է Մեղրիում՝ Արաքսի երկայնքով, ապա Հայաստանը զրկվում է Իրանի հետ սահմանից և Արաքս գետի այդ հատվածից: Հաշվի առնելով այս ամենը, հայկական կողմը մերժելի է համարում տարածք կամ միջանցք տրամադրել Ադրբեջանին, բայց դեմ չէ, եթե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով (overpassing elevated road), որը կարող է լինել Ադրբեջանի սեփականությունը:

2001-ի ամռանը ԵՄ պատվիրակների հետ ՀՀ բարձր ղեկավարության հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացնում է, թե ինչ է քննարկվել Քի Վեսթում.

Փաթեթի չորս տարրերը․

1. ԼՂ կարգավիճակ,

2. Հայաստանի մատչումը (access) ԼՂ-ին,

3. Ադրբեջանի մատչումը Շուշիին,

4. Փախստականների վերադարձը, հիմնականում՝ Շուշի։

«Մենք կարծում էինք, որ Փարիզում որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի առաջ շարժվենք, բայց հանկարծ Ալիևը նահանջեց և նոր պայմաններ առաջ քաշեց։

Կարգավիճակի առումով ըստ էության մենք ստանում էինք առավելագույն հնարավորը, նույնը, ինչ միջանցքի դեպքում էր։ Փոխարենը նրանք ազատ ու անարգել կապ էին ստանում Նախիջևանի հետ, սակայն նրանց ելքի (access) կարգավիճակը նույնական չէր մերինի հետ։  Ազատ և անարգել երթևեկությունը ենթադրում էր, որ ադրբեջանական ավտոմեքենաները չէին կանգնեցվելու ճանապարհին և չէին անցնելու Հայաստանի մաքսային ծառայության միջոցով։

Քի Վեսթում ամերիկացիները մեզ տրամադրել էին տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետներ և աշխատանքի համար քարտեզներ։  Ակնկալվում էր, որ անկախ նրանից, թե իրենց ճանապարհը կհատի Հայաստանի բնակավայրերն ու Իրանի հետ սահմանը, այն պետք է լիներ վերգետնյա։  Այս տարբերակով, հաշվի առնելով, որ ճանապարհի որոշակի հատվածներ լինելու են անմիջապես գետնի վրա, Հայաստանի տարածքը կարճանում էր ութ մետրով»։

Այս տեքստից ուշագրավ է վերջին հատվածը՝ Հայաստանի տարածքը կարճանում է ութ մետրով, ինչը նշանակում է, որ Մեղրիում՝ Արաքսի երկայնքով, Ադրբեջանին տրվող միջանցքը 8 մետր լայնություն է ունենալու և այն հատվածներում, որտեղ լինելու են հայկական գյուղեր, միջանցքը կառուցվելու է վերգետնյա:

Եվրոպացի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 2001-ի հոկտեմբերին այսպիսի մանրամասներ է պատմել.

«Արցախի կարգավիճակի հարցը կոնֆիդենցիալ է։ Ոչ մամուլի համար, բայց ասեմ, որ Արցախը տրվում էր Հայաստանին, և կապը իրականացվելու էր Լաչինի միջոցով, որը նույնպես տրվելու էր Հայաստանին: Այդ տարածքի անվտանգությունը երաշխավորվելու էր հավանաբար ՄԱԿ-ի ուժերով: Ադրբեջան-Նախիջևան կապը անցնելու էր Հայաստանի տարածքով, և տարաձայնությունը հենց այստեղ էին: Ալիևը ուզում էր սուվերեն իրավունք ունենալ այդ ճանապարհի նկատմամբ, իսկ հայկական կողմը դրան դեմ էր:

Թեև այսօր Քոչարյանին մեղադրում են, թե իբր նա Մեղրիի շրջանը պատրաստվում էր զիջել Ադրբեջանին, դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Քոչարյանը 1999-ին, 2000-ին և 2001-ին բանակցել է Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ/միջանցք տրամադրելու տարբերակը։ Քննարկումների ընթացքում, բնական է, հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ վտանգվում է Իրանի հետ ցամաքային կապը։

Միջազգային միջնորդները, հաշվի առնելով Հայաստանի և նաև Իրանի մտահոգությունները, առաջարկել են տարբերակ, ըստ որի՝ Հայաստանը և Իրանը Արաքսի վրայով ունենում են ցամաքային երկու ճանապարհ։ Այսպիսով, Ադրբեջանը Նախիջևանի հետ և Հայաստանը Իրանի հետ կապող երկու ցամաքային միջանցք/ճանապարհները երկու տեղում խաչաձևվում են։

Ամփոփելով 1999-ի քննարկումները, պետք է ընդգծենք, որ Մեղրիի տարբերակը մերժել է Հայաստանը։

2001-ին Քի Վեսթում կրկին քննարկվում էր միջանցքներ տրամադրելու տարբերակով Ղարաբաղյան կարգավորման հնարավորությունը։ Այս անգամ մերժումը եկավ Բաքվից։

Ինչո՞ւ։

Պատճառներից մեկն այն էր, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին առաջարկում էր Նախիջևանի հետ կապի ոչ թե ցամաքային ճանապարհ, այլ վերգետնյա։ Առաջարկվում էր Արաքսի երկայնքով կառուցել շուրջ 40 կիլոմետր երկարությամբ կամուրջ, որը դրվելու էր Ադրբեջանի սուվերեն տրամադրության տակ։

Այսինքն, Ադրբեջանը Նախիջանի հետ կապվելու էր ոչ թե ցամաքով՝ Հայաստանի տարածքով, այլ Հայաստանի օդով։ Հետևաբար, Հայաստանը չէր կորցնում Իրանի հետ ցամաքային կապը։ Դրա դիմաց Ադրբեջանը հրաժարվում էր նախկին ԼՂԻՄ-ից և Լաչինի միջանցքից, որոնք դառնում էին Հայաստանի Հանրապետության մաս։

Սակայն վերգետնյա ճանապարհի տարբերակը ևս մի կողմ դրվեց, իսկ Քի Վեսթի գրավոր առաջարկով նախատեսվում էր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար Հայաստանի տարածքով՝ Արաքսի երկայնքով, տրամադրել «սուվերեն անցում» կամ, ինչպես գրված է այդ փաստաթղթի անգլերեն տարբերակում՝ sovereign passage:

Ահա սա է Քի Վեսթի էությունը և տարբերությունը 1999-ի առաջարկից, որը պատմագրություն է մտել Մեղրիի կամ տարածքների փոխանակման տարբերակ անունով։

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Մեղրիի մերձարաքսյան հատվածը

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: