3 փետրվար, 2020 13:05

Ովքեր են Հայաստանի սպանդանոցների տերերը

Հայաստանում տարին սկսվեց գյուղացի անասնատերերի ու մսավաճառների  բողոքի ցույցերով՝ ընդդեմ կենդանիների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման։ Բարձրացած աղմուկից հետո կառավարությունը որոշեց սպանդանոցային մորթը պարտադիր դարձնել այս տարվա հուլիսի 1-ից՝ շեշտելով, որ այլևս հետաձգում չի լինելու։ Որոշման կիրառումը կարող է եկամտաբեր բիզնես դառնալ սպանդանոցների սեփականատերերի համար։ Հայաստանում չորս տասնյակ սպանդանոց կա։ ՍիվիլՆեթը պարզել է, թե ովքեր են այդ սպանդանոցներից շատերի սեփականատերերը։

Կոտայք 

Կոտայքի մարզում սպանդանոց է շահագործում «ԶՕՐ» ՍՊԸ-ն։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից պարզ է դառնում, որ ընկերությունը հիմնվել է 2012-ին և միակ մասնակիցը Աշոտ Հովհաննիսյանն է, գործունեեության վայրը Ձորաղբյուրն է։ «ԶՕՐ» ՍՊԸ-ի անվանը հանդիպում ենք սնանկության մի գործում, որով ընկերությունը երաշխավոր է հանդիսացել Արմեն Հովհաննիսյանի կողմից 2013-ին վերցված 200 միլիոն դրամ վարկի համար։ Վարկային պարտականությունները Հովհաննիսյանը չի կարողացել կատարել, դատարանը նրան ճանաչել է սնանկ և անցյալ տարի նրան պատկանող գույքը հանվել է աճուրդի։  

Կոտայքի մեկ այլ սպանդանոց՝ «Հանիավան սփրինգս» ՍՊԸ-ն, պատկանում է հրազդանցի գործարար Ֆրունզիկ Գալստյանին։ Նա «ՖՎ&Գ» ընկերության բաժնետեր է. ընկերությունն իր հերթին Հայաստանի պետական մարմիններին ու բանկերին հեռահաղարդակցության ոլորտում ծառայություն մատուցող խոշոր ընկերություններից է։ Տարիներ առաջ Ֆրունզ Գալստյանի գործունեությունը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա մեղադրվում էր հարկերից խուսափելու համար իր ընկերությունները կանխամտածված սնանկության տանելու, փաստաթղթեր կեղծելու համար։ Այս գործով սնանկության կառավարիչը ձերբակալվել էր, սակայն հետագայում դատարանը նրան արդարացրել է։ «Հանիավան սփրինգս»-ը հիմնվել է 2017-ին, իրականացնում է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։

Կոտայքի մարզում սպանդանոց  են շահագործում «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ն և «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն, որոնց սեփականատերը Արմեն Ջանվելյանն է։ Նրանցից մեկը զբաղվում է միայն խոզերի մորթով, իսկ մյուսը՝ մանր ու խոշոր եղջերավոր անասունների։ 

Բալահովիտում սպանդանոց ունի «Օջախ» ՍՊԸ-ն, այն իրականացնում է խոզերի մորթ։ Ընկերության սեփականատերը Կիմ Եգանյանն է, որը Միգրացիոն պետական ծառայության նախկին ղեկավար Գագիկ Եգանյանի ազգականն է։ Կիմ Եգանյանը Երևանում ու Բալահովիտում գործող «Օջախ» ռեստորանների սեփականատերն է։ 

Արաբկիրի հանրապետական նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի քրոջը՝ Հերմինե Անտոնյանին է պատկանում Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի սպանդանոցը շահագործող «Կոչոն» ՍՊԸ-ն։ Անտոնյանն ընկերության մասնակից է դարձել 2019-ի փետրվարից, մինչ այդ այն պատկանում էր Ռոբերտ Յազիչյանին։ Սպանդանդանոցը զբաղվում է խոզերի մորթով։ Հրայր Անտոնյանը 2011-2016 թվականներին եղել է Արաբկիրի թաղապետ։ 

Կոտայքի մարզում թռչունների ու խոզերի մորթով է զբաղվում «Գետամեջ» ՍՊԸ-ն, որի տնօրենն ու սեփականատերը Աշոտ Մովսեսյանն է։ Նա կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի եղբայրն է։ Մովսեսյանը Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան ձեռք է բերել 2017-ին ու լրատվամիջոցներին տված հարցազրույցում հաստատել թռչնաբուծարանը գնելու տեղեկությունները։ 

Նոր Գեղիում սպանդանոց ունի «Լուսակերտի էլիտ» ՍՊԸ-ն, որի միանձնյա բաժնետերն է Ռուզաննա Նազարյանը։ Այս ընկերությունը պատկանում է Օնիկ Հարությունյանի ընտանիքին։ Օնիկ Հարությունյանի և իր եղբոր՝ Բենիկ Հարությունյանի հետ դատական քաշքշուկների մեջ էր մտել, որից հետո կաշառք վերցնելու համար կալանավորվեց դատավոր Գագիկ Հեբոյանը, որը կաշառք ստացել էր Բենիկ Հարությունյանից։ 

Լոռի 

Լոռու մարզի Օձուն համայնքում գործում է անհատ ձեռնարկատեր Խասիկ Տիտանյանին պատկանող սպանդանոցը։ Օձուն համայնքի ղեկավարը Խասիկ Տիտանյանի ազգականն է՝ Արսեն Տիտանյանը։ Սպանդանոցների ցանկում Խասիկ Տիտանյանի ԱՁ-ով գրանցված հեռախոսահամարը նույնն է, ինչ համայնքապետ Արսեն Տիտանյանինը։ Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այցելել էր այս սպանդանոց։ Այցելության հաղորդագրության մեջ նշված էր. «Արտադրամասը գործում է 2017-ից, հզորությունը կազմում է մեկ օրվա կտրվածքով 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 150 գլուխ մանր եղջերավոր կենդանի և 50 գլուխ խոզ: Ներկայում աշխատում է ցածր հզորությամբ. սպանդի է ենթարկում շաբաթական 4-5 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, ունի չորս աշխատող: Աշխատանքային գործունեությունն իրականցվում է երկու ուղղությամբ՝ մատուցվում է սպասարկման ծառայություն և սեփական տրանսպորտային միջոցներով համայնքներից մթերվում են մորթի ենթակա կենդանիներ»։ 

Լոռու Դարպաս համայնքում է գործում «Միտք-Կ» ընկերության  սպանդանոցը (մասնակիցն է վանաձորցի Արա Հովսեյանը ), Քարաձորում սպանդանոց ունի անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարապետյանը, իսկ Տաշիրում՝ Սամվել Ավետիսյանը։ 

Սյունիք 

Սյունիքի մարզում գործող երկու սպանդանոցներն էլ կապվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ընտանիքի հետ։ Դրանցից առաջինը «Մարիլա» ՍՊԸ-ն է, որը զբաղվում է նաև կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությամբ։ Ընկերության երկու մասնակիցներն են Մաքսիմ Հակոբյանի երկու որդիները՝ Վահե և Արման Հակոբյանները, իսկ ընկերությունը գործունեություն է ծավալում Սյունիք գյուղում։ 

Սյունիքում խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթով է զբաղվում նաև «Գյուղարտ» ՓԲԸ-ն, որն իր հերթին ունի երկու բաժնետեր ընկերություն՝ «Շահր ինվեստ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Մաքսիմ Հակոբյանի մտերիմ Արծրունի Ավետիսյանի կինն է։ «Գյուղարտ»-ի մյուս բաժնետերը «Լամաքս գրուպ»-ն է, որի երկու բաժնետերերն են Արման և Վահե Հակոբյանները։ «Գյուղարտ»-ը սպանդանոցը կառուցել էր 2013-ին։ 2015-ին ընկերության 17 աշխատակիցներ վարակվել էին բրուցելոզով։ 

Արարատ 

Արարատի մարզի Մասիս քաղաքում է գործում «Ոսկե կացին» ՍՊԸ-ն։ Ընկերության մասնակիցները ներկայում Իրանի քաղաքացիներ են։ «Ոսկե կացին»-ը հիմնվել է 2013-ին։ Ընկերության նախնական մասնակիցը էջմիածնեցի գործարար Ալբերտ Սախալյանն էր՝ ընտանիքի հետ, սակայն 2013-ից ընկերությունում բոլոր բաժնեմասերն անցել են Իրանի ութ քաղաքացիների։ Մորթն իրականացվում է «հալալ»-ի կանոններով։ Սպանդանոցի տարածքը հասնում է 2400 քմ-ի, այն ընդարձակ սառնարանային տնտեսություն ունի և Հայաստանի խոշորագույն ապանդանոցն է։ 

Արարատում խոզերի մորթով է զբաղվում «Ա.Մելքոնյան» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Աղավնի Մելքոնյանն է, նաև՝ անհատ ձեռնարկատեր Արարատ Հարությունյանը։ 

Արմավիր 

Արմավիրում է գործում «Տեղական միս» ՍՊԸ-ի սպանդանոցը, որը հիմնվել է անցյալ տարեվերջին։ Ընկերության միակ մասնակիցը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Ճոյտ), իսկ գլխավոր տնօրենը նրա որդին է՝ Արմեն Հակոբյանը։ 

Փարաքարում է գործում Լյուդվիգ Մանուկյան անհատ ձեռնարկատիրոջ սպանդանոցը։ Մանուկյանն այս ԱՁ-ով շահագործում է նաև «Փարաքարի շաուրմա» սննդի կետը։ Արմավիրում գործող մյուս սպանդանոցը շահագործում է «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ-ն, որի միանձնյա բաժնետերը Արսեն Հակոբյանն է։ Արմավիր քաղաքում գործում է նաև «ՎՍԴ» ընկերության սպանդանոցը. դրա միակ մասնակիցը Սերգեյ Մարգարյանն է։ 

Տավուշ 

Տավուշի մարզում գործում է երկու սպանդանոց. դրանցից մեկը պատկանում է անհատ ձեռնարկատեր Արմեն Ամիրաղյանին ու գտնվում է Նոյեմբերյանում, իսկ Դիլիջանում սպանդանոց է շահագործում «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Ընկերության մասնակիցը գործարար Դավիթ Երեմյանն է, որը զբաղվում է ռեստորանային բիզնեսով, նրան է պատկանում «Երևան պանդոկ» ռեստորանների ցանցը, «Լավաշ», «Շերեփ», «Լիվինգսթոն» ռեստորանները։ 

Վայոց ձոր 

Վայոց ձորում գործում է միայն մեկ սպանդանոց, որը շահագործում է «Վայոց ձոր մսամթերք» ՍՊԸ-ն։ Ընկերության միակ մասնակիցը Գրիգոր Գրիգորյանն է, իսկ տնօրենը՝ Սիրեկան Բաբայանը։ Վերջինս մարզկենտրոն Եղեգնաձորի երկարամյա հանրապետական քաղաքապետն էր՝ 1999-2012 թթ․։ Ընկերությունը հիմնվել է 2016-ին՝ Հունաստանի կառավարության ֆինանսավորմամբ՝ «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, գործում է Զառիթափ համայնքում։ 2017-ին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը այցելել էր սպանդանոց, Սիրեկան Բաբայանն էլ այցելության ընթացքում նշել էր, որ Իրանի հետ ունեն 7 000  գլուխ մանր եղջերավոր անասունների մորթի ու արտահանման պայմանագիր 

Շիրակ 

Բանդիվան գյուղում խոզերի մորթով է զբաղվում «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։ Ընկերության բաժնետերը Դավիթ Կարապետյանն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին բաժնետեր, Երևանի կենտրոնում գտնվող «Անի» և «Անի գրանդ» հյուրանոցների սեփականատեր Գենիկ Կարապետյանի որդին։ Գենիկ Կարապետյանը ծնունդով Շիրակի մարզից է։ 

Արփի համայնքում 2018-ից գործում է «Արփի լենդ» ընկերության սպանդանոցը։ Ընկերության միակ մասնակիցը Սամվել Ղարիբյանն է՝ համայնքապետ Մերգել Ղարիբյանի եղբայրը։ Սպանդանոցը զբաղվում է խոզերի մորթով։ Ղարիբյաններն այս համայնքում ունեն նաև խոշոր խոզաբուծարան։ «Հետք»-ը գրել էր, որ խոզաբուծարանի կեղտաջրերը լցվում են Արդենիս բնական լիճ, աղտոտում շրջակա միջավայրն ու խոչընդոտում լճի հարևանությամբ զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը։ Թեև Ղարիբյաններին պատկանող խոզաբուծարանը մի քանի անգամ տուգանվել է, սակայն խնդիրը մնում է չլուծված։ 

Գեղարքունիք 

Գեղարքունիքի մարզում գործող սպանդանոցներ ունեն անհատ ձեռնարկետերեր Մեխակ Մարտիրոսյանը, Արման Սաղաթելյանը, Դավիթ Ղուլյանը։ Վերջինիս պատկանող սպանդանոցը գործում է Վահան գյուղում։ Դավիթ Ղուլյանը Վահանի կաթարտադրողների սպառողական կոոպերատիվի նախագահի որդին է։ 

Երևան 

Երևանում գործում է 5 սպանդանոց։ 

Անհատ ձեռնարկատեր Սուրեն Սադոևը սպանդանոց է շահագործում Աջափնյակ վարչական շրջանում։ Սադոևը արցախյան պատերազմի մասնակից է, պահեստազորի գնդապետ, նաև՝ «Եզդիաքրդական համայնք» ՀԿ-ի նախագահն է։ «Սիմիրամ» ՍՊԸ-ն Երևանում զբաղվում է ճագարաբուծությամբ, ճագարների մորթով։ Ընկերությունը հիմնադրվել է 2012-ին, միանձնյա բաժնետերը Տիգրան Ղարիբյանն է։ Նա «Շանթ» ընկերության սեփականատերերից Մանվել Ղարիբյանի որդին է։ 

Նուբարաշենում խոզերի մորթով է զբաղվում «Վասանավի» ՍՊԸ-ն։ Ընկերության միակ մասնակիցը ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Կարապետյանն է, որը «Վասանավի»-ն հիմնել է 2004-ին։ Նա ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ է եղել 2012-2017 թթ․։ «Վասանավի»-ն շահագործում է խոզաբուծարան, արտադրում է գյուղմթերք։ Նուբարաշենում գտնվող Կարապետյանի խոզաբուծարանի դեպքում ևս եղել են բողոքներ․ ընկերությունը թափոնաջրերը լցնում էր մոտակա սելավատարը՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին։

Երևանում սպանդանոց են շահագործում նաև «Խոզուկ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է հունվարին, միակ բաժնետերը Ենոք Բարսեղյանն է։ Հնդկահավերի մորթով զբաղվում է «Արգո» ՍՊԸ-ն, որը նաև զբաղվում է հնդկահավաբուծությամբ։ «Արգո»-ի մասնակիցներն են Գոռ և Արտակ Ղազարյան եղբայրները։ Նրանք նաև «Եթեր» շաբաթաթերթի հիմնադիրներն են, իսկ Գոռ Ղազարյանը նաև տնօրենն է։ 

Արագածոտն 

Արագածոտնի մարզում մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների մորթով է զբաղվում Անդրանիկ Պահարյան անհատ ձեռնարկատերը։ Պահարյանը Հայ մարմնակրթական ընդհանուր միության վարչության անդամ է եղել (մինչ անցյալ տարի), Սիրիայի քաղաքացի է։ Որպես անհատ ձեռնարկատեր նա հաշվառվել է 2019-ի մայիսին ու գործունությունն իրականացնում է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում, որը Ապարան խոշորացված համայնքի մաս է։ Արագածոտնում սպանդանոց ունի նաև անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հովհաննիսյանը։ 

Նյութում օգտագործվել են լուսանկարներ «Հետք»-ից, Առաջին լրատվականից և Ynker.am-ից։ 

Մկրտիչ Կարապետյան