1 փետրվար, 2020 10:55

ԵԽԽՎ-ն մտահոգ է Հայաստանում կառավարության և ՍԴ-ի միջև լարվածությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգություն է հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև լարվածության կապակցությամբ։

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի ղեկավարության միջև լարվածության բարձր մակարդակով»,- հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա, EPP/CD) և Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC):

«Զսպումներն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Դա նշանակում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայությանը համապատասխան և հարգեն այն իրենց գործողություններում և խոսքերում, այդ թվում՝ հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե նրանք չեն կարողանում փոխազդել այդ սկզբունքների համաձայն, նրանք ականահարում ու վնասում են միմյանց: Այդ իսկ պատճառով մենք մտահոգված ենք այն երկարաժամկետ վնասով, որ աննախադեպ մակարդակի հասած այս լարվածությունը կարող է ընդհանուր առմամբ հասցնել դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ շատ ցածր է»,- հայտարարել են նրանք ։ 

«Մինչ այժմ կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավական ընթացակարգերը՝ իրավիճակը կարգավորելու համար։ Բացի այդ, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ հրաժարականի մեխանիզմի վերաբերյալ։ Եվրոպական չափանիշների համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամ թոշակի անցնելը պետք է լինի խիստ կամավոր, և որ այդ սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ՝ մենք ուշադիր հետևելու ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել այս ուղղությամբ, նույնիսկ եթե այդ մեխանիզմի նպատակը՝ 2015թ. սահմանադրական փոփոխությունների ոգին պաշտպանելը, թվում է հիմնավորված»,- հավելել են նրանք։ 

«Մենք արդեն ընդգծել ենք, որ քաղաքական խաղացողները զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը»,- հայտարարել են համազեկուցողները։ 

#CivilNet #News