30 հունվար, 2020 12:10

«Հայաստան և Ադրբեջան։ Մրցակցության անատոմիա»․ գրախոսություն

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գիտական լուրջ աշխատություններ միջազգային հեղինակների կողմից վերջին տասնամյակների ընթացքում համեմատաբար քիչ են գրվել: Հակամարտության մասին գրված ամենամեծ տարածում ստացած աշխատությունը Թոմաս դե Վաալի «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» (Thomas de Waal: “Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War”) գիրքն է, որում հեղինակը առանց խորքային վերլուծության փորձի, լրագրողական ոճով հակամարտությունը ներկայացնում է կողմնակի ընթերցողին: 

Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող հայտնի փորձագետ Լոուրենս Բրոյերսի «Հայաստան և Ադրբեջան։ Մրցակցության անատոմիա» (Laurence Broers: “Armenia and Azerbaijan: Anatomy of a Rivalry”) գիրքը սպասված էր շատերի կողմից: 

Բրոյերսը գրքում մի շարք հարցադրումներ է կատարում և դրանց վերաբերյալ իր պատասխաններն է առաջ քաշում: Հեղինակը հայ-ադրբեջանական հակամարտությունը որակում է որպես երկարատև մրցակցություն (enduring rivalry), ինչը միջազգային հարաբերությունների տեսության մեջ նկարագրվում է որպես երկու պետությունների միջև կրկնվող հակամարտությունների իրավիճակ: Պետությունների միջև երկարատև մրցակցությունները տևում են առնվազն երկու տասնամյակ և ուղեկցվում են կրկնվող բռնությունների դրվագներով: Այդպիսի մրցակցությունները նկարագրվում են նաև որպես երկու պետությունների միջև նպատակների ֆունդամենտալ և երկարատև անհամատեղություն: Այդ առումով Բրոյերսը հայ-ադբեջանական հակամարտությունը համեմատում է իսրայելա-արաբական ու հնդկա-պակիստանյան հակամարտությունների հետ:

Գիրքը բաղկացած է ինը գլխից, որոնցում հեղինակը քննարկում է հակամարտության տարբեր ասպեկտները: Առաջին գլուխներում Բրոյերսը փորձում է հասկանալ, թե «ինչու է հայերի և ադրբեջանցիների միջև տարածքային վեճ առաջացել 1988 թվականին», ինչու է «80-ականների վերջերին բռնություն բռնկվել հայերի և ադրբեջանցիների միջև»: Հեղինակը իրավացիորեն մերժում է հակամարտության ծագման ինստրումենտալիստական տեսությունը, ըստ որի՝ էլիտաները օգտագործում են միջէթնիկական լարվածությունը սեփական քաղաքական շահերը առաջ տանելու համար: Այս տեսությունը հաճախ կիրառվում է նախորդ դարի 1990-ականների սկզբի բալկանյան պատերազմների գենեզիսը բացատրելու համար: 

Բրոյերսը նշում է, որ էլիտաները հասարակությունների արմատականացման մեջ որոշակի դեր ունեցել են, բայց այդ դերը մասնակի էր: Որպես այս պնդմանը աջակցող փաստարկ նա բերում է այն հանգամանքը, որ 1988-1994 թվականներին հակամարտող երկրներում տեղի են ունեցել իշխանափոխության մի շարք դեպքեր: Բրոյերսը Ղարաբաղյան հակամարտությունը որակում է որպես ժողովրդական զանգվածների կողմից առաջնորդված մոբիլիզացիա (mass-led mobilaztion): 

Այս հարցում կարևոր հստակություն մտցնելուց հետո Բրոյերսը ներկայացնում է 1980-ական թվականներին հայ-ադրբեջանական հակամարտության բռնկման իր տեսությունը: 2-րդ և 3-րդ գլուխներում նա ներկայացնում է Ադրբեջանում և Հայաստանում քաղաքական ազգի, տարբեր աշխարհաքաղաքական մշակույթների և հայկական ու ադրբեջանական հայրենիքների տարբեր կոնցեպտների ձևավորման պատմությունը: 

Բրոյերսը, փաստորեն, հայ-ադրբեջանական հակամարտության ակունքները փնտրում է երկու հասարակություններում առկա աշխարհաքաղաքական մշակույթների մեջ, որոնք պաշտոնական և ոչ պաշտոնական պատումներ (narrative) են երկու պետությունների պատմության և դերի վերաբերյալ: Ըստ հեղինակի՝ այդ պատումներում երկու ժողովուրդների հայրենիքները շատ ավելի մեծ են, քան ներկայիս Հայաստանն ու Ադրբեջանը: Ավելին, աշխարհաքաղաքական այդ երկու մշակույթներում մի շարք տարածքներ (իսկ երբեմն նաև հակառակորդ պետության ողջ տարածքը) և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը իրենց հայրենիքի մաս են համարում: 

Բրոյերսը նշում է, որ հայերն ու ադրբեջանցիները, դառնալով այդ աշխարհաքաղաքական մշակույթների զոհը, ժխտում են վիճարկվող տարածքներում միմյանց գոյության իրավունքը: Ըստ նրա՝ Ղարաբաղը այդպիսի տարածքներից մեկն է, որը ժամանակի ընթացքում  աշխարհագրական ծայրամասից դարձել է երկու պետությունների ազգային պրոյեկտների հիմքը:

Ըստ Բրոյերսի՝ ներկայում հակամարտող երկրներում գերիշխող են երկու աշխարհաքաղաքական մշակույթներ՝ «Lայն ադրբեջանիզմ» (Wide Azerbaijanism) և «Խոշորացված Հայաստան» (Augmented Armenia): Ըստ հեղինակի՝ «Լայն ադրբեջանիզմը» փոխարինման է եկել Հեյդար Ալիևի իշխանության տարիներին գերիշխող աշխարհաքաղաքական մշակույթին՝ «Ադրբեջանիզմին»: Բրոյերսը նշում է, որ վերջինիս շրջանակներում շեշտը դրվում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: «Լայն ադրբեջանիզմի» շրջանակներում ադրբեջանական հավակնությունները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության վրա՝ հիմնավորելով դա նախորդ դարերում այդ տարածքում թյուրքական բնակչության առկայությամբ: 

Ըստ Բրոյերսի «Խոշորացված Հայաստանը» իր հերթին փոխարինման է եկել «Օրինապաշտ Հայաստան» (Compliant Armenia) աշխարհաքաղաքական մշակույթին, որը գերիշխող էր 1990-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, և որի շրջանակներում առաջնահերթություն էր տրվում միջազգային իրավունքին: «Խոշորացված Հայաստանի» աշխարհաքաղաքական մշակույթի կրողները, ըստ Բրոյերսի, Հայաստանը դիտարկում են ԼՂՀ դե ֆակտո տարածքի հետ մեկ միասնության մեջ: Հեղինակը գտնում է, որ միմյանցից արմատապես տարբերվող այս երկու հակադիր աշխարհաքաղաքական մշակույթներն են ներկայումս գոյություն ունեցող փակուղու պատճառը: 

Գրքի երկրորդ մասում Բրոյերսը փոքր ինչ շեղվում է տեսական մասից և խոսում հակամարտության ավելի պրակտիկ ասպեկտների մասին: Հենց այդ գլուխներն են առավել որակյալ և արժեքավոր, քանի որ զուրկ են մանիպուլյացիաներից: Սակայն այս աշխատությունը ընդհանուր առմամբ մեծ հիասթափություն կարելի է անվանել: Բրոյերսը, լինելով Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ամենահեղինակավոր փորձագետներից, լուրջ հնարավորություն ուներ իր ծանրակշիռ ներդրումը ունենալ հակամարտության վերաբերյալ ակադեմիական դիսկուրսում: Սակայն նա հեղինակել է միակողմանի մի աշխատություն, որը գիտական բարդ լեզվով ներկայացնում է հակամարտության չափազանց պարզեցված պատկեր: 

Բրոյերսի մոտ դերերը նախօրորք բաշխված են ու կանխորոշված: Ամեն ինչ սև և սպիտակ է: Հստակ է, թե ով է զոհը, իսկ ով՝ ագրեսորը: Ընթերցողի համար դա պարզ է դառնում նույնիսկ գրքի շապիկից, որի վրա տեղադրված է ադրբեջանցի որդեկորույս մոր նկար: Ապշեցուցիչ է նաև որոշ դրվագներում օգտագործվող լեզուն: Օրինակ, խոսելով ադրբեջանական աշխարհաքաղաքական մշակույթի մասին՝ Բրոյերսը նշում է, որ այն «կլանել է իր հակառակորդի շիզոֆրենիան»: Սա ինտելեկտուալ անպատասխանատվության ու անազնվության վառ դրսևորում է ոչ միայն օգտագործված բառապաշարի առումով, այլև այն պատճառով, որ վերոնշյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը: 

Փաստորեն, Բրոյերսը ադրբեջանական Երևանի մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունները համարում է արձագանք «հայկական շիզոֆրենիային»: Ու դա այն դեպքում, երբ հայկական դիրքորոշման արմատականացումն էր արձագանք Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը վերջին 15 տարիների ընթացքում: Հեղինակի նշած «Խոշորացված Հայաստան» կոնցեպտի կողմնակիցները քաղաքական դաշտի լուսանցքում էին գտնվում երկար տարիներ: Հիմնականում Բաքվի վարած քաղաքականության արդյունքում է այսօր այդ մոտեցումը գերիշխող: 

Մեկ այլ դրվագում Բրոյերսը այս գրքին բնորոշ բարդ լեզվով հերթական պարզունակ պատկերն է ներկայացնում՝ նախկին ԼՂԻՄ-ից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող շրջանները անվանելով «հայկական ազգայնականության վայրի սահման»: Թե ինչպես են հայկական ուժերը հայտնվել այդ «վայրի» սահմանում, հեղինակին, կարծես, այդքան էլ չի հետաքրքրում: Կարևորը հնչեղ կլիշե կպցնելն է:

Չնայած գրքի հեղինակը, կանխատեսելով հնարավոր արձագանքը, ընդգծում է, որ աշխարհաքաղաքական մշակույթների ու պատումների մասին գրքի գլխավոր թեզը օրիենտալիստական չէ, բայց այն  իրականում օրիենտալիզմի վառ օրինակ է: Հակամարտող հասարակությունները ներկայացվում են որպես իռացիոնալ ամբոխներ, որոնք առաջնորդվում են տասնամյակներ առաջ ձևավորված նարատիվներով: Այդ նարատիվները, անշուշտ, որոշակի դեր ունեցել են և ունեն, բայց դրանք հակամարտության գլխավոր շարժիչ ուժ համարելը անլուրջ է և անհիմն: 

Վստահ չեմ, որ հեղինակը կհամարձակվեր Կատալոնիայի կամ Շոտլանդիայի անկախականների պայքարը բացատրել աշխարհաքաղաքական մշակույթների մասին իր այս տեսությամբ, եթե նույնիսկ դրա համար լուրջ հիմքեր լինեին: Այս թեզը, փաստորեն, զրկում է Արցախի ժողովրդին սուբյեկտայնությունից  և ստվերում Ղարաբաղյան շարժման ժողովրդավարական ակունքները: 

Հակամարտությունը որպես մրցակցություն որակելը ևս այդ նպատակն է հետապնդում: Չկա իր իրավունքների համար պայքարող Արցախի ժողովուրդ, այլ կա տարածք, որը մի շարք այլ տարածքների պես վիճարկվում է աշխարհաքաղաքական վախերով ապրող հայերի և ադրբեջանցիների կողմից: 

Բրոյերսը, չգիտես ինչու, այս գրքում տիրաժավորում է ադրբեջանցի հասարակական գործիչ Արիֆ Յունուսովի հորինած և Թոմաս դե Վաալի կողմից տարածված Կապանից 1987-ի վերջին ադրբեջանցիների արտաքսման մասին քարոզչական միֆը, որը հերքվել է անկախ լրագրողների կողմից: Նա, մասնավորապես, գրում է, որ հակամարտության գոտում տեղահանումները սկսվել են 1987-ի վերջին ու 1988-ի սկզբին ադրբեջանցիների շարժով Հայաստանի հարավից: Սա ևս ինտելեկտուալ անպատասխանատվության օրինակ է: 

Գրքում այլ անճշտություններ ևս կան: Բրոյերսը, խոսելով «Խոշորացված Հայաստան» աշխարհաքաղաքական մշակույթի դրսևորումների մասին, մի քանի անգամ նշում է, որ 2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերանվանվել է Արցախի Հանրապետություն, ինչը սակայն չի համապատասխանում իրականությանը: Արցախի Հանրապետություն անվանումը ամրագրված էր երկրի սահմանադրության մեջ 2006-ից և նույնական էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանման հետ: 2017-ին ԼՂՀ իշխող էլիտան պարզապես փոխել է այդ երկու անվանումների հերթականությունը նոր սահմանադրության մեջ և օգտագործել դա ներքաղաքական նպատակներով: 

Այսպիսի անճշտությունների պատճառը, կարծում եմ, այն է, որ Բրոյերսը վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ չի այցելել և ավելի վատ է ծանոթ տեղական առօրյային: Գրքի հիմնական մասը ևս գրվել է մինչհեղափոխական Հայաստանի իրողություններում: Դա ակնհայտ է դառնում հատկապես հակամարտող երկրներում իշխող ռեժիմների մասին գլխում, որտեղ խոսքը հիմնականում հայաստանյան մինչհեղափոխական քաղաքական իրականության մասին է: 


Ամփոփելով` պետք է նշել, որ Բրոյերսի աշխատության գլխավոր թեզը չափազանց թույլ է հիմնավորված, չի արտացոլում հակամարտության ամբողջական պատկերը և մի շարք ռացիոնալ շարժառիթներ ու գործոններ բերում է իռացիոնալ դաշտ: Գրքում մի քանի կարևոր գլուխներ կան, որտեղ բավական լավ ներկայացվում է հակամարտության որոշ ասպեկտները, բայց ընդհանուր առմամբ այն ավելի շատ մոլորեցնում է ընթերցողին, քան մոտեցնում իրականության օբյեկտիվ ընկալմանը: Այդ ամենը սրվում է նաև այն հանգամանքով, որ հեղինակը գրքի որոշ հատվածներում խիստ միակողմանի պատկեր է ցուցադրում, ինչն էլ զգալիորեն նվազեցնում է աշխատության արժեքը: Այսպիսի երկար սպասված գրքից, անշուշտ, ավելին էր ակնկալվում։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: