30 հունվար, 2020 09:41

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է այսօր

Ժնևում հունվարի 29-ին մեկնարկած՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը շարունակվում է այսօր՝ հունվարի 30-ին։

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - ավելի վաղ հայտարարել էր ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մամեդյարովի հետ հանդիպման նախօրեին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, չէր բացառել փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը։

«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում», - ասել էր վարչապետը:

Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 14-16-ը:

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019-ի դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ 

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը», - ասված էր հաղորդագրությունում:

#ՍիվիլՆեթ #Լուրեր