3 փետրվար, 2020 16:59

Հիբրիդային պատերազմ, բարեփոխումներ, ռազմավարական հաղորդակցություն․ զրույց Լիլիթ Գևորգյանի հետ

Վերջին շրջանում Հայաստանի բարձրագույն օղակները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, խոսում են Հայաստանում հիբրիդային հեղաշրջման մասին։ Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը խոսել է այդ հայտարարությունների, Հայաստանում տեղեկատվական պատերազմի, բարեփոխումների շուրջ։ 

- Ամիսներ առաջ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Դուք հանգամանալից ներկայացրիք հիբրիդային պատերազմի հայաստանյան խորապատկերը, խոսեցիք դրա տեղեկատվական բաղադրիչի մասին։ Այդ շրջանում այդ եզրույթը կարծես դեռ շատ չէր շրջանառվում։ Վերջին շաբաթներին Հայաստանի բարձրագույն օղակները՝ ի դեմս վարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի, մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանում եղել է «հիբրիդային հեղաշրջման գործընթաց», «հիբրիդային նախապատրաստություններ»․ ես բառացի մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Կապանի ասուլիսում։ Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցողն իսկապես տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ։

- Իմ նախորդ հարցազրույցում ես հենց դա փորձեցի նկարագրել՝ ներկայացնել, որ տեղեկատվական պատերազմը կամ արշավները ընդամենը մի փոքր մասն են այսպես կոչված հիբրիդային կամ ոչ կոնվենցիոն պատերազմի։ Եվ ի վերջո, այստեղ կարևորը «պատերազմ» բառն է, որովհետև դրանք ռազմական գործողություններին համարժեք գործողություններ են, որոնք ունեն կոնկրետ նպատակ։ Հեղաշրջումը կարող էր լինել այդ նպատակներից մեկը։ Իհարկե, այդ նպատակին հասնելու տարրերը բազմաշերտ են։ Դա սոցիալական ցանցերով, ֆեյսբուքյան կեղծ հաշիվներով մեսսիջներ կամ պատգամներ տարածելը կամ նախկին ռեժիմի կողմից կառավարվող կամ նրանց պատկանող մամուլի միջոցով ապատեղեկատվություն տարածելը չէ միայն։ Ես չգիտեմ, թե հեղաշրջման ինչ փորձ է եղել, մանրամասները ինձ հասանելի չեն, բայց կարող եմ ասել, որ ապատեղեկատվությունը և հիբրիդային տեղեկատվական պատերազմը Հայաստանում միայն չեն վերացել, այլև, ինչպես վերջերս նկատեցի, բավականին ուժեղացել և ինտենսիվացել են։

- Ի՞նչ պետք է անել իրավիճակը մեղմելու համար՝ հաշվի առնելով, որ այդ ամենն առաջին հերթին հարվածում է հենց հանրությանը և քաղաքացիներին, որոնք տեղեկատվության հիմնական և գլխավոր սպառողն են։

- Այո՛։ Երբ խոսում ենք ինտենսիվացման մասին, այստեղ մի քանի բաղադրիչներ կան։ Ես նկատեցի, որ այդ պայքարը մղող, այսինքն՝ առաջամարտիկներ համարվող որոշ խմբեր անգամ հանդիպումներ են կազմակերպել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների, օրինակ՝ Իրանի ներկայացուցիչների հետ։ Սա ուղղակի մեկ օրինակ եմ բերում։ Խնդիրը հետևյալն է։ Պետք է հայեցակարգային մակարդակով ճիշտ վերլուծել, թե ինչ է ոչ կոնվենցիոն պատերազմը, որոնք են դրա ներքին բաղադրիչները և ովքեր են արտաքին հովանավորողները։ Եվ այս համատեքստում պետք է արդեն մարտավարական որոշում ընդունել։ Մարտավարական որոշման մաս կարող է լինել այն, որ նախ պետք է բացահայտել այդ ցանցը, օղակը, և ոչ միայն տեղեկատվական աղբյուրները, այլ քաղաքական ակումբները, քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչներին, օլիգարխիայի ներկայացուցիչներին, այսինքն՝ ամբողջ ցանցը, որը ծառայում է այս արշավին։

Հիբրիդային պատերազմի թիրախը միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ

Իմ կարծիքով՝ ներկայիս իշխանությունները խուսափում են կամ չեն ցանկանում սա անել՝ թերևս մտահոգված լինելով արտաքին քաղաքական խնդիրներով՝ մասնավորապես դեպի Ռուսաստան տանող թելերով։ Ի վերջո, նման արշավը ռազմական ուժին համարժեք արշավ է, որը անպայման քայքայիչ ազդեցություն է ունենում հանրության և հատկապես քաղաքական դաշտի վրա։ Մեկ բան կցանկանամ այստեղ նշել։ Հիբրիդային պատերազմի թիրախը միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ։ Թիրախը նաև առողջ ընդդիմությունն է, այն ընդդիմությունը, որը կկարողանա ի վերջո ուժեղանալ և փոխարինել ներկայիս իշխանությանը, քանի որ ինչպես և բոլոր իշխանությունները, սա էլ պետք է փոխվի։ Նման պառակտումը, արշավը և հիբրիդային պատերազմ վարող ինստիտուտների արմատացումը Հայաստանում ապագայի համար շատ վտանգավոր է։

- Ոչ վաղ անցյալում մի քանի դեպք գրանցվել է, երբ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ օգտահաշիվներ, ձերբակալել դրանց հետևում կանգնած անձանց։ Դա ոչ միանշանակ է ընկալվել շատերի կողմից։ Ոմանք դա դիտարկել են որպես խոսքի ազատության ոտնահարում և այլն։ Ի՞նչ կասեք այս տեսանկյունից։

- Եթե ռազմավարական մոտեցում չկա խնդրին, այսինքն՝ սա չի բացատրվում, համատեքստը չի բացատրվում, նորից ռազմավարական հաղորդակցության խնդիր կա, այսինքն՝ ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս է սա վնասում հանրությանը, որո՞նք են բաղադրիչները, և ի՞նչ քայլեր պետք է անի պետությունը՝ ազգային անվտանգությունից ելնելով։ Բնականաբար սպորատիկ քայլերը հակազդեցություն կտեսնեն հենց նույն այդ արշավը վարողների կողմից կամ նույն առողջ ընդդիմության կողմից, որը պահանջում է ավելի համակարգված մոտեցում։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Արևմուտքում բավականին ակտիվ քայլեր են տարվում հենց խոսքի ազատությունը հիբրիդային պատերազմից փրկելու համար։ Այստեղ պաշտպանություն գրեթե չկա, այսինքն՝ խոսքի ազատության այդ կեղծ քողի տակ պաշտպանվելը շատ թույլ պաշտպանություն է։ Խնդիրն այլ է։ Խնդիրը այս հարցին համակարգված մոտենալը և բոլոր օղակները բացահայտելն է, իսկ դա նշանակում է, որ պետք է նաև լուրջ զբաղվել, ավելի խորքային մոտեցում ցուցաբերել, ցույց տալ, թե օրինակ օլիգարխիայի որ ներկայացուցիչները ինչ դեր ունեն, բոլոր ֆինանսական կապերը, ֆինանսավորումը մամուլի տարբեր ռեսուրսների հետևում, տակտիկան, նպատակները, որովհետև, ինչպես ասացի, սա միայն կառավարության դեմ չէ, սա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է և Հայաստանի շահերի դեմ է։ Եվ ես պետք է նշեմ, որ միայն բավարարվել այն բացատրությամբ, թե արշավը կոնկրետ կառավարության կամ դրա որոշ անդամների դեմ է, շատ կարճատես և նեղ մոտեցում է հիբրիդային պատերազմին։

- Եթե գանք ընդհանուր բարեփոխումների գործընթացին Հայաստանում, Դուք էլ խոսեցիք ռազմավարական հաղորդակցության մասին, իշխանությունները նախատեսել են մի շարք բարեփոխումներ մի շարք ոլորտներում, որոնք միշտ չէ, որ կրկին միանշանակ են ընդունվում։ Կան դժգոհություններ, բողոքի ցույցեր, առնվազն մտահոգություններ։ Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր գործընթացը։ Արդյոք դիմադրությունը նաև տրամաբանական և որոշ առումով սպասելի՞ արձագանք է, թե՞, այդուհանդերձ, բարեփոխումների իրականացման հարցում ինչ-որ բան այն չէ, օրինակ՝ այն, թե ինչպես են դրանք նախապատրաստվում և մատուցվում հանրությանը։

- Երկու խնդիր կա։ Մեկը դրական է, մյուսը՝ բացասական։ Դրականն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը վերափոխվում է, որքան էլ որ հիմնական լրատվական դաշտը դիտավորյալ լցվել է աղբով։ Մարդկանց բողոքելը, դժգոհելը, սուր կարծիքներ արտահայտելը, ի վերջո, այդ քաղաքական գործընթացի մի մասն է, որ տարիների ընթացքում ավելի ինստիտուցիոնալ կդառնան, կստեղծվեն տարբեր շահեր ներկայացնող խմբեր և այլն։ Այսինքն՝ տեսնում ենք սաղմնային վիճակը։ Թե ինչպես է առողջ քաղաքական կյանքը հենց նույն եվրոպական երկրներում ծավալվում, կարող եմ բերել հենց Ֆրանսիայի օրինակը, որտեղ արդեն երկար ժամանակ է՝ ցույցեր են տեղի ունենում։ Սա՝ մի կողմը։ Կառավարությունը ունի մի քանի թերություն։ Սա արդեն երկրորդ, ոչ այնքան լավ լուրն է։ Դա նաև հենց իր հեղափոխական բնույթից է, այն պատճառով, որ բավականին հապճեպ պետք է կառավարություն և նաև իշխող կուսակցություն ստեղծվեր։ Եվ այս ընթացքում, մի քանի ճակատով նաև պայքարելով, այո, հստակ է, որ այդ հաղորդակցման և հանրության, առողջ ընդդիմության շահագրգիռ կողմերի հետ աշխատելու գործընթացը դեռ սկզբնական վիճակում է, և դրա համար էլ նման արձագանքներ են լինում։ Դա հեշտ է ուղղել, պարզապես պետք է ունենալ ճիշտ հաղորդակցության մեթոդներ, շարունակական համագործակցության մեթոդներ, այսինքն՝ չկտրվել, այստեղ նորից պիտի հետ գնամ այդ նույն հիբրիդային պատերազմին, չտրվել փոքրիկ սկանդալների այդ տակտիկային, փորձել օգնել առողջ ընդդիմությանը առաջին պլան գալ։ Իմ կարծիքով՝ ամենամեծ հարցերից մեկը, որ Փաշինյանի կառավարությունը ունի, դա առողջ ընդդիմությանը ամեն կերպ աջակցնելն ու ուժեղացնելն է։ Այլապես այն կարող է է՛լ ավելի ներքաշվել դիտավորյալ տարվող այս հիբրիդային պատերազմի մեջ, որի արդյունքում թե՛ ներքին քաղաքական ձախողումներ կունենանք, թե՛ նաև արտաքին քաղաքական, որովհետև այս երկուսը իրար հետ խիստ կապակցված են։ Սա ներքին քաղաքական խնդիր չէ։

- Եվ վերջում կրկին մի մեջբերում Ձեր հարցազրույցներից մեկից. «Հեղափոխությունը կարող է պարտվել, եթե չունենա տեսլական, թե ինչպես են փոփոխությունները կատարվելու, կարող է պարտվել արտաքին ուժերի ազդեցության պատճառով»։ Այսօր Հայաստանում այս վտանգներն առկա՞ են, թե՞ ոչ։

- Այո՛, առկա են։ Եվ խնդիրները, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք, հենց նաև դրա պատճառով են։ Բացի ընդհանուր տեսլական ունենալուց, նույն այդ բարեփոխումների մասին, փոփոխությունների մասին որ խոսում ենք, դրանք պետք է ունենան հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպես են իրականացվելու։ Եվ ի վերջո, Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ ոչ թե, որ մեկ հոգի՝ Սերժ Սարգսյանը, ընտրել էր իշխանության մնալ, այլ որովհետև Հայաստանում օլիգարխիան և Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանին բերեցին ազգային անվտանգության ճգնաժամի։ Թե՛ տնտեսական, թե՛ ազգային անվտանգության առումով Հայաստանը ճգնաժամի մեջ էր, և դեռ քայլեր են պետք այդ անդունդից հետ գալու համար։ Այստեղ կարևոր է հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպես է օլիգարխիան վերացվելու։

Բարեփոխումները պետք է ունենան հստակ ճանապարհային քարտեզ

Իսկ իմ կարծիքով՝ դրա համար նախևառաջ պետք է ընդունեն, որ օլիգարխիան բավականին հզոր և լավ վիճակում է մնում։ Երկրորդ ամենակարևոր խնդիրներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբալանսավորումն է։ Եվ նորից այդ թիկունքում գործող հինգերորդ շարասյան խնդիրը մնում է։ Խիստ կարևոր է ուժային կառույցների և դատական կառույցների արագ բարեփոխումը։ Սրանք այն կառույցներն են, որտեղ նախկին ռեժիմից շատերն են շահել։ Այս տեսլականի բացակայությունը և առողջ ընդդիմության թուլությունը նաև շատերին հիմք է տալիս մտածելու, որ մեկ, երկու կամ երեք տարի համբերելու դեպքում հին ուժերը՝ նաև դրսի օգնությամբ, կկարողնան ի վերջո նոր, կեղծ կուսակցություններից ստեղծել դաշինք, բլոկ, որը թարմ նոր քաղաքական առաջնորդի գլխավորությամբ կարող է նորից վերարտադրվել և հետ գալ։ Եվ ի վերջո, սա բերում է ամենամեծ խնդրին, բացի այդ տեսլականից, ամենակարևոր հրամայականին. դա հին ռեժիմին քաղաքական գնահատական տալն է և բացատրելը, թե ինչպես բռնազավթվեց իշխանությունը Հայաստանում, դրա պատճառով որքան զոհեր, որքան ռազմական, տնտեսական և այլ կորուստներ կրեց երկիրը և ի վերջո նաև տարանջատել այդ կեղծ վերածնվող ընդդիմությունը՝ ի դեմս նախկին ռեժիմի ներկայացուցիչների։ Հիմա Հայաստանում, բացի այդ բարեփոխումներից, շատ կարևոր է նաև քաղաքական դաշտի ձևավորման տեսլականը և առողջ ընդդիմությանը ամեն կերպ աջակցելը։

- Դատական բարեփոխումների մասին․ արդյոք այսօր Հայաստանում դատական բարեփոխումները ճի՞շտ ճանապարհով են ընթանում, կամ արդյոք այսօր ընդհանրապես կա՞ն դատական բարեփոխումներ Հայաստանում։

- Առայժմ որևէ կերպ չեմ կարող պնդել, որ ընթանում են բարեփոխումներ։ Միևնույն ժամանակ, նաև պետք է ասեմ, որ ներկայիս կառավարության գործելաոճից ելնելով՝ քանի որ ռազմավարական հաղորդակցությունը  այնքան էլ դեռ զարգացած չէ, վստահ չեմ, թե արդյոք նման ծրագիր քննարկվում է․ դա ամենացավոտ և ամենադժվար բարեփոխումներից մեկն է։

Դատական բարեփոխումներն ամենաբարդն են և ամենացավոտը 

Պետք է նաև ընդունել, որ կառավարության համար հեշտ չէ միանգամից դատական կամ ուժային կառույցները փոխել։ Իհարկե նաև պետք է նշեմ ԱԱԾ-ն այս համատեքստում։ Սրանք շատ դժվար բարեփոխումներ են, որտեղ միայն կառավարությունը չի կարող ամեն ինչ գլուխ բերել։ Սա հանրության բոլոր առողջ ուժերի հետ համատեղ քայլեր են, որովհետև դրանք պետականաշինական քայլեր են։ Հայաստանը պարզապես ընտրության արդյունքում նոր իշխանություն ձեռք չի բերել, Հայաստանը դժվար կացության մեջ է։ Մոտակա տարիների ընթացքում ինստիտուտներ պետք է ձևավորվեն, մաքրվեն և ձևավորվեն։ Իսկ սա մեկ կառավարություն մեկ փոքր թիմով դժվար թե կարողանա անել։

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը