4 փետրվար, 2020 10:34

Վենետիկի հանձնաժողովի նախագահը մտահոգված է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով և կիսում է այդ խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները

Այս մասին ասված է Ջիանի Բուքիքյոյի տարածած հայտարարության մեջ, որտեղ նա նշել է, որ շարունակում է մտահոգված լինել ՍԴ-ի շուրջ կոնֆլիկտով: 

Վենետիկի հանձնաժողովի նախագահը հղում է կատարել 2019-ի հոկտեմբերին հրապարակած իր կարծիքում ներկայացված խորհուրդներն այն մասին, որ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է լինի կամավոր և բացառվի դատավորների վրա ցանկացած տեսակի քաղաքական ու անձնական ճնշում: Այն չպետք է ազդի նաև ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա: 

«Հրապարակային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն հանգեցնի իրավիճակի լարվածության թոթափման: Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,- նշում է նա: 

Բուքիքյոն ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ապաէսկալացնել մտահոգիչ իրավիճակը Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողների տարածած հայտարարության մեջ ևս նշվում էր Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության մտահիգիչ փաստը։

Նրանք մտահոգված են այն այն երկարաժամկետ վնասով, որ «աննախադեպ մակարդակի հասած այս լարվածությունը կարող է ընդհանուր առմամբ հասցնել դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ շատ ցածր է»:

***

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից: Այն ստեղծվել է 1990-ին, Բեռլինի պատի փլուզումից հետո, երբ խիստ կարիք կար օգնելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին սահմանադրական բարեփոխումների մեջ: Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ հանձնաժողովի հանդիպումները տեղի են ունենում Իտալիայի Վենետիկ քաղաքում, որտեղ նստաշրջանները գումարվում են տարեկան չորս անգամ, այն անվանում են Վենետիկի հանձնաժողով:

#CivilNet #News